Ավտոտեխնիկական փորձաքննությունն իրենից ներկայացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների յուրաքանչյուր ասպեկտի գիտա-տեխնիկական համալիր հետազոտություն, որն անցկացվում է անձանց կողմից, ովքեր ունեն հատուկ գիտելիքներ գիտության, տեխնիկայի կամ արհեստի բնագավառում: Փորձաքննությունը պահանջում է գիտության տարբեր բնագավառների գիտելիքների կիրառում` իրավագիտություն, քրեագիտություն, բժշկություն, հոգեֆիզիոլոգիա, տրանսպորտային միջոցների տեսություն, տրանսպորտային միջոցների պատրաստման տեխնոլոգիա, սպասարկում և նորոգում, ճանապարհների կառուցում և սպասարկում, ճանապարհային անվտանգության ապահովում և այլն:
Ավտոտեխնիկական փորձաքննության նպատակն է գիտական հիմնավորմամբ վերականգնել դեպքի հանգամանքները և սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարի օբյեկտիվ պատճառները:
Այս նպատակին հասնելու համար փորձագետ-ավտոտեխնիկը պետք է լուծի մի շարք կոնկրետ խնդիրներ, որոնք առաջ են գալիս փորձաքննության ընթացքում: Կախված այն հանգամանքից, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը, նշված խնդիրները կարող են հանդիպել տարբեր կոմբինացիաներում:
Ավտոտեխնիկական փորձաքննության առջև դրվող խնդիրները հիմնականում կրում են դիագնոստիկ բնույթ: Ընդհանուր առմամբ այդ խնդիրները ձևակերպվում են հետևյալ կերպ`
- ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված գործոնների պարզաբանում, համակարգում և կրիտիկական անալիզ: Այդպիսի գործոնների թվին են դասվում տրանսպորտային միջոցների և ճանապարհների տեխնիկական վիճակը, տրանսպորտային միջոցների և հետիոտների շարժման պարամետրերը, ճանապարհային երթևեկության կազմակերպումը:
- գործոնների հավաքագրում, որոնք կարող էին նպաստել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացմանը և զարգացմանը, նրանց տեսական և փորձագիտական ուսումնասիրություն,
- ուսումնասիրվող ճանապարհատրանսպորտային պատահարի տեխնիկական պատճառների սահմանում և դրա կանխարգելման միջոցների ուսումնասիրությունը տարբեր մասնակիցների կողմից,
- ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների պահվածքի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման ուսումնասիրություն:
Ավտոտեխնիկական փորձաքննության առարկա հանդիսանում են փաստացի տվյալները տրանսպորտային միջոցների փաստացի տվյալների, դեպքի վայրի ճանապարհային պայմանների, հնարավոր մասնակիցների հնարավորությունների և գործողությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների մեխանիզմի, դեպքի առաջացման հանգամանքների մասին:
Ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարվում է ճանապարհային անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման դեմ ուղղված հանցագործությունների շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որը մարդուն պատճառել է առողջական ծանր վնասվածքներ կամ մահ:
Ավտոտեխնիկական փորձաքննության օբյեկտների տակ ենթադրում ենք`
- ճանապարհատրասպորտային պատահարի դեպքի վայրը,
- տրանսպորտային միջոցները,
- տվյալները, որոնք ամրագրված են դեպքի վայրի զննության արձանագրությունների, հարցաքննության արձանագրությունների և այլ ընթացակարգային փաստաթղթերի մեջ,
- տեսողական նյութերը, որոնք հանդես են գալիս լուսանկարահանումների, տեսանկարահանումների, ձայնագրությունների, դեպքի վայրի սխեմաների ձևով:
Վերոշարադրյալ ուսումնասիրությունից երևում է, որ քննիչի կողմից ցանկացած անփութություն ազդեցություն է ունենալու փորձագետի եզրակացության վրա: Այժմ անդրադառնանք օբյեկտնհերից յուրաքանչյուրին առանձին – առանձին:
Այն տեղամասը, որտեղ գտնվում են տրանսպորտային միջոցների հետքերը, կոչվում է դեպքի վայր, այսինքն այն վայրը, որտեղ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը: Դեպքի վայրի ուսումնասիրությունը հիմք է հանդիսանում դեպքի հանգամանքների բացահայտման, ապացույցների հավաքման համար:
Տրանսպորտային միջոցների տակ հասկանում ենք ավտոմեքենաների բոլոր տեսակները` մարդատար, բեռնատար, ուղևորափոխադրող, հատուկ և գնացքներ, մոտոցիկլետներ և մոպեդներ, տրակտորներ` անվավոր և թրթուրավոըր, ինքնագնաց մեքենաներ և մեխանիզմներ` ամբարձիչներ, բեռնատարների կոմբայններ, ինչպես նաև միջքաղաքային էլեկտրոտրանսպորտը` տրամվայներ, տրոլեյբուսներ:
Հարցաքննության փաստը, ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում: Հարցաքննվող անձի ցուցմունքները գրի են առնվում առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացի: Հարցերը և դրանց պատասխանները գրի են առնվում նույն հաջորդականությամբ, որ տրվել են հարցաքննության ընթացքում: Հարցաքննվող անձն իրավունք ունի իր ցուցմունքները գրելու իր ձեռքով, ինչի մասին արձանագրությունում նշում է կատարվում: Հարցերը և տրվող պատասխանները նույնպես ներառվում են արձանագրությունում: Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձին ներկայացվում են իրեղեն ապացույցներ կամ փաստաթղթեր, կամ հրապարակվում են քննչական այլ գործողությունների արձանագրություններ կամ վերարտադրվում են ձայնագրման, տեսագրման նյութեր, քննչական գործողությունների նկարահանումներ, ապա այդ մասին նշում է կատարվում հարցաքննության արձանագրությունում, որում պետք է արտացոլվեն դրանց կապակցությամբ հարցաքննվող անձի ցուցմունքները:
Հարցաքննության ընթացքում լուսանկարահանում, ձայնագրում, տեսագրում, կինոնկարահանում իրականացնելու դեպքում արձանագրությունը պետք է պարունակի նշումներ լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու,ր օգտագործվող տեխնիկական միջոցների, դրանց կիրառման պայմանների ընդհատման տևողության մասին և մի շարք այլ տեղեկություններ:
Հարցաքննության ավարտից հետո արձանագրությունը ծանոթացման համար ներկայացվում է հարցաքննվողին կամ էլ նրա խնդրանքով այն հրապարակում է քննիչը: Արձանագրությունը լրացնելու կամ դրանում ուղղումներ կատարելու վերաբերյալ հայտարարությունները քննիչի կողմից մերժման ենթակա չեն: Արձանագրությունը պետք է պարունակի տվյալներ բոլոր այն անձանց վերաբերյալ, ովքեր մասնակցել են հարցաքննությանը, որոնցից յուրաքանչյուրը պետք է ստորագրի արձանագրությունը, ինչպես նաև դրանում արված բոլոր լրացումները և ուղղումները:
Դեպքի վայրի զննությունը ինքնուրույն քննչական գործողություն է, որը կատարվում է հանցագործության իրադրությունը պարզելու, հանցագործության հետքերը, այլ իրեղեն ապացույցները, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Ի տարբերություն քննչական սկզբնական գործողությունների՝ դեպքի վայրի զննությունը կատարվում է անմիջապես, առանց հետաձգման, քանի որ ձգձգումը կարող է հանգեցնել իրադրության փոփոխությանը, հետքերի և հանցանշանների կորստյանը, ականատեսների և վկաների մոտ գործի համար էական հանգամանքների մոռացության: Տեղազննության ժամանակ քննիչն առնչվում է մեծաքանակ տեղեկությունների հետ, որոնք բոլորը չէ, որ անհրաժեշտ են հանցադեպի մտավոր մոդելի կառուցման համար:
Քննիչը այդ պայմաններում չի կարող տեղում մինչև վերջ կատարել անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ ստացված տեղեկությունների իմաստավորելու ուղղությամբ, որպեսզի հանգամանքը անհրաժեշտություն է առաջացնում դրանք ֆիքսելու համապատասխան գիտատեխնիկական միջոցների գործադրմամբ: Դրա համար, որոնողականին զուգահեռ, քննիչը պետք է իրականացնի նաև վավերացման գործունեություն, այսինքն՝ստացված կարևոր տեղեկությունները ստույգ կերպով արտացոլվի արձանագրության մեջ, որն իրենից ներկայացնում է դեպքի վայրի զննության արձանագրությունը:
Քրեագիտական լուսանկարահանումը, այդ թվում և օպերատիվ-քննչական, քրեագիտության տեխնիկայի ճյուղ է, որն ընդգրկում է գիտական դրույթների համակարգ, որոնք մշակված են լուսանկարչական միջոցների, ձևերի և մեթոդների, ֆիքսման և ապացույցների զննման հիման վրա հանցագործության քննության, բացահայտման և նախազգուշացման նպատակով։
Կրիմինալիստիկական կինոնկարահանումը, տեսագրությունը և ձայնագրությունը հիմնվում են հանցագործությունների հետազոտթւթյան ընթացքում կիրառվող միջոցների և մեթոդների վրա: Վերջին ժամանակներում կախված կիրառման դժվարությունների հետ, կարելի է ասել, որ կինոնկարահանում դուրս է եկել ասպարեզից:
Տեսանկարահանման և ձայնագրությունների կատարման համար կիրառվում են տեսա- և ձայնագրիչ սարքավորումներ, ինչպես նաև սարքավորումներ, որոնք նախատեսված են ձայնագրությունները լսելու համար: Ներկայումս առավել կիրառելի է տեսագրությունը, որը կատարվում է տեսագրող սարքերի միջոցով:
Այժմ ներկայացնենք ավտոտեխնիկական փորձաքննության նշանակման որոշման օրինակ:
Ավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու որոշում
ք. Երևան 5 սեպտեմբերի 2014թ.
Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Սիմոն Առուստամյանը ուսումնասիրելով № 691 քրեական գործով նյութերը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանեց`
2014 թվականի օգոստոսի 18-ին մոտավորապես 17:35-ի սահմաններում վարորդ Աբրահամյանը Ա.Ս.-ն, իր սեփականություն հանդիսացող, տեխնիկապես նորմալ վիճակում գտնվող «Մերսեդես» մակնիշի 33 AS 512 պետհամարանիշներով մեքենան վարել է Երևան-Գորիս ճանապարհով: Ճանապարհի 40-րդ կիլոմետրին տեղի է ունեցել բախում վարորդ Աբրահամյանի մեքենայի և Մութաֆյան Կ.Հ.-ի «Օպել» մակնիշի 34 KL 111 պետհամարանիշներով մեքենայի միջև: Բախման արդյունքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր`23-ամյա Վահե Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ երկու մեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ճանապարհային դրությունը դեպքի պահին: Երկկողմանի երթևեկելի հատվածը, 7 մ լայնությամբ ասֆալտապատ է, չոր: Լուսավորություն ցերեկային, իսկ տեսանելիությունը առանց սահմանափակումների: Ճանապարհի վրա դեֆեկտների առկայությունը բացակայում է: Նախազգուշացնող նշանները բացակայում են:
Ճանապարհային դրությունը դեպքից հետո: 41-րդ կիլոմետրում տեսանելի են դառնում «Մերսեդես» մակնիշի մեքենայի 4 անվադողերի հետքերը: Ուղղագիծ հատվածով նկատվում է հետքերի ընդհատում, որից հետո հետքերը ցույց են տալիս ձախ շրջադարձ հանդիպակաց երթևեկության գոտի:
Տրանսպորտային միջոցի դիրքը Երևանի ուղղությամբ էր երթևեկության հանդիպակաց գոտում: Առկա էին սույն վնասվածքները` աջ ճակատային թև, թեքված էր բամպերի աջ կողմը, ռադիատորը, առաջնային աջ անիվը, արգելափակված էր ղեկային կառավարումը:
«Մերսեդեսից» մոտ 5,2 մետր հեռավորության վրա գտնվում էր «Օպելը», որը վրա առկա էին այս վնասվածքները` առանձնացել էին առաջնային աջ անիվը, ղեկը, լուսարձակները, կոտրվել էր դիմապակին:
Բախմանը ականատես անձինք չեն հայտնաբերվել:
Երթևեկության հանգամանքների վերաբերյալ «Օպել»-ի վարորդը նշեց, որ իր մեքենան ընթանալիս է եղել 60-65 կմ/ժ արագությամբ: Իսկ «Մերսեդես»-ի վարորդը նշեց, որ իր մեքենան ընթացել է 75 կմ/ժ արագությամբ:
Վերոնշյալ բոլոր հանգամանքները հաշվի առնելով և դիտելով վերոշարադրյալները մեկ ամբողջական համալիրի մեջ` քննիչ Առուստամյանը որոշում կայացրեց նշանակել ավտոտեխնիկական փորձաքննություն, որի ընթացքում պետք է պարզվեին ներքոշարադրյալ հանգամանքները`
- որքա՞ն է եղել «Մերսեդես»-ի արագությունը, երբ արգելակման հեռավորությունը կազմել է 42,3 մ,
- հնարավոր է արդյո՞ք կանխել «Մերսեդես»-ի առաջընթացը արգելակված անիվներով տվյալ ճանապարհային պայմաններում, եթե այո, ապա ինչ պատճառով,
- հնարավոր է արդյո՞ք կանգնեցնել մեքենան, եթե վարորդը տեղափոխվել է հանդիպակաց գոտի, բաց է թողել արգելակը, ղեկը պտտել է աջ, ապա կտրուկ արգելակել է, շրջել է անիվը ձախ մեքենայի դիրքը ուղղելու համար,
- հնարավոր է արդյո՞ք մեքենաների վնասվածքներից պարզել, թե ինչ դիրքային փոփոխություններ են կրել մեքենաները բախման պահին,
- արդյո՞ք «Օպել»-ի վարորդը տեխնիկական որևէ հնարավորություն ունեցել է խուսափելու ճանապարհատրանսպորտային պատահարից:
Բոլոր հարցերի պատասխաններում ելակետային տվյալ պետք է համարել «Մերսեդես»-ի արագությունը, որը կորոշվի առաջին հարցի միջոցով: Փորձագետի տրամադրության տակ են դրվում քրեական գործի բոլոր նյութերը:
Քննիչ
ոստիկանության ավագ լեյտենանտ Առուստամյան
|