Երեքշաբթի, 03 Դեկ 24, 16:49

Եթե դուք հրաժարվում եք ընդունել կյանքում ինչ-որ բան, բացի ամենալավից, շատ հաճախ դուք ստանում եք հենց ամենալավը: Սոմերսետ Մոեմ

Հայ տնտեսագիտական միտքը


XIX դ. 40-ական թվականներից սկսած` հայ իրականության մեջ սկսում են լույս տեսնել առաջին զուտ տնտեսագիտական ուսումնասիրությունները. Վիեննայի Մխիթարյաններից` Ղ.Տերտերյանցի "Գիտություն վաճառականության" գիրքը, Տ.Թնկրյանի հոդվածները "Բազմավեպ"-ում, Ն.Զորոյանի "Քաղաքական տնտեսության վրա տեղեկություններ" աշխատությունը: Ն.Զորոյանը շեշտում է տնտեսական գիտության գործնական նշանակությունը որպես հարստության արտադրության բաշխման և սպառման մասին գիտության, մասնավոր սեփականությունը, եսասիրությունը համարում զարգացման գրավականներ, անդրադառնում տնտեսական կատեգորիաների վերլուծությանը:
XIX դարի 70-ական թվականներին սկիզբ է առնում հայ հասարակական զարգացման կապիտալիստական շրջափուլը: Հասարակական մտքի առաջ ծառանում է սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների հարցը, տնտեսագիտական միտքը ստորաբաժանելով տարբեր հոսանքների: Այդ միտքն արտահայտում էր անցման շրջանին բնորոշ մտայնությունը, որն ընդհանրապես հատուկ էր իր զարգացման մակարդակով, այսպես ասած, "ուշացած ժողովուրդների" մտավոր գործունեությանը: Երբ արդեն զարգացած ազգերը հարյուրամյակների ընթացքում անցել էին տնտեսաձևերի օրինաչափ և բնական հաջորդափոխությունը, "ուշացած ժողովուրդների" մտածող մարդիկ փորձում էին համատեղել այն, ինչ զարգացած ազգերը յուրացրել և հաղթահարել են պատմական զարգացման երկարատև պրոցեսում: Հայ տեսաբանները փորձում էին ըմբռնել հասարակական միտումները և այս առումով նրանց համար հակասական չէր թվում ինչպես նախորդ, այնպես էլ իրենց ժամանակի տնտեսագիտական ուսմունքների յուրացումն ու մեկ միասնական համակարգում դրանց համատեղումը: Ահա թե ինչու նրանց համար գոյություն չուներ բացարձակ տնտեսագիտական ուսմունք: Փորձ էր արվում տնտեսագիտական ուսմունքներից վերցնել այն հնարավոր օգտագործման տարրերը, որոնք հարմար էին գտնում Անդրկովկասի տնտեսական զարգացման կոնկրետ պայմանների համար` ձև տալով մի ուրույն, "համապարփակ էկլեկտիզմի": Թերևս այդ էր պատճառը, որ հայ տնտեսագետների հայացքներում հաճախ կարելի է նկատել նույն հարցի վերաբերյալ իրարամերժ հետևությունների, տնտեսագիտական տարբեր ուղղությունների իրար բացառող տեսական ընդհանրացումների: Իհարկե, դա հայ տնտեսագիտական միտքը չի զրկում ինքնուրույնությունից և սոցիալ-տնտեսական կյանքի վերլուծությունից: Հայ հեղինակներն իրենց հրապարակախոսական և տնտեսագիտական աշխատություններում տվեցին երկրամասի հասարակական նոր հարաբերությունների տնտեսական կառուցվածքի ուրույն վերլուծությունը` եվրոպական երկրների ու Ռուսաստանի հասարակական զարգացման տնտեսագիտական մտքի փորձով լուսաբանելով Անդրկովկասի սոցիալ-տնտեսական փոխակերպության ընթացքը:
XIX դարի վերջին քառորդի հայ տնտեսագիտական մտքի գլխավոր ուղղությունները մի ուրույն համապատասխանություն ունեին հասարակական հոսանքների սոցիալ-բովանդակության հետ: Իսկ այն տարընթաց էր հասարակական մտայնության համար: Այս իմաստով որոշակի են տարբերվում տնտեսական զարգացման այն ուղեգծումները, որ առաջադրում էին նշված ժամանակաշրջանի տնտեսագիտական մտքի ազատամտական, ազգային պահպանողական և նարոդնիկական հոսանքները:

"Ստրկության ազատությունը և վերջն էլ դատական վերանորոգությունը, գյուղական ինքնավարությունը, նորամուտ լուսավորությունը, երկաթուղի, հեռագիր և այլն, մին, մինի հետևից հանկարծ գալով շլացրին ժողովրդին, մի հանկարծական փոփոխություն ձգեցին նրա նիստ ու կացի և վարք ու բարքի մեջ: Ժողովուրդն այնպես փոխվեց մի տասն տարվա մեջ, որքան փոխված չէր հարյուրավոր տարիների ընթացքում": XIX դարի երկրորդ կիսաշրջանն այսպես էր բնութագրել հայ անվանի գրող Ղազարոս Աղայանը: Դա տնտեսական ու սոցիալական զարգացման մի աննախադեպ պատմաշրջան էր հայկական կյանքում: Կապիտալի նախասկզբնական կուտակման պրոցեսը, որը վաղուց սկսվել էր Ռուսաստանում և Անդրկովկասում, ճորտատիրության վերացումը, օտար կապիտալների մուտքը երկրամաս ստեղծել էին այն բոլոր նախադրյալները, որոնք անհրաժեշտ էին արդեն զարգացող կապիտալիստական հարաբերությունների համար: Աշխուժացող առևտրական կապիտալն ընդարձակում էր ապրանքադրամական հարաբերությունների շրջանակները` նպաստելով նահապետական գյուղի քայքայմանը: Ծնվում էին նոր արտադրողական ուժեր: Արտադրության մեքենայական տնտեսաձևը թափանցում էր ամենատարբեր ճյուղեր, դուրս մղելով հնամենի եղանակները: Ձևավորվում էր հայկական արդյունաբերական բուրժուազիան: Դա հայ իրականության "հասարակական կյանքի մեծ զարկերի" ժամանակաշրջանն էր, որին զուգադիպեց Գրիգոր Արծրունու (1845-1892) գործունեությունը: Հայկական ազատամտականության պարագլուխը հրապարակ եկավ նոր պատմափիլիսոփայությամբ` սոցիալ-տնտեսական տեղաշարժերը քննության ենթարկելով աշխատանքի փիլիսոփայության դիտակետից: Աշխատանքն իր ամենաընդհանուր հասկացությամբ բնութագրվում էր որպես լուսավորության և առաջադիմության հիմք.

