Եկամտաբեր ակտիվներ (доходные активы, активы, приносящие доход, earning assets). բանկի այն ակտիվները, որոնք բերում են եկամուտ տոկոսի կամ շահութաբաժինների տեսքով: Դրանք հիմնականում բանկի կողմից տրամադրված վարկերն են և արժեթղթերում կատարված ներդրումները: Անվանվում են նաև աշխատող ակտիվներ: Եկամտաբեր ակտիվներից է բանկը ստանում իր եկամուտների մեծ մասը: Եկամտաբեր ակտիվները պետք է տարբերել ոչ եկամտաբեր այնպիսի ակտիվներից, ինչպիսիք են կանխիկ դրամական միջոցները, կենտրոնական բանկում պարտադիր պահուստները: Կազմակերպության շենքը, որպես կանոն, եամտաբեր ակտիվ չէ, սակայն այլ անշարժ գույքում ներդրումները կարող են լինել այդպիսին, եթե այդ ակտիվը բերում է եկամուտ` վարձավճարի տեսքով: Տե’ս նաև` եկամտաբեր արժեթղթեր:
Եկամտաբեր արժեթղթեր (доходные ценные бумаги, income stock). արժեթուղթ կամ բաժնետոմսեր, որոնք ձեռք են բերվել, առաջին հերթին, կայուն և համեմատաբար բարձր եկամուտ ստանալու համար, որը կարելի ակնկալել դրանց գծով: Դրանք կարող են լինել հաստատագրված եկամտով պետական արժեթղթերը կամ ցանկացած սովորական (հասարակ) բաժնետոմս, որի մասին հայտնի է, որ այն ապահովում է լավ եկամուտ:
Եկամտի էֆեկտ. ազդեցություն, որն ունենում է արդյունքի գնի փոփոխությունը սպառողի իրական եկամտի (գնողունակության) վրա՝և համապատասխանաբար սպառողի կողմից գնվող ապրանքի քանակի վրա՝ հաշվի առնելով (կամ հաշվի չառնելով) փոխարինման էֆեկտը:
Եկամուտ (доход, income, revenue, gain). չափազանց շատ տարաշված, լայնորեն կիրառվող, միևնույն ժամանակ բազմանշանակ հասկացություն, որն օգտագործվում է տարբեր նշանակություններով: 1) բառի լայն իմաստով նշանակում է դրամական միջոցների ցանկացած ներհոսք կամ դրամական արժեք ունեցող նյութական արժեքներ, 2) որևէ գործունեությունից ստացվող դրամական գումարները և այլ արժեքները, 3) սեփականությունից ստացվող մուտքերը, օրինակ` ռենտան (վարձավճարը), շահութաբաժինները, տոկոսները և հեղինակային իրավունքը կամ արտոնագիրն օգտագործելու համար վճարները, 4) հողի կամ աշխատանքի օգտագործումից ստացված դրամական միջոցները, 5) տվյալ ժամանակաշրջանում մուտքերի գերազանցումը դրանց հետ կապված ծախսերին և վնասներին, 6) ավելի նեղ իմաստով եկամուտը նույնացվում է զուտ շահույթին, 7) հաշվապահական հաշվառման իմաստով կազմակերպության եկամուտը բնութագրվում է որպես նրա ակտիվների ավելացում կամ պարտավորությունների փոքրացում, որոնք հանգեցնում են սեփական կապիտալի մեծացման: Եկամտի հասկացության նման բնորոշում ընդունված է նաև ՀՀ հաշվապահական հաշվառման մասին օրենսդրությամբ:
Եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն (отчет одоходах и расходах, income-and-expenditure statement, income, statement). կազմակերպության կողմից կազմվող ֆինանսական հաշվետվություն, որն ամփոփ բնութագրում է հաշվետու ժամանակահատվածում (եռամսյակ, տարի) նրա գործունեության ֆինանսական արդյունքները: Այս հաշվետվության հետ անմիջականորեն կապված տարրերն են եկամուտները և ծախսերը: Եթե կազմակերպության եկամուտները գերազանցում են նրա ծախսերը, ապա նա աշխատում է շահույթով, հակառակ դեպքում, կազմակերպությունն աշխատում է վնասով: Մի շարք երկրներում անվանվում է շահույթների և վնասների մասին հաշվետվություն:
Եվրարժույթ (евровалюта, eurocurrency). 1) տարբեր երկրների ընկերությունների և կառավարությունների դրամական միջոցները, որոնք ավանդադրված են իրենց սեփական երկրի տարածքից դուրս գտնվող, գլխավորապես` եվրոպական երկրների, բանկերում: Այդ ավանդները եվրոպական երկրներից որևէ մեկի արժույթով է, որը, սակայն տվյալ երկրի ազգային արժույթը չէ: Օրինակ, ԱՄՆ դոլարները Ֆրանսիայի կամ Իտալիայի բանկերի հաշիվներում կոչվում են Եվրոդոլարներ, գերմանական մարկերը Շվեցյարիայի կամ Մեծ Բրիտանիայի բանկերի հաշիվներում` Եվրոմարկեր և այլն: Եվրարժույթներն օգտագործվում են վարկերի և փոխառությունների տրամադրման ու ստացման համար: Դրանով առևտրային բանկերն իրագործում են ավանդա-փոխատվական անկանխիկ գործառնություններ այդ արժույթները թողարկող երկրների սահմաններից դուրս: Հիմնական փոխառուները և վարկատուներն են առևտրային բանկերը, խոշոր ընկերությունները և կենտրոնական բանկերը, 2) թողարկող երկրի սահմաններից դուրս գործածություն ունեցող առանձին երկրների ազգային արժույթները, որոնցով գործառնությունները կատարում են օտարերկրյա բանկերը` զգալի մասշտաբներով:
Եվրարժույթի շուկա (рынок евровалюты, евровалютный рынок, eurocurrency market). փոխատվական կապիտալների միջազգային շուկա, որտեղ գործառնություններ են կատարվում եվրարժույթով: Հիմնվում է վարկային գործառնությունների վրա, որոնք կատարվում են ազգային արժույթի հետ՝ իր ծագած երկրի սահմաններից դուրս: Վարկային գործունեության հիմքում ընկած են Եվրարժույթի ավանդները (դեպոզիտները): Եվրարժույթի շուկան սկսել է ձևավորվել 50-ական թվականների կեսերին և ներառում է դրամական, միջին ժամկետ և կարճաժամկետ վարկերի և պարտատոմսերի շուկաները: Հիմնական փոխառուները և վարկատուներն են առևտրային բանկերը, խոշոր ընկերությունները և կենտրոնական բանկերը: Ընդգրկում է բոլոր առաջատար միջազգային ֆինանսական կենտրոնները: Ներգրավելով եվրարժույթով միջոցներ, հաջողվում է հասնել ավելի շահավետ պայմանների և տոկոսադրույքների, իսկ երբեմն էլ` խուսափել ազգային կարգավորումից և հարկումից: Եվրարժույթի շուկան հաճախ հնարավորություն է տալիս ստանալու էժան և իրացվելի միջոցների հարմար ձև` միջազգային առևտուրը և օտարերկրյա ներդրումները ֆինանսավորելու համար: Մի երկրի ռեզիդենտները դրամը տեղափոխում են մեկ այլ երկրի բանկի հաշիվներ` ավելի բարձր տոկոսադրույք ստանալու նպատակով: Ժամկետային բնույթի Եվրարժույթի դեպոզիտները կարող են ավանդային սերտիֆիկատների ձևով մի տիրոջից անցնել մյուսին: Նրանք ներկայացնում են դրամական ավանդների ստացման բանկային ստացագրեր, որոնք պայմանավորված ժամանակաշրջանում դուրս հանման ենթակա չեն: Սերտիֆիկատը տոկոս է բերում, ընդ որում, ավանդատուն կարող է վաճառել շուկայում և դրամը ստանալ մինչև սերտիֆիկատի ժամկետը լրանալը: Սերտիֆիկատը դառնում է գործարքի առարկա: Եվրոբանկերը, որոշ չափով բարձարցնելով տոկոսի մեծությունը, ավանդների իրավունքը զիջում են միմյանց: Գործարքը կնքվում է կարճ ժամկետով (1-3 ամիս): Ներգրավելով կարճաժամկետ միջոցներ, եվրոբանկերը դրանք փոխակերպում են միջին ժամկետայինի, օգտագործելով ավանդային սերտիֆիկատները և նորացվող վարկերը:
Եվրարժույթով դեպոզիտներ՝ եվրոդեպոզիտ (депозиты в евровалюте, eurocurrency deposits). այլ արժույթով արտահայտված դեպոզիտը, որը տարբեր է այն երկրիազգային արժույթից, որտեղ գտնվում է դեպոզիտ ընդունող բանկը, օրինակ` եվրարժույթի շուկայում գործառնություններ իրականացնելիս:
Եվրո (евро, euro). Եվրամիության երկրների միասնական արժույթը: ԵՎՐՈ-ի զամբյուղի մեջ մտնում են գերմանական մարկը, ֆրանսիական ֆրանկը, հոլանդական գուլդենը, իտալական լիրան, բելգիական ֆրանկը, իռլանդական ֆունտը, իսպանական պեսետան, ավստրիական շիլինգը, պորտուգալական էսկուդոն, լյուքսեմբուրգյան ֆրանկը, ֆիննական մարկը և հունական դրահման: ՀՀ բանկային օրենսդրությամբ ԵՎՐՈ-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին են հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը և ավստրալիական դոլարը: ԵՎՐՈ-ն գործադրվեց երեք փուլով: Առաջին փուլում, որը տևեց 1990թ. հուլիսի 1-ից մինչև 1994թ. հունվարի 1-ը, ազատականեցվեց դրամական միջոցների հոսքը Եվրամիության երկրների միջև, ամրապնդվեց կենտրոնական բանկերի համագործակցությամբ և կատարվեց տնտեսությունների ընդհանուր մերձեցում: Երկրորդ փուլում, Մաաստիխտի համաձայնագրի շրջանակներում ավելի խստորեն համակարգվեց երկրների տնտեսական և դրամական քաղաքականությունը, ստեղծվեց Եվրոպայի կենտրոնական բանկի նախատիպը` Եվրոպայի արժույթի հաստատությունը: Երրորդ փուլում, որն սկսվեց 1999թ. հունվարի 1-ից, մտցվեց նախ անկանխիկ գործառնություններում, իսկ 2002թ.-ից` նաև միասնական թղթադրամներն ու մետաղադրամները:
Եվրոդոլարներ (евродоллары, eurodollars). ԱՄՆ դոլարով դրամական միջոցները, որոնք դրանց տերերի կողմից ավանդադրվել են ԱՄՆ-ի տարածքից դուրս գտնվող, գլխավորապես` եվրոպական երկրների բանկերում: Դոլարով բանկային հաշիվները թույլ են տալիս այն բանկերին, որոնցում բացված են այդ հաշիվները, դոլարներն օգտագործել միջազգային առևտրական գործառնությունների կարճաժամկետ ֆինանսավորման համար, քանի որ դոլարն ընդունված է որպես համաշխարհային արժույթ: Համարվում են բանկերի համար կարճաժամկետ վարկային ռեսուրսներ բարձր արդյունավետ աղբյուրներ: Որոշ արժեթղթեր թողարկվում են եվրադոլարներով, այսինքն` դրանց տոկոսները վճարվում են օտարերկրյա բանկերի հաշիվներում ավանդադրված դոլարներով: Եվրադոլարի շուկան առաջացավ Լոնդոնում 1950-ական թվականների վերջերին, երբ միջազգային առևտրի ֆինանսավորման և օտարերկրյա ներդրումների համար դոլարի նկատմամբ աճող պահանջարկը համընկավ դոլարի ուժեղացող ներհոսքի հետ: Այդ ժամանակներից ի վեր եվրոդոլարի հասկացությունը կրել է զգալի փոփոխություններ: Ներկայումս այս հասկացությունը կիրառվում է ԱՄՆ-ից դուրս գտնվող բոլոր բանկերի դոլարային ավանդների նկատմամբ: Միջազգային արժութային համակարգի կարևոր և բարձր օպերատիվություն ունեցող մասն է: Տե’ս նաև` եվրարժույթ:
Եվրոշուկա (еврорынок, euromarket). 1) փոխատվական կապիտալների միջազգային շուկա, որտեղ գործառնություններն իրականացվում են գլխավորապես եվրարժույթով և եվրոպարտատոմսերով: Ստեղծվել է Եվրոպայում 50-ական թվականներին` միջազգային առևտուրը ֆինանսավորելու համար: Ընդգրկում է միջազգային դրամական և կապիտալի շուկաների մի ամբողջ ասպեկտ: Ներառում է բոլոր համաշխարհային ֆինանսական կենտրոնները, որտեղ կատարվում են եվրարժույթով գործառնություններ: Շուկայի հիմնական մասնակիցներն են առևտրային բանկերը, խոշոր ընկերությունները և Եվրոմիության-անդամ կենտրոնական բանկերը: Եվրոշուկայում որպես փոխատուներ հանդես են գալիս առավելապես մասնավոր առևտրային բանկերը, իսկ փոխառուների դերում` միջազգային կորպորացիաները և այն պետությունները, որոնք ունեն արտարժույթի կարիք: Գործառնությունները կատարվում են կարճաժամկետ (մինչև 18 ամիս) վարկերի տեսքով: 1960թ. շրջանառության մեջ մտան եվրոդոլարային ավանդային սերտիֆիկատները: Եվրոշուկայի հնարավորությունները մեծացան եվրովարկերի հայտնվելով: Բացի վարկերից, եվրոշուկան ներկայանում է եվրոպարտատոմսերի փոխառություններով գործառնություններով, եվրարժույթի արժեթղթերով ֆյուչերսային գործարքներով: Եվրոշուկան ընդունված է ստորաբաժանել եվրարժույթի, եվրովարկի և եվրոկապիտալների շուկաների: Ազգային շուկաներից եվրոշուկայի ոչ պակաս կարևոր տարբերությունն այն է, որ նա սովորաբար թույլ է տալիս շրջանցել "աղբյուրի մոտ հարկը": Խոշորագույն եվրոշուկան Լոնդոնում է, մասշտաբներով ավելի փոքր շուկաները տեղաբաշխված են Փարիզում, Բրյուսելում և Ֆրանկֆուրտում, 2) Եվրոպական համագործակցությունը, որը դիտարկվում է որպես ապրանքների միասնական խոշոր շուկա:
Եվրոչեկ (еврочек, eurocheque). չեկեր, որոնք վճարման են ընդունվում 1968թ. ստեղծված §Եվրեչեկ¦ եվրոպական բանկային համակարգի մասնակից երկրներում: Եվրոչեկերը դուրս են գրվում եվրոպական 39 երկրներից մեկի բանկերից որևէ մեկի վրա և արտասահման մեկնող որոշակի պետությունների քաղաքացիներին հնարավորություն են տալիս կանխիկ գումար ստանալու աշխարհի ամեն մի բանկում կամ փոխանակման կետում (ներկայումս հաշվվում են ավելի, քան 200.000 այդպիսի կետեր), որը կրում է §EC¦ նշանը: Չեկը կարող է որպես վճարամիջոց օգտագործվել §EC¦ նշանն ունեցող խանութներում, հյուրանոցներում, ռեստորաններում և այլուր (ավելի, քան 4 մլն կետ)ª ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար: Չեկը առանց ապահովվածության (բլանկային) է և կարող է դուրս գրվել պահանջվող ցանկացած գումարով, որպես կանոն, տեղական արժույթով: Այն պետք է օգտագործվի եվրոչեկի քարտի հետ միասին, որը երաշխավորում է չեկով վճարումը մինչև 100 ֆ.ստ. գումարով: Եվրոչեկերը տիրոջը տրվում են բանկի կողմից առանց նախնական դրամական վճար գանձելու: Ի տարբերություն ճանապարհային չեկերի, այս չեկերը վճարվում են բանկային վարկի հաշվին, որը տրամադրվում է մինչև մեկ ամիս ժամկետով:
Եվրոպարտատոմս (еврооблигация, eurobond). արժեթղթերի տարատեսակ` կտրոնային պարտատոմսերի տեսքով, որոնց անվանական արժեքն արտահայտված է եվրարժույթով` դրանք թողարկող երկրի արժույթից տարբեր արժույթով: Եվրոպարտատոմսերի շուկան ծագել է 70-ական թվականների սկզբին, դրանց թողարկումն իրականցնում էին խոշոր միջազգային բանկերը` Եվրոպայում վաճառելու և եվրոշուկայում երկարաժամկետ փոխառություններ ստանալու նպատակով: Մի շարք երկրներում եվրոպարտատոմսերի երաշխավորումը և տեղաբաշխումը սովորաբար իրականացվում են միջազգային բանկային սինդիկատի կողմից: Նոր եվրոպարտատոմսերի թողարկումները սովորաբար տեղի են ունենում Լոնդոնում` ամերիկյան և ճապոնական ներդրումային բանկերի սինդիկատների միջնորդության պայմաններում: Եվրոպարտատոմսերի շուկայի հանրաճանաչության պատճառն այն է, որ երկրորդային շուկայում գործող ներդրողները կարող են անանուն մնալ և այդ գործառնություններից հարկեր չվճարել: Այդ պատճառով էլ շատ դժվար է ճշգրիտ որոշել այս շուկայի չափերը և ընդգրկման ոլորտը: Եվրոպարտատոմսերը, ի տարբերություն ֆոնդային բորսաների մեծ մասում գրանցման բաժնետոմսերի, ըստ ներկայացնողի արժեթղթեր են, իսկ դրանց տոկոսները չեն հարկվում որևէ հարկով` նվազեցումների միջոցով: Գոյություն ունեն տարբեր տեսակի եվրոպարտատոմսեր: Սովարական պարտատոմսը, որը կոչվում է "ուղղակի պարտատոմս", իրենից ներկայացնում է հաստատագրված տոկոսադրույքով 3-ից մինչև 8 տարի շրջանառության ժամկետով պարտատոմս, մյուս տեսակներից են լողացող տոկոսադրույքով պարտատոմսերը, որոնց տոկոսադրույքը փոփոխվում է` կախված ԼԻԲՈՌ-ից, և "հավերժական" պարտատոմսերը, որոնց մարման ժամկետը ամրագրված չէ: Թողարկվում են նաև այնպիսի եվրոպարտատոմսեր, որոնք կարող են փոխարկվել բաետոմսի կամ ունեն ընկերության բաժնետոմսերը գնելու երաշխիք: Դա նշանակում է, որ պարտատոմսի տիրոջը ընձեռվում է որոշակի ժամանակի ընթացքում պայմանավորված գնով լրացուցիչ պարտատոմսեր կամ բաժնետոմսեր գնելու հնարավորություն: Հաճախ թողարկվում են երկարժույթ տաբերակով` մի արժույթը մյուսին փոխարկելու իրավունքով:
Եվրոպական համագործակցություն (ԵՀ կամ Եվրամիություն) (Европейское сообщество, European Community (EC)). Եվրոպական միություն՝ (Եվրոմիություն) բաղկացուցիչ մասը, որը մինչև 1993թ. նոյեմբերը անվանվում էր Եվրոպական տնտեսական համագործակցություն: Ստեղծվել է 1957թ. Քարածխի և պողպատի եվրոպական միավորման 6 անդամ-երկրների` Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների և Ֆրանսիայի միջև Հռոմում կնքված պայմանագրի հիման վրա` նրա անդամների միջև առևտրի և տնտեսական համագործակցության նպատակով: 1973թ. Համագործակցությանը միացան Դանիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան, անդամներ դարձան` ը Դրա հետ միաժամանակ ստեղծվեց Ատոմային էներգիայի եվրոպական համագործակցությունը: 1967թ. այս երեք համագործակցությունների ղեկավար մարմինները միավորվեցին Եվրոպական համագործակցությունների հանձնաժողում և Եվրոպական համագործակցությունների խորհրդում: Սերտորեն փոխգործել են հենց սկզբից, իսկ 1967թ. ունեն ընդհանուր ղեկավար մարմիններ և միասնական բյուջե: Ռազմավարությունը և հիմնական քաղաքականությունը ձևավորում են անդամ-երկրների կառավարությունները, որոնք գործում են ԵՀ նախարարների խորհրդի (մեկ ձայն ունեցող մեկ ներկայացուցիչ յուրաքանչյուր երկրից) և եվրախորհրդարանի միջոցով: Գոյություն ունեն ԵՀ կառավարման բազմաթիվ մարմիններ և գործակալություններ: Օրինակ՝ նախարարների խորհուրդը, որն իրավունք ունի որոշումներ ընդունել ԵՀ գործունեության հիմնական հարցերի վերաբերյալ և նրա անունից կնքել միջազգային համաձայնագրեր, ԵՀ հանձնաժողովը, որը վարչական մարմին է և օժտված է լայն լիազորություններով, պատրաստում է առաջարկություններ խորհրդի համար, հսկում է նրա որոշումների կատարումը, կառավարում և համակարգում ֆինանսները, ԵՀ դատարանը, որը անդամ-երկրների միջազգային իրավական մարմին է, ամենից առաջ ապահովում է ԵՀ-ում ընդունված կանոնների և մեկնաբանությունների միատեսակությունը և կարգավորում դրանց կիրառման հետ կապված վեճերն ու բողոքները: ԵՀ հիմնական նպատակն է անդամ-երկրների տնտեսական սերտ միավորումը (ինտեգրացումը), դրամական միջոցների և մարդկանց ազատ հոսքի ապահովումը, ընդհանուր դրամի (եվրո) և ընդհանուր ազատ շուկայի ստեղծումը և այլն: Օգտագործվում է համատեղ հաշվարկային արժույթ՝ էքյու, գործում է Եվրարժույթի համակարգը: 1985թ. ԵՀ անդամ երկրներն ընդունեցին Միասնական եվրոպական ակտ, որով, մասնավորապես, նախատեսվում է վերացնել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի մնացած արգելքները, մաքսային ձևականությունները: 1992թ.-ից ԵՀ-ն անվանվում է` տնտեսական միություն: որն ընդգրկում է 12 արևմտաեվրոպական երկրներ (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Դանիա, Գերմանիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Պորտուգալիա և Ֆրանսիա), որոնք իրականացնում են իրենց տնտեսությունների ինտեգրացիա:
Եվրոպական ներդրումային բանկ (Европейский инвестиционный банк, European Investment Bank (EIB)). հիմնվել է 1958 թ. Հռոմի պայմանագրով, որպես Եվրոպական տնտեսական համագործակցության ֆինանսական ինստիտուտ: Մասնակցում է համագործակցության ներսում մի քանի երկրների համար նշանակություն ունեցող նախագծերի, ինչպես նաև Եվրոպայի հետամնաց տարածաշրջանների զարգացման ֆինանսավորմանը՝ երկարաժամկետ վարկեր տրամադրելու միջոցով: Կառավարիչների խորհրդում մասնակից երկիրների ֆինանսների նախարարներն են: Եվրոպական համագործակցության 12 անդամ-երկրները 1997թ. բանկի կանոնադրական կապիտալին ուղղել են մոտ 28 մլրդ ԷՔՅՈՒ, սակայն միջոցների մեծ մասը բանկը փոխ է առնում միջազգային ֆինանսական շուկաներից: Բանկը ոչ շահութաբեր կազմակերպություն է և տրամադրվող վարկերի դիմաց վերցնում է այնպիսի տոկոս, որը մոտ է իր կողմից փոխառված միջոցների տոկոսին: Բանկի կենտրոնատեղին գտնվում է Լյուքսեմբուրգում:
Եվրովարկ (еврокркдит, eurocredit). մի երկրում, սակայն մեկ այլ երկրի արժույթով տրամադրվող վարկը: Եվրովարկերը իրենցից ներկայացնում են միջազգային փոխատվություններ, որոնք առևտրային բանկերը տրամադրում են եվրարժույթի շուկայի ռեսուրսների հաշվին, որպես կանոն, երկարատև ժամկետով լողացող տոկոսադրույքներով:
Երաշխավորություն (поручительство, suretyship). պարտավորության կատարման ապահովման եղանակ: Իրենից ներկայացնում է պայմանագիր, ըստ որի երաշխավորը ստանձնում է այլ անձի պարտատիրոջ առջև պատասխանատվություն այն բանի համար, որ այդ պարտատիրոջ պարտապանը կկատարի պարտք վերադարձնելու պարտավորությունը: Եթե պարտապանը չի կատարում պարտատիրոջ հանդեպ ստանձնած իր պարտավորությունները, ապա երաշխավորը պատասխանտվություն է կրում պարտապանի հետ միասին (համապարտ պատասխանտվություն): Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության, երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Երաշխավորության պայամանագիրը կնքվում է գրավոր: Այն կարող է կնքվել նաև ապագայում ծագելիք պարտավորության ապահովման համար: Երաշխավորը պարտապանին մատուցած ծառայությունների համար ունի վարձատրության իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Երաշխավորում (անդերրայթինգ) (андеррайтинг, андеррайстер, underwriting, underwriter). ֆինանսական կազմակերպության (առևտրային բանկի, ապահովագրական ընկերության և այլն) կողմից պայմանավորված վարձատրության դիմաց որևէ գործառնության ֆինանսական ռիսկն իր վրա վերցնելը: 1) արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման երաշխավորված տեղաբաշխում, ներդրումային ընկերությունների, բանկերի և խոշոր բրոքերային ֆիրմաների կողմից նոր թողարկված արժեթղթերը առաջնային շուկայում տեղաբաշխելու տարածված մեթոդ: Հնարավոր են անդերրայթինգի հետևյալ պայմանները՝ ա) անդերրայթերը՝ ներդրումային ընկերությունը թողարկողից գնում է արժեթղթերի ամբողջ թողարկումը՝ հաստատագրված գնով և այն վերավաճառում է այլ ներդրողներին, բ) ներդրումային ընկերությունը պարտավորվում է թողարկողից գնել արժեթղթերի չտեղաբաշխված թողարկումը, գ) ներդրումային ընկերությունը պարտավորվում է ներդնել բոլոր ջանքերը՝ արժեթղթերի թողարկման ուղղությամբ՝ առանց իր վրա վերցնելու դրանց չտեղաբաշխված մասի գծով պարտավորություն, 2) արժեթղթերի տեղաբաշխման վերաբերյալ երաշխավորի և թողարկողի միջև պայմանագիր, 3) ապահովագրություն. ռիսկի գնահատումը, ապահովագրության պայմանների կնքումը և կատարումը:
Երաշխիք (гарантия, guarantee, warranty). պարտավորության կատարման ապահովման եղանակ, որևէ անձի փոխարեն դրամական կամ գույքային պարտավորությունները կատարելու խոստումը: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության, երաշխիքով երաշիք տրված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար՝ վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս: Երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցիպալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատարումը: Երաշխիք տալու համար պրինցիպալը երաշխիքը տված անձին վճարում է պայմանավորված վարձատրությունը: Բենեֆիցիարի հանդեպ երաշխիք տված անձի՝ երաշխիքով նախատեսված պարտավորությունն ինքնուրույն է և անկախ հիմնական պարտավորությունից, որի կատարման ապահովման համար այն տրվել է: Եթե երաշխիքով այլ բան նախատեսված չէ, ապա՝ ա) երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից, բ) երաշխիք տված անձի հանդեպ բենեֆիցիարին երաշխիքով պատկանող պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, գ) երաշխիքն ուժի մեջ է մտնում այն տալու օրվանից:
Երաշխիքային նամակ (гарантийное письмо, guarantee letter). փաստաթուղթ, որի համաձայն տվյալ անձը (երաշխավորը) իր վրա ստանձնում է որոշակի պարտավորություններ, որոնք կարող են իրականացվել նամակով՝ պայմանավորված պայմանները վրա հասնելու դեպքում: Օրինակ, երաշխիքային նամակով Ա անձը երաշխավորում է Բ անձին, որ ինքը պարտավորվում է սահմանված ժամկետում և սահմանված գումարով վճարել Բ անձի կողմից նրան ուղարկված ապրանքը: Երաշխիքային նամակը կարող է տալ նաև երրորդ անձը: Օրինակ, Գ անձը կարող է Բ անձին տալ երաշխիքային պարտավորություն այն մասին, որ Ա անձը, որը դրամ է պարտք վերցրել Բ անձից, այդ դրամը կվերադարձնի ժամկետին: Իսկ եթե Ա-ն դրամը չի վերադարձնում Բ անձին, ապա պարտքը պարտավոր է մարել Գ անձը, որը երաշխավորել է Ա անձի համար:
Երկաստիճան արտարժույթային շուկաներ (двухярусные валютные рынки, two-tier markets). արտարժույթի կարգավորման կրկնակի համակարգով և կրկնակի փոխարժեքով շուկաներ (օրինակ բելգիական ֆրանկը ընթացիկ հաշվի և կապիտալի շարժի հետ կապված գործանությունների գծով): Արտարժութային նման ռիժիմը երկրի տնտեսությունը պահպանում է վճարային հաշվեկշռի միջոցով՝ կապիտալների ներհոսքի բացասական ազդեցությունից, և միաժամանակ պահպանվում է ընթացիկ հաշվի վճարումներով անցնող գործառնությունների արտարժույթի կայուն փոխարժեքը:
Երկարաժամկետ ակտիվներ (долгосрочные активы, long-term assets). ակտիվներ, որոնք ունեն մեկ տարուց ավելի ծառայության ժամկետ, օգտագործվում են արտադրական գործընթացում և նախատեսված չեն հաշվետու ժամանակաշրջանում վաճառելու համար:
Երկարաժամկետ պարտավորություններ (долгосрочные обязательства, fixed liabilities, long-term liabilities). բոլոր պարտավորությունները, պարտքային հանձնառությունները, որոնց մարման ժամկետը վրա չի հասնում հաջորդ ֆինանսական տարում: Դրանք ունեն մեկ տարուց ավելի մարման ժամկետ: Որոշ հանգամանքներում երկարաժամկետ կարող են դիտվել այն պարտավորությունները, որոնք ենթակա են վճարման հաջորդ երեք, հնարավոր է նաև՝ տաս տարիների ընթացքում: Օրինակ, ԱՄՆ-ի բանկերի կողմից հայտարարված երկարաժամկետ պարտավորությունները օտարերկրյա քաղաքացիների և կազմակերպությունների երկարաժամկետ (մեկ տարուց ավելի ժամկետով) ավանդներն են ԱՄՆ-ի բանկերում: Այդ պարտավորությունները մասամբ իրենցից ներկայացնում են ամերիկյան ներմուծման և ԱՄՆ-ում արտադրության ընդլայնման ֆինանսավորման համար ավանդներ: Հանդիպական պարտավորությունները (ամերիկյան բանկերի հանդեպ) անվանում են երկարաժամկետ պարտքեր, որոնք հայտարարվել են ԱՄՆ բանկերի կողմից:
Երկարաժամկետ պարտքի ծածկման գործակից (коэффициент покрытия долгосрочной задолженности, long-term debt cover ratio). ցուցանիշ, որը բնութագրում է ընկերության պարտքային կախվածության աստիճանը: Հաշվարկվում է մինչև հարկերի և տոկոսների վճարումը շահույթը հարաբերելով տոկոսների վճարման ծախսերին` գումարած պարտքի հիմնական գումարի մարմանն ուղղված վճարումները` ճշգրտված նրանով, որ պարտքի հիմնական գումարի մարմանն հաշվին վճարումները չեն հանվում հարկվող շահույթից:
Երկարաժամկետ ստորադաս փոխառություն (долгосрочные субординированные заемы, long-term subortinated debts). բանկի լրացուցիչ կապիտալի տարր: Համաձայն ՀՀ բանկային օրենսդրության, բանկի կողմից ստացված փոխառությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն, եթե՝ ա) տվյալ փոխառությունն ստացվել է բանկի չապահովված արժեթղթերի (պարտատոմսերի) բաց կամ փակ տեղաբաշխման արդյունքում, բ) ըստ գործարքի պայմանների տվյալ փոխառությունը՝ տրամադրվել է 5 տարի կամ ավելի ժամկետով, ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բանկի լուծարման կամ վերակազմավորման դեպքում ստորադաս է բանկի բոլոր այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ բաժնետերերի (փայատերերի) նկատմամբ բանկի ունեցած պարտավորությունների, չի տրամադրվել բանկի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց (գրավ), գ) բանկը տվյալ փոխառության դիմաց պարտավոր է հատուցում վճարել միայն այն դեպքում, եթե բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը գերազանցում է նման հատուցումը վճարելու պահին բանկի կրած կորուստները (վնասներն ու ծախսերը) և միայն դրանց տարբերությունը չգերազանցող գումարի սահմաններում, դ) բանկը տվյալ փոխառության դիմաց հատուցում վճարելու պարտավորությունից ազատվում է, եթե տվյալ հատուցումը վճարելը կհանգեցնի կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվների խախտմանը, ե) մինչև փոխառության (արժեթղթերի) սահմանված մարման ժամկետը բանկը չի պարտավորվել վաղաժամկետ մարել կամ փաստացի չի մարել փոխառության որևէ մասը, զ) փոխառությունը տրամադրող անձը կամ արժեթղթերի որևէ տիրապետող (ըստ ներկայացնողի արժեթղթերի դեպքում), սեփականատեր (անվանական արժեթղթերի դեպքում) կամ նրանց կողմից լիազորված անձը տվյալ բանկի կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու իրավունք ձեռք չի բերում կամ փաստացի չի մասնակցում:
Երկարաժամկետ վարկ (долгосрочный кредит, long-term loan). վարկ, որը տրամադրվում է մեկ տարուց ավելի (իսկ որոշ դասակարգմամբ՝ 5 տարուց ավելի) ժամկետով: Երբեմն դրանից առանձնացվում է միջին ժամկետ վարկը (1-ից մինչև 5 տարի ժամկետով): Երկարաժամկետ վարկավորման առավել տիպային ձևերն են բաժնետոմսերի և պարտատոմսերի տեղաբաշխումը և ուղղակի բանկային փոխատվությունները: Երկարաժամկետ վարկը, որպես կանոն, տրամադրվում է հաստատագրված ակտիվների (հիմնական միջոցների) ձեռք բերման համար:
Երկարաձգված (пролонгированный, extended). 1) պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգումը այն ժամկետից ավելի, որը նախատեսվել է դրա կնքման ժամանակ: Պայմանագրի երկարաձգումը կատարվում է երկու ճանապարհով՝ ա) որոշակի ժամկետով պայմանագիրը երկարաձգելու մասին հատուկ (լրացուցիչ) համաձայնագիր կնքելու, բ) պայմանագրի տեքստում դրա գործողության ժամկետի երկարաձգման մասին պայման մտցնելու ձևով, 2) վճարման նախապես սահմանված ժամկետը վրա հասնելուց հետո պարտքը վճարելու համար լրացուցիչ ժամանակաշրջանի տրամադրում: Օրինակ, մուրհակի վճարման ժամկետի երկարաձգումը:
Երկարաձգում (ռոլովեր) (ролл-овер, возобнавление, roll-over). 1) վարկի կամ փոխառության ժամկետի երկարաձգումը՝ դրա վերականգնման (վերսկսման) միջոցով կատարվում է վարկի տեխնիկական մարում՝ միաժամանակ նոր վարկի (այդ թվում նոր պայմաններով) տրամադրումով: Երկարաձգումը հաճախ օգտագործվում է "փուչիկ" տեսակի վարկերի (որոնց գծով մինչև ժամկետը լրանալիս՝ միանվագ խոշոր վճարում) գծով վճարման ժամկետը ավելի ուշ տեղափոխելու համար, 2) միջին և երկարաժամկետ վարկերի տարատեսակ, որոնք տրամադրվում են լողացող տոկոսադրույքով: Երկարաձգման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարկային պայմանագրի (համաձայնագրի) մասնակիցների միջև վարկի ընդհանուր ժամկետի համաձայնեցման պայմաններում դրա օգտագործման ժամանակաշրջանը բաժանվում է ժամանակահատվածների (սովորաբար 3 ժամ 6 ամիս), որոնցից յուրաքանչյուրի համար տոկոսադրույքը սահմանվում է նորից, ելնելով կարճաժամկետ կապիտալների շուկայի իրավիճակից, որտեղ, որպես կանոն, վերաֆինանսավորվում են երկարաձգումները: Երկարաձգման ի հայտ գալը, մի կողմից, կապված է տեսական ժամկետով վարկերի նկատմամբ պահանջարկի ավելացման, իսկ մյուս կողմից՝ վարկերի կորստյան ռիսկը բարձրացնող տոկոսադրույքների և արտարժույթի փոխարժեքների ուժեղացման հետ, 3) միջոցների փոխադրումը ներդրումների մի ձևից դեպի մեկ այլ ձև, 4) ժամկետային ավանդ կամ ավանդային սերտիֆիկատ, որը ժամկետը լրանալուց հետո նորացվում է տվյալ պահին ձևավորված տոկոսադրույքով, 5) արտարժույթի առքը և վաճառքը մեկ օրում:
Երկար դիրք (длинная позиция, long position). բաց դիրք, որի դեպքում նկատվում է գնումների գերազանցում վաճառքների հանդեպ, որը հանգեցնում է գների բարձրացման: Ապրանքների, արժեթղթերի կամ արտարժույթի առքուվաժառքով զբաղվող բրոքերները և շուկայաստեղծները որոշակի ապրանքից ավելի քիչ են վաճառում, քան գնում են:
Երկմակարդակ բանկային համակարգ (двухуровневая банковская система, dual banking system). 1) ԱՄՆ-ում "ազգային" բանկերը, որոնք գրանցվում և վերահսկվում են համաերկրային (ֆեդերալ) իշխանությունների կողմից և "նահանգային" բանկերը, որոնք գրանցվում և վերահսկվում են նահանգների իշխանությունների կողմից: Համանման համակարգ գոյություն ունի նաև փոխատվա-խնայողական ասոցիացիաների, վարկային միությունների և փոխադարձ խնայողական բանկերի համար, 2) բանկային համակարգ, որի առաջին մակարդակում գտնվում է կենտրոնական բանկը, իսկ երկրորդում` առևտրային բանկերի և այլ հաշվարկա-վարկային հիմնարկությունների ցանցը:
Երկմակարդակ շուկա (двухуровневый рынок, two-tier market). արժույթի շուկա, որն ունի երկու դրույք (սովորաբար մեկը զբոսաշրջիկների, մյուսը՝ գործարար դրույքը` գործարարության համար):
Երկրի ռիսկ (страновой риск, country risk). այն բանի վտանգը, որ արտերկրյա կառավարությունը կհրաժարվի սպասարկել կամ մարել պարտքը, կատարել այլ պարտավորությունները՝ ազգային քաղաքականության փոփոխության հետևանքով: Ռիսկ, կապված է ամբողջ պետության ֆինանսական դրության, բոլոր տնտեսական գործակալների (ներառյալ կառավարությունը) կամ նրանց մեծ մասի կողմից արտաքին վճարումները դադարացնելու հնարավորության հետ:
Երկրորդային բանկային պահուստ (вторичный банковский резерв, secondary bank reserve). բարձր հուսալի արժեթղթեր, որոնք հեշտությամբ կարող են փոխարկվել դրամական միջոցների:
Երկրորդային (լրացուցիչ) կապիտալ (вторичный (дополнительный) капитал, secondary (additional) capital, tair 2). բանկի ընդհանուր կապիտալի մի մասը: Համաձայն ՀՀ բանկային օրենսդրության, երկրորդային կապիտալը ներառում է՝ ա) հիմնական միջոցների վերագնահատման պահուստը, ընդ որում հիմնական միջոցների արդյունքների դրական լինելու դեպքում, լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում են միայն բանկի գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքների և շինությունների վերագնահատման մասով, բ) հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստը, գ) այլ պահուստները (օրինակ ԱՄՆ-ում որոշակի սահմանափակումներով լրացուցիչ կապիտալի տարր է հանդիսանում նաև վատորակ վարկերի հնարավոր կորուստների պահուստաֆոնդը), դ) երկարաժամկետ ստորադաս փոխառությունները՝ այն բանկերի համար, որոնց կանոնադրական հիմնադրամը գերազանցում է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք մեծությունը, ընդ որում երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից հանվում են՝ դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսանական տոկոսի չափով: Կարգավորման նպատակով կապիտալի հաշվարկում երկրորդային կապիտալն ընդգրկվում է ոչ ավել, քան հիմնական կապիտալի 50%-ի չափով:
Երկրորդային շուկա (вторичный рынок, secondary market). 1) նախկինում թողարկված արժեթղթերի շրջանառությունը, արժեթղթի գոյության ողջ ժամանակահատվածում նրա առք ու վաճառքի կամ արժեթղթի մի սեփականատիրոջից մյուսին այլ միջոցներով փոխանցման գործողությունների համախումբը: Այլ կերպ ասած, շուկա, որտեղ շրջանառվում են արդեն գոյություն ունեցող արժեթղթերը, ի տարբերություն առաջնային շուկայի, որտեղ արժեթղթերը վաճառքի են հանվում առաջին անգամ: Այս շուկայում արժեթղթերի առուծախի գործառնությունները կատարվում են սկզբնական պարտատեր չհանդիսացող անձանց և փոխատուների միջև: Որպես վաճառողներ հանդես են գալիս ոչ թե "սկզբնական" փոխառուները, այլ պարտատերերը, որոնք նախօրոք ձեք են բերել նշված պարտավորությունները: Այդպիսի վաճառքից միջոցներն անցնում են արժեթղթերի տիրոջը (ներդրողին), և ոչ թե այն թողարկած կազմակերպությանը: Երկրորդային շուկայի դերը հիմնականում կատարում է արժեթղթերի բորսան, քանի որ նոր թողարկումները կազմում են նրա շրջանառության միայն մի փոքր մասը: Երկրորդային շուկան է ապահովում արժեթղթերի իրացվելիությունը և ռիսկերի բաշխումը, ինչպես նաև ստեղծում պայմաններ առաջնային շուկայի բնականոն գործունեության համար, 2) վաճառքի կամ վերավաճառքի գծով ապրանքային գործարքներ, որոնք կատարվում են միջնորդի, և ոչ թե սկզբնական վաճառողի միջոցով, 3) շուկա, որտեղ ազատ շրջանառվող դրամական շուկայի գործիքները դիլերների կողմից վաճառվում են նոր ներդրողներին: