Գլխավոր »
Բլոգեր »
Մտորումներ » Հրաշք Աղջիկ
Հրաշք Աղջիկ
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառագայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...
Վահան Տերյան, 1906
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
9710
| 5.0 /1
| բանաստեղծություն , հրաշք , ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[
ԳՐԱՆՑՎԵԼ |
ՄՈՒՏՔ ]