"Երեկ մենք կտակարանային ազգ էինք
Այսօր մենք ազգասերներ ենք
Էգուց մենք պետք է աշխատողներ դառնանք":

Աշխատանքի, որպես "ժամանակակից քաղաքակրթության ամենազորեղ, հիմնական, կենդանացնող տարրի", Գ. Արծրունու դրվատանքը միանգամայն համահնչուն էր կապիտալիստական տնտեսակարգի զարգացման վերելքին և բխում էր այդ զարգացման պահանջներից: Իսկ սա թելադրում էր "ինքնաճանաչում" և "ինքնաքննություն", հասարակական երևույթները "տնտեսական կետից վերլուծելու անհրաժեշտություն": "Քարոզիչների դարն անցավ", կյանքը գործնականություն է պահանջում, խարսխված ժամանակակից հասարակական կազմակերպության հիմնական սկզբունքների` անհատական զարգացման, աշխատանքի և հավասարության վրա: Գ. Արծրունին փոխանակությունը համարում է հասարակության գլխավոր հատկությունը, գտնելով, որ որտեղ չկա փոխանակություն,այնտեղ չկա և հասարակություն: Փոխանակության զարգացման աստիճաններն էլ պայմանավորում են քաղաքակրթության առաջընթացի աստիճանները: Աշխատանքի բաժանումը և փոխանակությունը կապված են միմյանց հետ: Հասարակական տնտեսական համայնքը նրան ներկայանում է որպես փոխադարձ ծառայությունների ամբողջություն:
Աշխատանքի բաժանումը նպաստում է արտադրողի "ճարտարության" բարձրացմանը, ժամանակի խնայողությանը, մեքենաների գյուտերին և, վերջին հաշվով, աշխատանքի արտադրողականության աճին: Բայց այն նաև մարդու մեջ զարգացնում է միակողմանի հատկություններ, խլացնելով մյուսները: Ուստի, անհրաժեշտ է աշխատանքի բաժանումը դնել որոշակի չափի մեջ: Պատահական չէր, որ ելակետ ունենալով "ամբողջի անբաժանելիության" գաղափարը, Գ. Արծրունին հակված էր նաև աշխատանքի կոոպերացիայի պարզ ձևերի պահպանությանը. "Չմոռանանք, որ մեր փրկությունը մենք կգտնենք նպաստելով, ընդարձակելով փոքր արդյունաբերության շրջանը և փոքր արդյունաբերողների թիվը":
Իր հասարակագիտական հայացքներով Գ. Արծրունին հարում էր օրգանական դպրոցին: Հասարակությունը նմացնելով բնական ճանապարհով զարգացող օրգանիզմի, յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր առանձնահատկությունները, որը ենթադրում է սոցիալ-տնտեսական զարգացման ուղիների կրկնելիության անհնարինությունը: Եվ հասարակական անհատի, և ազգի հարատևությունը պայմանավորված է այն բանով, թե դրանք որքանով են լավ հարմարված շրջապատող պայմաններին: Իսկ դրա համար անհրաժեշտ է քաղաքակրթվել, "լուսավորության որքան կարելի է մեծ պաշար ձեռք բերել", որպեսզի "շրջապատողների հետ հավասար զենքով պատերազմել և գոյությունը պաշտպանել": Ի վերջո հասարակության զարգացման պատմությունը ոչ միայն գոյության պայքարի, այլև այդ պայքարի համար անհրաժեշտ միջոցների կատարելագործման պատմություն է: Ընդ որում պատմական զարգացման վճռական գործոնը հասարակության ինտելեկտուալ զարգացման աստիճանն է: "Ոչ օրգանական և ոչ անօրգանական բնության մեջ չկա անշարժություն", "բայց ամեն տեղ կնկատենք մշտնջավոր ձգտումն դեպի կատարելագործության": Գ. Արծրունին կատարելագործվելու ուժը բնութագրում է իբրև զարգացման զսպանակ: Սրանում է դրսևորում նրա սոցիալական օպտիմիզմը:
Մարդկության պատմությունը անհատականության զարգացման պատմություն է: Մասնավոր սեփականությունը տնտեսական ձևերի կատարելագործման բնական պայմանն է: "Անձնական շահը միշտ ավելի զորեղ, դրդիչ է աշխատանքի և կատարելագործության, քան թե հասարակաց շահը", թեև վերջինս էլ ունի իր առավելությունները: Գ. Արծրունին հանգում է մի եզրակացության, որը ենթադրում է զարգացման մի ինչ-որ միջին գիծ, իր մեջ սինթեզելով համայնական և մասնավոր տնտեսաձևերի դրական կողմերը, որոնք "իրանց փոխադարձ պակասություններով և արժանավորությամբ միմյանց հավասարակշռում են ... մինը մյուսին պահպանում են":
Հայ տնտեսագիտական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ է գրավում Ավետիք Արասխանյանը (1857-1912): Նա, այն "տնտեսագետն էր, որ գիտության աշխարհում ուշադրություն գրավեց և գնահատել տվեց թե իր և թե մեր ցեղի մտային կարողությունները": Նա բազմիցս անդրադարձել է տնտեսագիտական ուսմունքներին, մի կողմից դրանց փորձով հաստատելու սոցիալ-տնտեսական իր ծրագրերի ճշմարտացիությունը, մյուս կողմից` հայ միտքը հաղորդակից դարձնելով դրանց գիտական ու պատմական նշանակությանը: Ասպարեզ գալով մի ժամանակաշրջանում, երբ հայ իրականությունը ոտք էր դրել արդյունաբերական կապիտալիզմի զարգացման ուղին, Արասխանյանը տվեց Անդրկովկասի հասարակական նոր հարաբերությունների տնտեսական կառուցվածքի վերլուծությունը, լուսաբանեց երկրամասի սոցիալ-տնտեսական առաջընթացի օրինաչափությունները:
Երկրամասի կապիտալիստական փոխակերպության համար ազդակ հանդիսացան մի կողմից` ճորտատիրության վերացումը Ռուսաստանում, մյուս կողմից` եվրոպական կապիտալի հոսքն Անդրկովկաս: Վերջինս ունի երկակի նշանակություն, օգտակար է այնքանով, որ նպաստում է երկրամասի տնտեսական զարգացմանը, բայց վնասակար է այն իմաստով, որ խոչընդոտում է հայրենական կապիտալի ինքնուրույն զարգացմանը: Տեղական կապիտալի հնարավորությունների առումով Արասխանյանը մեծ նշանակություն էր տալիս հայ բուրժուազիայի տնտեսական ուժին, որն ուներ բավական դրամական կուտակումներ և կարող էր ստանձել երկրամասի արդյունաբերական զարգացման ֆունկցիան ու մրցակցել օտարերկյա ուժի դեմ: "Ազգային վերածննդի" կարևոր պայմաններից մեկն էլ "ընկերական ոգու" դաստիարակությունն է: Քանի որ Անդրկովկասում բացակայում էին խոշոր չափերի հասնող անհատական կապիտալները, ինչը խանգարում էր արագ տնտեսական զարգացմանը, ուստի հակասությունը պետք է լուծվի անհատական կապիտալների համակենտրոնացումով` ակցիոներական ընկերությունների ձևով:
Նա ընդգծում է առևտրական կապիտալը արդյունաբերականի փոխակերպելու անհրաժեշտությունը: Եվրոպական երկրների տնտեսական փորձով հայրենական խոշոր արդյունաբերության զարգացումը Արասխանյանը հանգեցնում է հովանավորական տնտեսական մի քաղաքականության, որը կապահովեր ազգի "ինքնապաշտպանությունն" ու ինքնուրույնությունը: Նա սրում է ազգային տնտեսության գաղափարը "պատմական այլ և այլ հանգամանքների շնորհիվ, մի որևէ ազգի տնտեսական գործունեությունը կարող է ստանալ հատկապես այդ ազգի համար աննպաստ ուղղություն, և երբ այդ ազգի շահերը պաշտպանելու օրգաններ չկան, երբ ազգի տնտեսությունը որբացած դրության մեջ է, այդ դրության մեջ ընկած ազգի անդամները հակված են դեպի համաշխարհային շրջմոլիկությունը, առանց որևէ բարոյական կապի որևէ մարդկային համայնքի հետ: Հարստահարող ոգին հենց այն ժամանակ է իր ամենամեծ զարգացմանը հասնում, երբ տնտեսությունը զրկվում է բարոյական հիմունքներից, իսկ բարոյական կապեր հաստատելու զորեղագույն միջոցներից մեկն է` մարդու մեջ զարգացնել նրա կապված լինելու զգացմունքը մի մեծ մարդկային համայնքի հետ, իսկ ազգ ասած բանը հենց այդ հանգամանքներից խոշորագույնն է ... Մտցնել մի ժողովրդի տնտեսական գործունեության մեջ գաղափարական տարր, այդ գաղափարը հիմնել ազգային ընդհանուր կուլտուրական շահերի վրա, ահա թե ինչ պիտի լինի ազգային տնտեսության քաղաքականությունը": Ակներև է, որ Արասխանյանը տնտեսական գաղափարաբանությունը դիտում է ազգային զարթոնքի, նրա ինքնագիտակցության, ազգային գաղափարաբանության կարևոր հատկանիշը: XIX դարավերջին Անդրկովկասում գոյություն ունեցող վարչատարածքային բաժանումը, հայկական դրամատիկական խավի գործունեությունը բուն Հայաստանի սահմաններից դուրս լուրջ խոչընդոտներ էին հարուցում ազգային միասնական տնտեսական քաղաքականության համար: Այնուամենայնիվ, Ա. Արասխանյանի կարծիքով հայ ազգի քաղաքակրթական տրվածքը պարտադրում է տնտեսական քաղաքականության մշակում, որպես ազգային գոյության և նրա ապագա ինքնուրույնության երաշխիքի. "Հայոց նման մի ազգ, որ ունի իր կուլտուրան առհասարակ, պետք է ունենա նաև իր տնտեսական քաղաքականությունը: Ոչ մի ազգ չի կարող հարատև գոյություն ունենալ և կուլտուրական և քաղաքակրթական դերերի ձեռնամուխ լինել, առանց ամուր տնտեսական հիմքի: Նայած թե մի ազգի տնտեսական կյանքը ինչ ուղղություն է ստանում, դրանով շատ զգալի կերպով որոշվում է նորա ոգու ուղղությունը առհասարակ, այդ ոգու ուղղությունն ապա իր դրոշմն է դնում այդ ազգի կյանքի և ձգտումների վրա և ոչ միայն տնտեսական, այլև հոգեկան, բարոյական և քաղաքական կյանքի ձգտումների վրա: Մի անհող ժողովուրդ այլ բան է ներկայացնում, հողով ապահովը` այլ, մի բան է ներկայացնում մի երկիր խոշոր կալվածատերերով, այլ բան` երբ բռնված է մանր սեփականատերերից: Այլ բան է, երբ մի ազգի տնտեսությունը անլուծելի կերպով շղթայված է մի այլացեղ կամ այլազգի ժողովրդի տնտեսության հետ, այլ է, երբ ազգը մի անկախ կամ իր մեջ ամփոփված տնտեսական կյանք է վարում: Այլ է նաև, երբ մի ազգի տնտեսականը ենթարկված է մի այլ ազգի շահերին, և այլ է, երբ ազգը ինքն է տնօրինում իր տնտեսական վիճակը": Ազգի ապագան մեծապես կախված է այն ուղղությունից, որ ունեցել է նրա տնտեսական կյանքը, այն հիմքից, "որի վրա նա կառուցել է իր տնտեսական կյանքի շինությունը: ... ինքն իրեն թողնված մի ժողովուրդ կարող է այնպիսի տնտեսական ճանապարհներով ընթանալ, որ ոչ մի կերպ հաշտելի չեն լինի ազգի բարոյական, մտավոր և առհասարակ առողջ կյանքի և իդեալների հետ: Պետք է, որ մի ազգ ունենա իր տնտեսակազմը, որը մի օրգանական առողջ ամբողջություն ներկայացնի: Ուղղություն ենք պահանջում մենք ազգային տնտեսության մեջ": Ա. Արասխանյանի դիտողությունները համաշխարհային փորձից քաղված դասեր են ազգային տնտեսության վերաբերյալ, արված այսօրվա համար, որոնք կատարվող հասարակական վերափոխությունների ու նորոգությունների բովանդակության մեջ հայտնաբերում են արդիական նշանակություն:
Ստեփան Գուլիշամբարովը (1849-1915) իր ապրած ժամանակաշըր- ջանի տնտեսական զարգացման պատմաբանն էր: Այդ հարցերն արծարծվել են նրա հարյուրից ավելի մենագրություններում ու հոդվածներում, նվիրված ինչպես Կովկասի ու Ռուսաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության զարգացմանը: Ս. Գուլիշամբարովն անխուսափելի էր դիտում կապիտալիզմի զարգացումը: Տնտեսական առաջընթացի պրոցեսը վկայում էր հասարակական հերթափոխության անխուսափելիության մասին, հաստատելով "մանր արտադրության հանդեպ կապիտալիստական խոշոր արտադրության հաղթանակը": Տնտեսական քաղաքականության հարցերում նա պրոտեկցիոնիստ էր, ինչը խրախուսվում էր ռուսական շատ տնտեսագետների կողմից և որոնց հետ մասնակցել է տարիֆների մշակման համատեղ աշխատանքներին: Համաշխարհային կապիտալիստական համակարգի կազմավորման հետ միասին կազմավորվում է նաև համաշխարհային կապիտալիստական տնտեսությունը: Վերջինիս պատճառը աշխատանքի հասարակական բաժանման խորացումն է, մարդկության "կուլտուր-պատմական առումով" առաջընթացը իր ամենաընդհանրական իմաստով: Տարբեր երկրների աշխարհագրական-տնտեսական ինքնուրույնություն հասկացությունն ունի հարաբերական իմաստ, քանի որ դրանցից յուրաքանչյուրը լոկ ամբողջի մասն է միայն: Այդ մերձեցումն օբյեկտիվ և անխուսափելի է, որն էլ ավելի ուժեղանալով հանգեցնելու է ժողովուրդների տնտեսական միավորմանը, իսկ այդ ընդհանուր միության մեջ յուրաքանչյուր ժողովրդի ազգային-քաղաքական դերն ուղիղ համեմատական կլինի համաշխարհային ընդհանուր տնտեսության մեջ նրա մասնակցությանը: Հասարակական զարգացման ուղիների վերաբերյալ այլ ծրագիր էր առաջադրում ազգային պահպանողական հոսանքը (Պետրոս Սիմոնյանի "Մեղու Հայաստանի", Սպանդար Սպանդարյանի "Նոր դար" և Աբգար Հովհաննիսյանի "Արձագանք" պարբերականները):
Ինչպես արդեն նկատել ենք, ազատամտական հոսանքն ազգի զարգացումը կապում էր "նյութական հարստության" հետ և արմատական էր երկրամասի կապիտալիստական վերաձևության իր պահանջներում: Ազգային պահպանողականները, ընդհակառակը, ամենուրեք քննադատում էին կապիտալիզմի հակասությունները, դիմադարձ լինելով նրա տնտեսական հեռանկարից: Ճիշտ է հայ ազգային պահպանողականները չէին պահանջում վերադարձ դեպի անցյալը, բայց և փորձում էին նոր տնտեսական հարաբերությունները վերաձևել արտադրության կազմակերպման ազգային կացութաձևի վրա: Ահա թե "Նոր դարը" ինչպես է պարզում իր ուղղությունը, ցույց տալով սոցիալ-տնտեսական ուղեգծումների այն սկզբունքային տարբերությունները, որ ուներ ազատամտականների համեմատությամբ. "Կա բարոյական շահերի մրցում, կա նյութական շահերի մրցում: Գործարան հիմնել, խանութ բանալ, տնտեսական արդյունաբերությամբ պարապել, փող կորզելու զանազան միջոցներ հնարել, բոլորը ծառայում են մարդկային նյութական շահերը բազմապատկելու համար ... մեր աչքում մի առանձին կարևորություն էլ չունի": Այստեղից էլ այն հայտնի բանաձևը, թե "երկրի տնտեսական վերածնությունը" պետք է հաջորդի "երկրի բարոյական վերածնությանը":
Այս բարոյագիտական կոնցեպցիան որոշակի ռեակցիա էր հասարակության կապիտալիստական զարգացման հանդեպ: Խորտակվում էր մանր արտադրությունը, աղարտվում համայնական, նահապետական հարաբերությունները անհատին օտարելով հասարակությունից: Ազգային պահպանողականությունը դրամատիրության զարգացաման առաջամարտիկ չէր: Նա երկյուղով էր նայում երկրամասի դրամատիկական վերաձևությանը, հիվանդագին ընդունելով մանր արհեստավորության ու մանր բուրժուական այլ շերտերի քայքայումը, դրա մեջ գուշակելով ազգի միասնության տրոհումը: Նրա ներկայացուցիչները չէին պահանջում վերադարձ դեպի անցյալը, բայց և փորձում էին նոր տնտեսական հարաբերությունները վերաձևել արտադրության կազմակերպման ազգային կացութաձևի վրա: Եվ մի բան ակներև է, որ ազգային պահպանողականությունը տնտեսական առաջընթացի իր ծրագիրը կառուցում էր ազգային սուբստանցիոնալ գործոնի վրա և բխում է "պատմության համաշխարհային ընթացքի օրենքներից":
Պատմատնտեսագիտական գրականության մեջ մի դեպքում ազգային պահպանողականության և ազատամտականների տնտեսական ծրագրերում նույնություն էին փնտրում, իսկ մի այլ դեպքում ենթադրում, թե իբր ազգային պահպանողականները հակված չէին ընդունելու հասարակական առաջադիմությունը: Նման մեկնաբանությունների դեմ էին ուղղված Սպանդար Սպանդարյանի այն խոսքերը, թե "պետք է տգետ լինել` չհասկանալու համար, որ պահպանողականը չի կարող ժողովրդի լուսավորության գործին (ընդարձակ իմաստով - Ռ.Ս.) հակառակ լինել": Իսկ այն իրողությունը, որ պահպանողականներն արծարծում էին կապիտալիզմի զարգացման հարցերը,- նկատում է Ս.Սարինյանը,- "ոչ այլ ինչ էր, եթե ոչ իրական հանգամանքներին համակերպվելու ձգտում: Առանց այս էական փաստի հաշվառման անհասկանալի կլինի կապիտալիզմի պահպանողական քննադատության բնույթը և այն ճեղքվածքը, որին դիմառնում է պահպանողական հոսանքի ազգային երազանքը` կապիտալիստական զարգացման փաստի հանդեպ: Հենց այստեղից էլ ծայր է առնում կապիտալիզմի ռոմանտիկական քննադատությունը պահպանողականների սոցիալական հայեցության մեջ":
Հայ հասարակական մտքի այդ երկու հիմնական հոսանքների միջև տասնամյակների տևած այս բանավեճը ինչ-որ տեղ եզրեր է գծում շուկայական հարաբերությունների վերաբերյալ արդի տեսակետների հետ: Այսինքն` նորից ամբողջ խնդիրը հանգում է այն բանին, թե ինչ ուղղություն տալ կատարվող տնտեսական ընթացքներին:
XIX վերջին քառորդին արևելահայ իրականության ազդեցիկ ուղղություններից էր նարոդնիկությունը, որպես համառուսական հոսանքի մի բաղկացուցիչ մաս, որին ավելի շուտ հետաքրքրում էին հետռեֆորմյան գյուղի սոցիալ-տնտեսական բարեկարգման հարցերը: Հայ նարոդնիկությանն ավելի շատ բնորոշ էր լիբերալ նարոդնիկության հայեցությունը: Առաջադրվում էր համայնքը քաղաքակրթական ձևի մեջ դնելու մի սկըզբունք, որը բնավ էլ "լուսավորության և զարգացման անհամապատասխան կազմակերպություն չէ", իսկ Սիմոն Զավարյանը (1865-1913) Երևանի և Կարսի մարզի գյուղատնտեսության և գյուղացիության վիճակի մասին ուսումնասիրության մեջ, խոսելով գյուղացիության տնտեսական քայքայման ու շերտավորման, հողասակավության, վարձակալական հարաբերությունների, տարագնացության, հարկային համակարգի, վաշխառության և այլ երևույթների մասին, առաջադրում է լուծումներ, որոնք որպես գյուղի նյութական կյանքի բարելավման առաջադրույթներ, առաջարկվում էին նարոդնիկների կողմից:
Սողոմոն Եղիազարյանը (1852-1914) հատկապես հայտնի է Անդրկովկասի հաստատությունների` գյուղական համայնքի և համքարական կամ քաղաքային ցեխային կազմակերպությունների վերաբերյալ ուսումնասիրություններով: Եվ դա հասկանալի է: XIX դ. երկրորդ հիսնամյակին կապիտալիստական տնտեսաձևի արագ զարգացումը օրակարգում էր դրել այդ հաստատությունների պատմական գոյության իրավունքը: Դրանց ուսումնասիրումը ներկայացնում էր և գիտական և պրակտիկ հետաքըրքրություն: Ռուսաստանի ծայրամասերում "ապրող ժողովուրդները գտնվում են քաղաքացիության տարբեր աստիճաններում ... նրանց հաստատությունները միաժամանակ կարելի է ուսումնասիրել զարգացման տարբեր փուլերում և այդպիսով հետևել դրանց բնական աճի ընթացքին ..., նոր լույս սփռել իրավունքի և հաստատությունների հաջորդական և առաջընթաց զարգացման օրենքների վրա ընդհանրապես": Բաշխման և հարկային համակարգերի կատարելագործման, վարկի, արտադրության առաջավոր մեթոդների օգտագործման կամ գների քաղաքականության վերաբերյալ նրա առաջարկներն ու ուղեգծումները նպատակ էին հետամտում նոր իրադրության հետ կապակցելու հին տնտեսական հաստատությունները:

XX դարասկիզբը հասարակության ու սոցիալական զարգացման նոր որոնումների ժամանակաշրջան էր: Հասարակության հայեցության առաջ ծառանում են բազմաթիվ նոր անհայտներ, նոր պատրանքներ, ակնկալվում նոր սպասումներ` հասարակության կնճռոտ հարցերի լուծման ասպարեզում: Արդեն 1890-ական թվականների կեսերին, տնտեսական և քաղաքական դարասկզբի նոր կացության պայմաններում "ազգային մտայնության շերտերում ի հայտ եկան սոցիալական նորահայտ շարժումներ դավանող հոսանքներ ու տեսություններ": Ավարտվում էր հայ հասարակական, տնտեսագիտական մտքի հոսանքների դասական շրջանը: Այնուամենայնիվ հայ տնտեսագիտական միտքը նշանավորվում է նոր շահեկան ուսումնասիրություններով:
Վահան Տոտոմյանցը (1873–1952) կոոպերատիվ մտքի հայտնի տեսաբաններից է: Կոոպերացիան` որպես մարդկային աշխատանքի համագործակցության որոշակի ձև, պատմականորեն գոյություն է ունեցել հասարակության վաղ աստիճաններից սկսած: Սակայն բոլոր դեպքերում կոոպերատիվ ընկերությունների (արտադրողական, սպառողական, վարկային, գյուղատնտեսական) դարաշրջանը կապվում է կապիտալիստական տնտեսակարգի` սոցիալական, տնտեսական ու իրավական այն հարաբերությունների հետ, որոնք անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծել այդ կազմակերպությունների առաջացման համար: Դրանք չեն ենթադրում լոկ եսասիրության սկզբունքը և բացառում ալտրուիզմը: Այն նպատակ ուներ եսասիրության սկզբունքը հաշտեցնել, այսպես կոչված, հասարակական շահերից բխող "սոցիալական պարտքի" հետ: Վ. Տոտոմյանցի ուսմունքը, եթե մի կողմից, հայտ ուներ դեպի Օ. Կոնտի "Սոցիալական ֆիզիկան", որը ենթադրում է "համընդհանուր սոցիալական համերաշխություն", քանի որ կոոպերացիան այն հաստատությունն է, որ հնարավորություն կտա նրա անդամներին գիտակցել եսասիության և ալտրուիզմի սկզբունքների փոխկախվածությունը, ապա մյուս կողմից, ելակետ ուներ Հ. Սպենսերի հայեցությունը, և նպատակ ուներ կոոպերացիայի անդամների մարդկային բնության կատարելագործման և դեմոկրատացման սկզբունքների արմատավորման միջոցով հասնելու հասարակական հիմքերի փոփոխության: Այս իմաստով, պետության օգնությամբ կոոպերատիվ ասոցացիաների ստեղծումը նա համարում էր պակաս ռացիոնալ ուղի, քան ինքնօգնության սկզբունքի վրա հիմնված ներքևից կատարվող ուղին. "Սոցիալական կարգը կախված է անհատների որակական հատկություններից: Պրոգրեսը քիչ է կախված կառավարությունից, դրան ավելի շուտ կարելի է հասնել կազմակերպված և դաստիարակված մասսայի միջոցով: Կոոպերացիան ներկայացնում է միավորված անհատների ստեղծագործությունը":
Տնտեսական ձևերի հաջորդափոխությունը բարդ ու երկարատև էվոլյուցիոն պրոցես է, հնի և նորի տարրերը սինթեզող բազմաթիվ ձևերի միջնորդվածություն: Տնտեսական կազմակերպության ձևերը բարդ են, բազմազան և գտնվում են մեկը մյուսի հետ հաջորդական կապի մեջ: Իսկ քանի որ հասարակության պատմությունը տնտեսաձևերի հաջորդափոխության, դրանց կատարելագործման պատմություն է, ուստի և նոր տնտեսաձևերը մեկուսացած իրողություններ չեն և հաճախ դրանց նախատիպերը կարելի է հանդիպել հասարակության վաղ շրջաններում` ամենատարբեր ձևերով: Հետհասարակական զարգացումը ենթադրում է տնտեսաձևերի հաջորդափոխությունը, որը սակայն չի բացառում նախորդ ձևերի որոշ տարրերի կրկնությունն ու պահպանումը, դրանց հետագա զարգացումը:
Տնտեսական ու սոցիալական ներհակությունների պրոբլեմը մշտապես ուղեկցել է հասարակության զարգացմանը, և հասարակական միտքը միշտ էլ փորձել է լուծել կնճռոտ հարցերը: Առաջադրվել են ուսմունքներ ու ծրագրեր, որոնց նպատակն է եղել հարթել այդ ներհակությունները պայմանավորող հանգույցները: Այս իմաստով Վ. Տոտոմյանցի բազմաթիվ աշխատությունները ոչ միայն կոոպերացիայի ձևերի ծագման ու էվոլյուցիայի նկարագրությունն են, այլև դրանց տեսական հիմնավորումը, գոյություն ունեցող տնտեսական ու սոցիալական ուսմունքների պարբերացումը, դրանց գիտական ու պատմական նշանակության վերլուծությունը:
Մենտոր Բունիաթյանի (1877-1969) գիտական նախասիրությունների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում տնտեսական ճգնաժամերի տեսության ու պատմության հարցերը: Ճգնաժամերը խախտում են "արտադրության հաստատված կարգը", փոխելով տնտեսական զարգացման ռիթմը, խորացնելով դասակարգային ու սոցիալական ներհակությունները: Դա այն հանգուցային պրոբլեմն է, որի հետ անմիջականորեն առնչվում և խաչաձևում են "քաղաքատնտեսության ընդհանուր տեսության" համար կարևոր նշանակություն ունեցող "մի ամբողջ շարք կարևորագույն հարցեր": Մ. Բունիաթյանը, տալով ճգնաժամերի "մորֆոլոգիան", դիտողություններ է անում դրամական, վարկային, ապրանքային,բորսային և սպեկուլյատիվ, արդյունաբերական ու ագրարային ճգնաժամերի առանձնահատկությունների, ծագման ու ընթացքի վերաբերյալ: Դրանք, լինելով հասարակական վերարտադրության ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասերը, "տնտեսական երևույթներից կտրած աբստրակցիաներ" են, որոնք իրականում գտնվում են փոխադարձ կապի մեջ: Ճգնաժամը որոշ առումով հավասարակշռվածություն է ստեղծում տնտեսության մեջ: Հատկապես կարևոր է կապիտալի նորացումը, թե տեխնիկական վերազինումները հնարավորություն են տալիս "արդյունքներն էժանացնելով, սպառումն ընդլայնելով և նոր պահանջմունքներ ծնելով, դնելու նոր շրջանի վերելքի հիմքը":
Գերարտադրության ճգնաժամերը բնորոշ են ոչ միայն արդյունաբերությանը, այլև գյուղատնտեսությանը, որոնք չունեն նույն պարբերականությունը և "ըստ իրենց ծագման ներկայացնում են որպես կամ արտադրության, կամ բաշխման ֆենոմեն": Տնտեսության պարբերական ցնցումների պատճառը մի մասով էլ պայմանավորված է տնտեսական կյանքի կազմակերպման տեխնիկական թերություններով: "Ժամանակակից տնտեսական կազմակերպությունը ... իր մեջ ամփոփում է նրա ներդաշնակ զարգացմանը և տնտեսական խանգարմանը հեշտ առիթ տվող մի շարք մոմենտներ": Խոսքը վերաբերում է մասնավոր սեփականության և աշխատանքի բաժանման սկզբունքների առկայությանը: Աշխատանքի բաժանման խորացումը "օրգանական կապ" ու "կախվածություն" է ստեղծում ձեռնարկությունների միջև, որոնք իրենց "տնտեսական ինքնորոշման մեջ մնալով իրարից անկախ", միաժամանակ հանդես են գալիս որպես "հասարակական տնտեսության անբաժանելի մասեր": Հասարակական արտադրության ղեկավար սկզբունքը դառնում է ոչ թե ապրանքի, այլ "արժեքի" արտադրությունը, իսկ որքանով այն իրականացվում է տարերային ձևով` առաջ է գալիս հակասություն` մի կողմից մասնավոր տնտեսական շահերի, իսկ մյուս կողմից` դրանց ու հասարակական շահերի միջև, որը դրսևորվում է հասարակական արտադրության և պահանջմունքների ու սպառման միջև գոյություն ունեցող հակասության ձևով: Իսկ քանի որ բացակայում է "ժողովրդական օրգանիզմի առանձին անդամների տնտեսական գործունեությունը կարգավորող մարմինը", ուստի և տնտեսական կյանքը չի կարող զերծ լինել խափանումներից:
Ճգնաժամերը բացատրող տեսություններից նա հատկապես արժեքավորում է Ս. Ջևոնսի, Կ. Մենգերի և Ա. Վալրասի "նոր տեսությունը": Նյութական բարիքները բաժանվում են անմիջական սպառման առարկաների և արտադրական սպառման առարկաների: Վերջիններս, այսպես կոչված "բարձրագույն կարգի բարիքներ" են, որոնց միջոցով իրականացվում է սպառման առարկաների արտադրությունը: "Բարձրագույն կարգի բարիքները" ածանցյալ արժեք ունեն և կախված են դրանց միջոցով արտադրվող սպառողական բարիքների արժեքից: Հաճախ "սպառողական և արտադրողական բարիքների արժեքների կազմավորման գործոնների փոխադարձ կապը կտրվում է և արտադրությանը զրկում նրա ամբողջ ընթացքում արժեքի սկզբունքը խիստ վերահսկողության ենթարկվելուց": Սակայն, մոնոպոլիստական միավորները տնտեսական զարգացման պրոցեսում առաջ են բերում "նոր գծեր" և "վերացնելով կամ սահմանափակելով մրցակցությունը", արտադրությանը տալիս են պլանաչափ բնույթ և վերականգնում "կապիտալացման և կապիտալի սպառման պրոցեսի միջև հավասարակշռությունը":
Հայ մտքի նոր չափումների համար շահեկան հանդիսացան Միքայել Վարանդյանի (1870-1934) աշխատությունները: Նա մարքսիզմը դիտում է որպես մի ուսմունք, որում առաջադրված շատ թեզեր, որպես պատրանքներ, խոցելի են դարձել իրական զարգացման ճշմարտության հանդեպ: "Հեգելյան վերացական մի կառուցվածքի" վրա հիմնված այդ ուսմունքը, որը չափումների անհամապատասխանություն է հայտնաբերում և "անհամաձայն էր կենդանի իրականության հետ", իր շատ մասերով չի դարձել պատմության ուղեկիցը: Մարքսի ուսմունքի խարիսխը, որի վրա կառուցվում է հասարակական հարաբերությունների ամբողջ համակարգը, ենթադրում է տնտեսական գործոնը, իսկ դա նշանակում է "պատմական վերիվարումերին" տալ միագիծ գնահատումներ, մի կողմ թողնելով հոգևոր ու գաղափարական ազդակների նշանակությունը:
Մարքսիզմի բազմաթիվ դրույթներ հակասության մեջ են կյանքի քննության հետ: Սահմանափակ պիտի դիտել այն անվերապահ դիտարկումը, թե գնալով խորանում են դասակարգային ու սոցիալական ներհակությունները: XX դարասկզբին, քաղաքակրթության ընթացքը պարտադրում է ճշտումներ կատարելու այդ ըմբռնումներում և որքան էլ այն ենթակա լինի "շահամոլ էգոիզմի" դրսևորումներին, այնուհանդերձ նախորդ դարաշրջանների համեմատությամբ հումանիզմի սկզբունքն ավելի շեշտված է և ընդհանուր զարգացումը գնում է հենց այդ ուղղությամբ. "էգոիստական մղիչները հետզհետե նվազում են, տեղի տալով ալտրուիստական կամ այլասիրական մղիչներին":
Հասարակության էվոլյուցիայի գործակիցները միանգամից ստեղծվել չեն կարող, դա պահանջում է նախապատրաստական մի երկարատև պատմաշրջան, որն այդ որակափոխությանը կտա պատճառականացված և բնականոն ձև. "նոր բարձր ընկերային իրավակարգը, արդեն պատրաստված ու հասունացած հնի ծոցի մեջ, պիտի բխի հին, կապիտալիստական իրավակարգից նույնքան բնականորեն, ինչպես հասունացած երեխան լույս աշխարհ է գալիս մոր արգանդից ...": Այս օրինաչափության մեջ է, որ չի տեղադրվում ռամկավարության ռուսական տարբերակը, որը փորձ էր ցատկելու բնականոն զարգացման հայտնի փուլերի վրայով: Արդյունքում երկիրը վերածվեց Tabula rasa -ի, մի կատարյալ "մերկ տախտակ" տրոհված հասարակական օրգանիզմ, քայքայված արդյունաբերություն և գյուղատնտեսություն, զինվորական կարգապահություն:
Մ. Վարանդյանի դարասկզբին արված դիտողությունները համահընչուն լինելով դարեվերջի նորագույն ըմբռնումներին ձեռք են բերում արդիական նշանակություն: Նա իր վերլուծություններում առաջնորդվում էր քննադատական մտքի վերընթաց չափանիշներով:
Դարասկզբի հայտնի դեմքերից է Բախշի Իշխանյանը (1879-1921), որի մտորումները "հասարակության ինչ է լինելու և ինչպես է զարգանալու մասին" հայ քննադատական մտքի ուշագրավ էջերից են: Նրա "Տնտեսական զարգացման ֆազերը" աշխատությունը նվիրված է հասարակական զարգացման աստիճանների, այն պայմանավորող օրենքների և այդ աստիճանները բնութագրող առանձնահատկությունների վերլուծությանը: Ուրվագծելով հասարակության առաջընթացի հետագիծը առանձնացվում է տնտեսական զարգացման երեք շրջաններ` տնային փակ տնտեսություն, քաղաքային տնտեսություն և ժողովրդական տնտեսություն: Այս բաժանման հիմքում դրված է փոխանակային կոնցեպցիան, որով ելակետային նշանակություն է տրվում փոխանակության ձևերի փոփոխությանը, ճշգրիտ ու առավել ընդհանրական ցուցադրելով "պատմական մարդու տնտեսության զանազան ձևերը, նրանց աստիճանական բարդացումը": Հասարակական կյանքի ճանաչողության հարցերում հայ իրականությանը հաղորդակից դարձնելով համաշխարհային մտքի ձեռքբերումներին, նա փորձում է պարզել, թե ի՞նչ է ինքն այդ հասարակություն ասածը, ինչպես է կազմված, ի՞նչ օրենքներ են իշխում նրա զարգացման մեջ, որո՞նք են նրա առաջադիմությանը նպաստող հանգամանքները և ի՞նչ պայմաններ են արգելք հանդիսանում նրա զարգացման ընթացքում: Սոցիոլոգիական մտքի բոլոր ուղղություններից առավել տարողունակը հոգեբանականն է: Այն հասարակական երևույթների պատմական բացատրության ու զարգացման օրինաչափությունների հիմքում դնում է անհատի ու կոլեկտիվի հոգեբանական գործակիցները իրենց փոխազդեցությունների մեջ և առավել ստույգ է արտահայտում ընդհանուր էվոլյուցիան, քանի որ "անհատական և հասարակական հոգեբանությունների ընդհարումները ու հաշտությունները կազմում են հասարակական կյանքի զարգացման ուղին": Բ. Իշխանյանի "Հասարակական գաղափարները" (1910) իր վերլուծական մեթոդաբանությամբ, հասարակական մտքի չափումների իր առանձնահատկություններով նորարարություն էր ակընկալում, ինչը անվանվում է "գենետիկ-վերլուծական մեթոդ": Ի տարբերություն պատմախրոնիկականի, այն ենթադրում է "գաղափարների ու պրոբլեմների այսպես ասած` խմբակցության (գրուպպիրովկա) եղանակը ... իրենց ներքին օրգանական կապակցությամբ և դրանց շուրջը խմբել հեղինակի զանազան ժամանակներում ունեցած արտադրությունները", որպես "որոշ հասարակական կատեգորիայի դասակարգային շահերի և ձգտումների պատմական միսիայի լոգիկական արտահայտիչներ":
Ուշագրավ է Բ. Իշխանյանի "Развитие милитаризма и империализма в Германии” (1917) աշխատությունը: Ի դեպ գրքի ներածությունը գրել է Մ. Տուգան-Բարանովսկին, այն արժեքավորելով որպես պատերազմի պատճառները լուսաբանող "ընդարձակ և ուսանելի փաստացի նյութի" վրա շարադրված և "հասարակական ուշադրության" արժանի ուսումնասիրություն: Այն հանգամալից պատկերացում է տալիս Գերմանիայի տնտեսական էվոլյուցիայի մասին, որը զուգորդվում էր բնակչության գաղափարական ու հոգեբանական նախապատրաստությամբ, առաջ բերելով մի տեսակ "միլիտարիստական մանկավարժություն", որը ուժի փառաբանությունը հասցնում է բացարձակ հասկացության, ուր մնացած ամեն ինչի գոյությունը դառնում է ենթակայական:
Բ. Իշխանյանը Կովկասի տեխնիկատնտեսական ու ընդհանուր մշակութային առաջադիմության աղյուսակի առաջին հորիզոնականը հատկացնում է հայերին, որոնց մոտ զարգանում է նորաքաղաքացիության օրգանիզմը իր արդյունաբերական, առևտրական և ֆինանսաբանկային ճյուղավորումներով, զարգացում, որի հիմքում արդեն դրված է տնտեսական ռացիոնալիզմի սկզբունքը:
Հայ մտքի պատմության մեջ կան այնպիսի հեղինակներ, որոնց գործերը ժամանակի հետ ստանում են նոր հնչեղություն: Այդ մտածողներից է Դավիթ Անանունը (Տեր-Դանիելյան) (1879-1942): Նրա հետազոտությունները գերազանցապես պատմատնտեսագիտական բնույթ ունեն: "Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում" աշխատությունը տալիս է հայ ազգի տնտեսական, կուլտուրական և հոգևոր էվոլյուցիայի ընդհանուր նկարագիրը, "քաղաքացիական զարգացման գործոնները":
Ռուսական տիրապետությունն "Անդրկովկասի տնտեսական կյանքի համար ունեցավ հեղաշրջող նշանակություն": Դ. Անանունն այս իմաստով քննության է ենթարկում Ռուսաստանին միանալուց հետո արևելահայ ագրարային հարաբերությունների օրենսդրական կարգավորման ընթացքը, ցույց տալիս արդյունաբերության ու առևտրի զարգացումը: Լինելով պատմաբանտնտեսագետ նա տնտեսական գործոնը դիտում էր որպես հայ ազգային անկախության և ուժի գրավականը: Նրա հայեցողության մեջ թեև չէր սահմանազատվում տնտեսական զարգացման վերաբերյալ հասարակական մտքի ուղղությունների տիրույթը, հաճախ տարրալուծելով դրանք, այնուհանդերձ նշմարվում են կռվաններ, որոնց վրա "պիտի ամրանար ու ծավալվեր հայության հավաքումը": "Հայության ազգային կառուցվածքն այլանդակված դուրս եկավ թուրքպարսկական տիրապետությունից": Իսկ ինչ արդյունք ունեցան հայահավաք գաղափարները ռուսահայերի հասարակական զարգացման արդյունքում:
XIX դարի ընթացքում, ինչպիսին էին տնտեսական կյանքն ու դասակարգային փոխհարաբերությունները, որոնք պայմանավորեցին գաղափարի և դրա իրականացման ճեղքվածքը. "Հայությունը չէր ապրում ինքնամփոփ տնտեսական կյանքով: Նրա տարբեր դասակարգերի շահերը բացասաբար չէին խաչաձևում կամ անջատվում միևնույն տնտեսական պտվանդանի կամ երևույթի շուրջը: Հաշտությունն ու բախումը տեղի էր ունենում այնպիսի պայմաններում, որ ազգային հանգամանքը բռնում էր ետին տեղը: Անդրկովկասի խայտաբղետ ազգաբնակչական կազմը, հայկական դրամագլխի գաղութայնությունն ու թափառասիրությունը, պետականության ստեղծած հարստացման հնարավորությունները առանց հայկական տարրի որևէ մասնակցության, Հայաստանի անջատված լինելը մեծ ուղիներից ու զարգացած տնտեսական կենտրոններից այս բոլորը չէին վկայում ու խոսում այն մասին, թե հայությունը տնտեսապես ինքնամփոփ է և նրա դասակարգերը շահագրգռված իրար գոյության այս կամ այն վիճակով: Այո, տնտեսական կապը հայերի, իբրև ազգության մեջ, չափազանց թույլ էր և այդ պատճառով տկար էր ազգային մարմինը": Ազգության "ներքին ու արտաքին" խորհուրդը տնտեսական խնդիրն է, որի համար անհրաժեշտ է ստեղծել ընդհանուր տարածքային պատվանդան, որպես "ազգային բարոյական կապն ամրացնող" գործոնի, որից դուրս մնացած հատվածներն իրենց "նյութական զորությամբ անմասն են մնում ազգի կյանքին": Վերլուծելով Հայաստանի ու Ղարաբաղի տնտեսական ամբողջության հիմքերը, Դ. Անանունը եզրակացնում է, թե "Ղարաբաղը ամբողջական Հայաստանից դուրս` դա խոց է ... եթե Ադրբեջանում խելքը գլխին քաղաքագետներ լինեին, նրանք ամենից առաջ կհրաժարվեին Ղարաբաղից: Եթե Հայաստանում հայրենիքի հավաքման համոզված գործիչներ կան` նրանք օրն ի բուն պիտի խորհեն Ղարաբաղի մասին": "Պայքարին է վերապահված լուծելու հարցը ...": Այդ է պահանջում "հավաքական հայության" գաղափարը` ազգային միասնության գաղափարը:

XX դար մուտք գործելուց երկու տասնամյակ անց տնտեսագիտական միտքը "ռուսական դաշտում" սկսում է կծկվել, երևույթների բացատրության համար մեկնակետ ընդունելով մարքսիստական տնտեսագիտությունը, որպես պաշտոնական տեսություն: Գործում էին որոշակի չափանիշներ, որոշարկվում էին ճշտի ու սխալի սահմանները, մեկն ընդունելով` ժխտում մյուսը: Միակողմանի դարձած բնորոշումներն ընդունել էին վերջավորված սահմանումների ձև: Իր վերլուծական խորացումների մեջ այդ անհամաչափությունը, որը դրսևորվում էր խորհրդային տնտեսագիտության մեջ` արևմտյան տեսական մտքի համեմատությամբ, պիտի շարունակվեին տասնամյակներ:

Տնտեսագիտություն: Ուսումնական ձեռնարկ: Ռ. Ն. Սարինյանի խմբագրությամբ, ՀՊՃՀ, Երևան, 2005
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել