Կիրակի, 03 Նոյ 24, 13:48

Ժամանակի լավ օգտագործումը ժամանակը դարձնում է ավելի թանկարժեք: Ժան Ժակ Ռուսո


Եկամտաբեր ակտիվներ (доходные активы, активы, приносящие доход, earning assets). բանկի այն ակտիվները, որոնք բերում են եկամուտ տոկոսի կամ շահութաբաժինների տեսքով: Դրանք հիմնականում բանկի կողմից տրամադրված վարկերն են և արժեթղթերում կատարված ներդրումները: Անվանվում են նաև աշխա­տող ակտիվներ: Եկամտաբեր ակտիվներից է բանկը ստանում իր եկամուտ­ների մեծ մասը: Եկամտաբեր ակտիվները պետք է տարբերել ոչ եկամտաբեր այնպիսի ակտիվներից, ինչպիսիք են կանխիկ դրամական միջոցները, կենտրոնական բանկում պարտադիր պահուստները: Կազմակերպության շենքը, որպես կանոն, եամտաբեր ակտիվ չէ, սակայն այլ անշարժ գույքում ներդրումները կարող են լինել այդպիսին, եթե այդ ակտիվը բերում է եկամուտ` վարձավճարի տեսքով: Տե’ս նաև` եկա­մտա­բեր արժեթղթեր:

Եկամտաբեր արժեթղթեր (доходные ценные бумаги, income stock). արժե­թուղթ կամ բաժնետոմսեր, որոնք ձեռք են բերվել, առաջին հերթին, կայուն և համե­մա­տաբար բարձր եկամուտ ստանալու համար, որը կարելի ակնկալել դրանց գծով: Դրանք կարող են լինել հաստատագրված եկամտով պետական արժեթղթերը կամ ցանկացած սովորական (հասարակ) բաժնետոմս, որի մասին հայտնի է, որ այն ապա­հովում է լավ եկամուտ:

Եկամտի էֆեկտ. ազդեցություն, որն ունենում է արդյունքի գնի փոփոխությունը սպառողի իրական եկամտի (գնողունակության) վրա՝և համապատասխանաբար սպառողի կողմից գնվող ապրանքի քանակի վրա՝ հաշվի առնելով (կամ հաշվի չառնելով) փոխարինման էֆեկտը:

Եկամուտ (доход, income, revenue, gain). չափազանց շատ տարաշված, լայնո­րեն կիրառվող, միևնույն ժամանակ բազմանշանակ հասկացություն, որն օգտա­գործ­վում է տարբեր նշանակություններով: 1) բառի լայն իմաստով նշանակում է դրա­մա­կան միջոցների ցանկացած ներհոսք կամ դրամական արժեք ունեցող նյութական արժեքներ, 2) որևէ գործունեությունից ստացվող դրամական գումարները և այլ ար­ժեքները, 3) սեփականությունից ստացվող մուտքերը, օրինակ` ռենտան (վարձա­վճա­րը), շա­հու­թա­բա­ժինները, տոկոսները և հեղինակային իրավունքը կամ արտոնագիրն օգտագործելու համար վճարները, 4) հողի կամ աշխատանքի օգտագործումից ստաց­ված դրամական միջոցները, 5) տվյալ ժամանակաշրջանում մուտ­քերի գերա­զան­­ցումը դրանց հետ կապված ծախսերին և վնաս­ներին, 6) ավելի նեղ իմաստով եկամուտը նույնացվում է զուտ շահույթին, 7) հաշվապահական հաշվառման իմաս­տով կազմակերպության եկամուտը բնութագրվում է որպես նրա ակտիվների ավելա­ցում կամ պարտավորությունների փոքրացում, որոնք հանգեց­նում են սեփական կապիտալի մեծացման: Եկամտի հասկացության նման բնորոշում ընդունված է նաև ՀՀ հաշվապահական հաշվառման մասին օրենսդրությամբ:

Եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն (отчет одоходах и расходах, income-and-expenditure statement, income, statement). կազ­մա­կերպու­թյան կողմից կազմվող ֆինանսական հաշվետվություն, որն ամփոփ բնու­­թագրում է հաշվետու ժա­մա­նա­կա­հատ­­վածում (եռամսյակ, տարի) նրա գործու­նեու­­թյան ֆինան­սա­կան արդյունքները: Այս հաշ­վե­տվության հետ անմիջականորեն կապված տար­րերն ­են եկամուտները և ծախսերը: Եթե կազմակե­րպության եկամուտ­ները գե­րա­զան­ցում են նրա ծախսերը, ապա նա աշխատում է շահույթով, հակառակ դեպքում, կազ­մակերպությունն աշխատում է վնասով: Մի շարք երկրներում անվան­վում է շա­հույթների և վնասների մասին  հաշվետվու­թյուն:

Եվրարժույթ (евровалюта, eurocurrency). 1) տարբեր երկրների ընկերություն­ների և կառավարությունների դրամական միջոցները, որոնք ավանդադրված են իրենց սեփական երկրի տարածքից դուրս գտնվող, գլխավորապես` եվրոպական երկրների, բանկերում: Այդ ավանդ­ները եվրոպական երկրներից որևէ մեկի արժույթով է, որը, սակայն տվյալ երկրի ազգային արժույթը չէ: Օրինակ, ԱՄՆ դոլարները Ֆրան­սիայի կամ Իտալիայի բանկե­րի հաշիվներում կոչվում են Եվրոդոլարներ, գերմանա­կան մարկերը Շվեցյարիայի կամ Մեծ Բրիտանիայի բանկերի հաշիվներում` Եվրո­մարկեր և այլն: Եվրարժույթներն օգտագործվում են վարկերի և փոխառությունների տրամադրման ու ստացման համար: Դրանով առևտրային բանկերն իրագործում են ավանդա-փոխատվական ան­կանխիկ գործառնություններ այդ արժույթները թողար­կող երկրնե­րի սահմաններից դուրս: Հիմնական փոխառուները և վարկատուներն են առևտրային բանկերը, խոշոր ընկերությունները և կենտրոնական բանկերը, 2) թո­ղարկող երկրի սահմաններից դուրս գործածություն ունեցող առանձին երկրների ազ­գային արժույթները, որոնցով գործառնությունները կատարում են օտարերկրյա բանկերը` զգալի մասշտաբներով:

Եվրարժույթի շուկա (рынок евровалюты, евровалютный рынок, eurocur­rency market). փոխատվական կապիտալների միջազգային շուկա, որտեղ գործառ­նություններ են կատարվում եվրարժույթով: Հիմնվում է վարկային գործառնու­թյուն­նե­րի վրա, որոնք կատարվում են ազգային արժույթի հետ՝ իր ծագած երկրի սահման­նե­րից դուրս: Վարկային գործունեության հիմքում ընկած են Եվրարժույթի ավանդները  (դեպոզիտ­ները): Եվրարժույթի շուկան սկսել է ձևավորվել 50-ական թվական­նե­րի կեսերին և ներառում է դրամական, միջին ժամկետ և կարճաժամկետ վար­կերի և պար­տատոմսերի շուկաները: Հիմնական փոխառուները և վարկա­տու­ներն են առև­տրա­յին բանկերը, խոշոր ընկերությունները և կենտրոնական բանկե­րը: Ընդ­գրկում է բոլոր առաջատար միջազ­գային ֆինանսական կենտրոնները: Ներգրա­վելով եվրար­ժույթով միջոցներ, հաջողվում է հասնել ավելի շահավետ պայմանների և տոկոսա­դրույքների, իսկ երբեմն էլ` խուսափել ազգային կարգավորումից և հարկու­մից: Եվրարժույթի շուկան հաճախ հնարավորություն է տալիս ստանալու էժան և իրաց­վելի միջոցների հարմար ձև` միջազգային առևտուրը և օտարերկրյա ներդրում­ները ֆինանսավորելու համար: Մի երկրի ռեզիդենտները դրամը տեղափոխում են մեկ այլ երկրի բանկի հաշիվներ` ավելի բարձր տոկոսադրույք ստանալու նպատակով: Ժամ­կետային բնույթի Եվրարժույթի դեպո­զիտները  կարող են ավանդային սերտիֆի­կատ­ների ձևով մի տիրոջից անցնել մյուսին: Նրանք ներկայացնում են դրամական ավանդ­­ների ստացման բանկային ստացագրեր, որոնք պայմանավորված ժամանա­կա­շրջանում դուրս հանման ենթակա չեն: Սերտիֆիկատը տոկոս է բերում, ընդ որում, ավան­դա­տուն կարող է վաճառել շուկայում և դրամը ստանալ մինչև սերտիֆիկատի ժամկետը լրանալը: Սերտիֆիկատը դառնում է գործարքի առարկա: Եվրո­բանկերը, որոշ չափով բարձարցնելով տոկոսի մեծությունը, ավանդների իրավունքը  զիջում են միմյանց: Գործարքը կնքվում է կարճ ժամկետով (1-3 ամիս): Ներգրավելով կարճա­ժամ­կետ միջոցներ, եվրոբանկերը դրանք փոխակերպում են միջին ժամկետայինի, օգտա­գործելով ավանդային սերտիֆիկատները և նորացվող վարկերը:

Եվրարժույթով դեպոզիտներ՝ եվրոդեպոզիտ (депозиты в евровалюте, eurocurrency depo­sits). այլ արժույթով արտահայտված դեպոզիտը, որը տարբեր է այն երկրիազգային արժույթից, որտեղ գտնվում է դեպոզիտ ընդունող բանկը, օրինակ` եվրարժույթի շուկայում գործառնու­թյուններ իրականացնելիս:

Եվրո (евро, euro). Եվրամիության երկրների միասնական արժույթը: ԵՎՐՈ-ի զամ­բյուղի մեջ մտնում են գերմանական մարկը, ֆրանսիական ֆրանկը, հոլան­դական գուլդենը, իտալական լիրան, բելգիական ֆրանկը, իռլանդական ֆունտը, իսպանա­կան պեսետան, ավստրիական շիլինգը, պոր­տուգալական էսկուդոն, լյուքսեմ­բուրգ­յան ֆրանկը, ֆիննական մարկը և հունական դրահման: ՀՀ բանկային օրենս­դրու­թյամբ ԵՎՐՈ-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին են հա­վա­սարեցվում նաև շվեյ­ցա­րական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդա­կան կրոնը, դանիական կրոնը և ավստրալիական դոլարը: ԵՎՐՈ-ն գործա­դրվեց երեք փուլով: Առաջին փուլում, որը տևեց 1990թ. հուլիսի 1-ից մինչև 1994թ. հունվարի 1-ը, ազատականեցվեց դրամա­կան միջոցների հոսքը Եվրամիության երկրների միջև, ամրապնդվեց  կենտրոնական բանկերի համագործակցությամբ և կատարվեց տնտեսությունների ընդհանուր մերձե­ցում: Երկրորդ փուլում, Մաաստ­իխտի համաձայնագրի շրջանակներում ավելի խստո­րեն համակարգվեց երկրների տնտեսական և դրամական քաղաքա­կա­նությունը, ստեղծ­վեց Եվրոպայի կենտ­րո­նական բանկի նախատիպը` Եվրոպայի ար­ժույթի հաս­տատու­թյունը: Եր­րորդ փու­լում, որն սկսվեց 1999թ. հունվարի 1-ից, մտցվեց նախ անկանխիկ գործառ­նու­թյուններում, իսկ 2002թ.-ից` նաև միաս­նա­կան թղթադրամներն ու մետա­ղադրամները:

Եվրոդոլարներ (евродоллары, eurodollars). ԱՄՆ դոլարով դրամական միջոց­նե­րը, որոնք դրանց տերերի կողմից ավանդադրվել են ԱՄՆ-ի տարածքից դուրս գտնվող, գլխավորապես` եվրոպական երկրների բան­կերում: Դոլարով բանկային հա­շիվները թույլ են տալիս այն բանկերին, որոնցում բացված են այդ հաշիվները, դոլարներն օգտագործել միջազգային առևտրական գործառնությունների կարճա­ժամ­կետ ֆի­նան­սա­վորման համար, քանի որ դոլարն ընդունված է որպես համաշխար­հային արժույթ: Համարվում են բան­կերի համար կարճաժամկետ վարկային ռեսուրս­ներ բարձր արդյունավետ աղբյուր­ներ: Որոշ արժեթղթեր թողարկվում են եվրադոլար­նե­րով, այսինքն` դրանց տոկոսները վճարվում են օտարերկրյա բանկերի հաշիվ­նե­րում ավանդադրված դոլարներով: Եվրադոլարի շուկան առաջացավ Լոնդոնում 1950-ական թվականների վերջե­րին, երբ միջազգային առևտրի ֆինանսավորման և օտար­երկրյա ներդրումների համար դոլարի նկատմամբ աճող պահանջարկը համըն­կավ դոլարի ուժեղացող ներհոսքի հետ: Այդ ժամանակներից ի վեր եվրոդոլարի հաս­կա­ցությունը կրել է զգալի փոփոխություններ: Ներկայումս այս հասկացությունը կի­րառ­վում է ԱՄՆ-ից դուրս գտնվող բոլոր բանկերի դոլարային ավանդների նկատ­մամբ: Միջազգային արժութային համակարգի կարևոր և բարձր օպերատիվություն ունեցող մասն է: Տե’ս նաև` եվրարժույթ:

Եվրոշուկա (еврорынок, euromarket). 1) փոխատվական կապիտալների միջազ­գա­յին շուկա, որտեղ գործառնություններն իրականացվում են գլխավորապես եվրար­ժույթով և եվրո­պար­տա­տոմսերով: Ստեղծվել է Եվրոպայում 50-ական թվականներին` միջազգային առևտուրը ֆինանսավորելու համար: Ընդգրկում է միջազգային դրամա­կան և կապի­տալի շուկաների մի ամբողջ ասպեկտ: Ներառում է բոլոր համաշ­խար­հա­յին ֆինան­սական կենտրոնները, որտեղ կատարվում են եվ­րար­ժույթով գործառնու­թյուններ: Շուկայի հիմնա­կան մասնակիցներն են առևտրային բանկերը, խոշոր ընկե­րու­թյունները և Եվրոմիու­թյան-անդամ կենտրոնական բան­կերը: Եվրոշուկայում որ­պես փոխատուներ հանդես են գալիս առավելապես մասնավոր առևտրային բանկե­րը, իսկ փոխառուների դերում` միջազգային կորպորացիաները և այն պետություն­ները, որոնք ունեն արտարժույթի կարիք: Գործառնությունները կատարվում են կար­ճա­­ժամկետ (մինչև 18 ամիս) վարկերի տեսքով: 1960թ. շրջանառության մեջ մտան եվրո­դոլարային ավան­դա­յին սերտիֆի­կատները: Եվրոշուկայի հնարավորությունները մեծա­ցան եվրովարկերի հայտնվելով: Բացի վարկերից, եվրոշուկան ներկայանում է եվրոպար­տատոմսերի փո­­խա­ռություններով գործառնություններով, եվրարժույթի ար­ժե­թղթերով ֆյուչեր­սա­յին գործարքներով: Եվրոշուկան ընդունված է ստորաբա­ժանել եվրարժույթի, եվրովարկի և եվրոկապիտալների շուկաների: Ազգա­յին շուկա­ներից եվրոշուկայի ոչ պակաս կարևոր տարբերությունն այն է, որ նա սովորաբար թույլ է տալիս շրջանցել "աղբյուրի մոտ հարկը": Խոշորագույն եվրոշուկան Լոնդոնում է, մասշտաբներով ավելի փոքր շուկաները տեղաբաշխված են Փարիզում, Բրյու­սե­լում և Ֆրանկֆուրտում, 2) Եվրոպական համագործակցությունը, որը դիտարկվում է որպես ապրանքների միասնական խոշոր շուկա:

Եվրոչեկ (еврочек, eurocheque).  չեկեր, որոնք վճարման են ընդունվում 1968թ. ստեղծված §Եվրեչեկ¦ եվրոպական բանկային համակարգի մասնակից երկրներում: Եվրոչեկերը դուրս են գրվում եվրո­­պական 39 երկրներից մեկի բանկերից որևէ մեկի վրա և արտասահման մեկնող որոշակի պետությունների քաղաքացիներին հնարավո­րու­­թյուն են տալիս կանխիկ գումար ստա­նալու աշխարհի ամեն մի բանկում կամ փոխա­նակման կետում (ներկայումս հաշվ­վում են ավելի, քան 200.000 այդպիսի կետեր), որը կրում է §EC¦ նշանը: Չեկը կարող է որպես վճարամիջոց օգտա­գործվել §EC¦ նշանն ունեցող խանութներում, հյուրա­նոց­­­ներում, ռեստորաններում և այլուր (ավելի, քան 4 մլն կետ)ª ապրանք­ների և ծառայություն­ների դիմաց վճարելու հա­մար: Չեկը առանց ապահովվածության (բլանկային) է և կարող է դուրս գրվել պահանջվող ցանկացած գումարով, որպես կանոն, տեղական արժույթով: Այն պետք է օգտա­գործվի եվրոչեկի քարտի հետ միասին, որը երաշխավորում է չեկով վճարումը մինչև 100 ֆ.ստ. գումարով: Եվրոչեկերը տիրոջը տրվում են բանկի կողմից առանց նախնական դրամական վճար գանձելու: Ի տարբերություն ճանապարհային չեկերի, այս չեկերը վճարվում են բանկային վարկի հաշվին,  որը տրամադրվում է մինչև մեկ ամիս ժամկետով:

Եվրոպարտատոմս (еврооблигация, eurobond). արժեթղթերի տարատեսակ` կտրո­­նային պարտատոմսերի տեսքով, որոնց ան­վա­նական արժեքն արտահայտված է եվրարժույթով` դրանք թողարկող երկրի ար­ժույ­թից տարբեր արժույթով: Եվրոպար­տատոմսերի շուկան ծագել է 70-ական թվականների սկզբին, դրանց թողարկումն իրա­կա­նցնում էին խոշոր միջազգային բանկերը` Եվրոպայում վաճառելու և եվրոշու­կայում երկարաժամկետ փոխառություններ ստանալու նպատակով: Մի շարք երկր­նե­րում եվրոպարտատոմսերի երաշխավորումը և տեղաբաշխումը սովորաբար իրակա­նաց­վում են միջազգային բանկային սինդիկատի կողմից: Նոր եվրոպարտատոմսերի թո­ղար­կումները սովորաբար տեղի են ունենում Լոնդոնում` ամերիկյան և ճապոնա­կան ներդրումային բանկերի սինդիկատների միջնորդության պայմաններում: Եվրո­պար­տատոմսերի շուկա­յի հանրաճանաչության պատճառն այն է, որ երկրորդային շուկայում գործող ներ­դրող­ները կարող են անանուն մնալ և այդ գործառնու­թյուն­նե­րից հարկեր չվճարել: Այդ պատճառով էլ շատ դժվար է ճշգրիտ որոշել այս շուկայի չափերը և ընդգրկման ոլորտը: Եվրոպարտատոմսերը, ի տարբերություն ֆոնդային բորսաների մեծ մասում գրանցման բաժնետոմսերի, ըստ ներկայացնողի արժեթղթեր են, իսկ դրանց տոկոսները չեն հարկվում որևէ հարկով` նվազեցումների միջոցով: Գոյություն ունեն տարբեր տեսակի եվրոպարտատոմսեր: Սովարական պարտա­տոմ­սը, որը կոչվում է "ուղղակի պարտատոմս", իրենից ներկայացնում է հաստա­տագր­ված տոկոսադրույքով 3-ից մինչև 8 տարի շրջանառության ժամկետով պարտատոմս, մյուս տեսակներից են լողացող տոկոսադրույքով պարտատոմսերը, որոնց   տոկոսա­դրույքը փոփոխվում է` կախված ԼԻԲՈՌ-ից, և "հավերժական" պարտատոմսերը, որոնց մարման ժամկետը ամրագրված չէ: Թո­ղարկվում են նաև այնպիսի եվրո­պար­տատոմսեր, որոնք կարող են փոխարկվել բա­ետոմսի կամ ունեն ընկերության բաժնե­տոմսերը գնելու երաշխիք: Դա նշա­նակում է, որ պարտատոմսի տիրոջը ընձեռվում է որոշակի ժամա­նակի ընթաց­քում պայ­մանավորված գնով լրացուցիչ պարտատոմսեր կամ բաժնետոմսեր գնելու հնա­րավորություն: Հաճախ թողարկվում են երկարժույթ տաբերակով` մի արժույթը մյու­սին փոխարկելու իրա­վունքով:

Եվրոպական համագործակցություն (ԵՀ կամ Եվրամիություն) (Европейское сообщество, Euro­pean Community (EC)). Եվրոպական միություն՝ (Եվրոմիություն) բաղկացուցիչ մա­սը, որը մինչև 1993թ. նոյեմբերը անվանվում էր Եվրոպական տնտեսական համա­գործակցություն: Ստեղծվել է 1957թ. Քարածխի և պողպատի եվրոպական միավոր­ման 6 անդամ-երկրների` Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների և Ֆրանսիայի միջև Հռոմում կնքված պայմանագրի հիման վրա` նրա անդամների միջև առևտրի և տնտեսական համագործակցության նպատակով: 1973թ. Համագործակցությանը միացան Դանիան, Իռլանդիան և Մեծ Բրիտանիան, անդամ­ներ դարձան` ը Դրա հետ միաժամանակ ստեղծվեց Ատոմային էներգիայի եվրոպա­կան համագործակցությունը: 1967թ. այս երեք համագործակցությունների ղեկավար մարմինները միավորվեցին Եվրոպական համագործակցությունների հանձնաժողում և Եվրոպական համագործակցությունների խորհրդում: Սեր­տորեն փոխգործել են հենց սկզբից, իսկ 1967թ. ունեն ընդհանուր ղեկավար մարմիններ և միասնական բյուջե: Ռազմավարությունը և հիմնական քաղաքականությունը ձևավորում են ան­դամ-երկրների կառավարությունները, որոնք գործում են ԵՀ նախարարների խորհրդի (մեկ ձայն ունեցող մեկ ներկայացուցիչ յուրաքանչյուր երկրից) և եվրախորհրդարանի միջոցով: Գոյություն ունեն ԵՀ կառավարման բազմաթիվ մարմիններ և գործակա­լություններ: Օրինակ՝ նախարարների խորհուրդը, որն իրավունք ունի որոշումներ ընդունել ԵՀ գործունեության հիմնական հարցերի վերաբերյալ և նրա անունից կնքել միջազգային համաձայնագրեր, ԵՀ հանձնաժողովը, որը վարչական մարմին է և օժտված է լայն լիազորություններով, պատրաստում է առաջարկություններ խորհրդի համար, հսկում է նրա որոշումների կատարումը, կառավարում և համակարգում ֆինանսները, ԵՀ դատարանը, որը անդամ-երկրների միջազ­գային իրավական մարմին է, ամենից առաջ ապահովում է ԵՀ-ում ընդունված կանոնների և մեկնա­բանությունների միատեսակությունը և կարգավորում դրանց կիրառման հետ կապ­ված վեճերն ու բողոքները: ԵՀ հիմնական նպատակն է անդամ-երկրների տնտեսա­կան սերտ միավորումը (ինտեգրացումը), դրամական միջոցների և մարդկանց ազատ հոսքի ապահովումը, ընդհանուր դրամի (եվրո) և ընդհանուր ազատ շուկայի ստեղ­ծումը և այլն:  Օգտագործվում է համատեղ հաշվարկային արժույթ՝ էքյու, գործում է Եվրարժույթի համակարգը: 1985թ. ԵՀ անդամ երկրներն ընդունեցին Միասնական եվրոպական ակտ, որով, մասնավորապես, նախատեսվում է վերացնել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի մնացած արգելքները, մաքսային ձևականությունները: 1992թ.-ից ԵՀ-ն անվանվում է` տնտեսական միու­թյուն: որն ընդգրկում է 12 արևմտաե­վ­րոպական երկրներ (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Դանիա, Գերմանիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Պորտուգալիա և Ֆրանսիա), որոնք իրականացնում են իրենց տնտեսությունների ինտեգրացիա:

Եվրոպական ներդրումային բանկ (Европейский инвестиционный банк, Euro­pean Investment Bank (EIB)). հիմնվել է 1958 թ. Հռոմի պայմանագրով, որպես Եվրոպական տնտեսական համագործակցության ֆինանսական ինստիտուտ: Մաս­նակցում է համագոր­ծակցու­թյան ներսում մի քանի երկրների համար նշանա­կություն ունեցող նախագծերի, ինչպես նաև Եվրոպայի հետամնաց տարածա­շրջան­ների զար­գացման ֆինանսավորմանը՝ երկարա­ժամկետ վարկեր տրամա­դրելու միջոցով: Կա­ռա­վարիչների խորհրդում մասնակից երկիրների ֆինանսների նախարարներն են: Եվրոպական համագործակցության 12 անդամ-երկրները 1997թ. բանկի կանոնա­դրա­կան կապիտալին ուղղել են մոտ 28 մլրդ ԷՔՅՈՒ, սակայն միջոցների մեծ մասը բանկը փոխ է առնում միջազգային ֆինանսական շուկաներից: Բանկը ոչ շահութա­բեր կազմակերպություն է և տրամադրվող վարկերի դիմաց վերցնում է այնպիսի տոկոս, որը մոտ է իր կողմից փոխառված միջոցների տոկոսին: Բանկի կենտրոնատեղին գտնվում է Լյուքսեմբուրգում:

Եվրովարկ (еврокркдит, eurocredit). մի երկրում, սակայն մեկ այլ երկրի արժույ­թով տրամադրվող վարկը: Եվրովարկերը իրենցից ներկայացնում են միջազգային փո­խատվություններ, որոնք առևտրային բանկերը տրամադրում են եվրարժույթի շու­կայի ռեսուրսների հաշվին, որպես կանոն, երկարատև ժամկետով լողացող տոկո­սադրույքներով:

Երաշխավորություն (поручительство, suretyship). պարտավորության կա­տար­­ման ապահովման եղանակ: Իրենից ներկայացնում է պայմանագիր, ըստ որի երաշխավորը  ստանձնում է այլ անձի պարտատիրոջ առջև պատասխանատվություն այն բանի համար, որ այդ պարտատիրոջ պարտապանը կկատարի պարտք վերա­դարձնելու պարտավորու­թյունը: Եթե պարտապանը չի կատարում պարտատիրոջ հան­դեպ ստանձնած իր պարտա­վորու­թյունները, ապա երաշխավորը պատասխա­նտվություն է կրում պարտապանի հետ միասին (համապարտ պատասխա­նտվու­թյուն): Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենս­դրու­թյան, երաշ­խա­վորը, երաշխավո­րության պայմանագրով, այլ անձի պարտատի­րոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Պարտապանի կողմից երաշ­խավորությամբ ապահով­ված պարտավորու­թյունը չկատարելու կամ անպատշաճ կատա­րելու դեպքում երաշ­խա­վորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատաս­խանա­տվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվու­թյուն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Երաշխավորու­թյան պայամանա­գիրը կնքվում է գրավոր: Այն կարող է կնքվել նաև ապագայում ծագելիք պարտա­վորության ապահովման համար: Երաշխավորը պարտապանին մատուցած ծառա­յու­թյունների համար ունի  վարձատրության իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Երաշխավորում (անդերրայթինգ) (андеррайтинг, андеррайстер, underwri­ting, underwriter). ֆինանսական կազմակերպության (առևտրային բանկի, ապահո­վա­գրական ընկերության և այլն) կողմից պայմանավորված վարձատրության դիմաց որևէ գործառնու­թյան ֆինանսական ռիսկն իր վրա վերցնելը: 1) արժեթղթերի թո­ղարկ­ման և տեղաբաշխման երաշխավորված տեղաբաշխում, ներդրումային ընկե­րությունների, բանկերի և խոշոր բրոքերային ֆիրմանե­րի կողմից նոր թողարկված արժեթղթերը առաջնային շուկայում տեղաբաշխելու տարած­ված մեթոդ: Հնարավոր են անդերրայթինգի հետևյալ պայմանները՝ ա) անդերրայ­թերը՝ ներդրու­մային ընկե­րությունը թողարկողից գնում է արժեթղթերի ամբողջ թողարկումը՝ հաստա­տագրված գնով և այն վերավաճառում է այլ ներդրողներին, բ) ներդրու­մային ընկե­րու­­թյունը պար­տա­վորվում է թողարկողից գնել արժեթղթերի չտեղաբաշխված թողարկումը, գ) ներդրումային ընկերությունը պարտավորվում է ներդնել բոլոր ջանքերը՝ արժեթղ­թերի թողարկման ուղղությամբ՝ առանց իր վրա վերցնելու դրանց չտեղաբաշխված մասի գծով պարտավորություն, 2) արժեթղթերի տեղաբաշխման վերաբերյալ երաշ­խա­վորի և թողարկո­ղի միջև պայմանագիր, 3) ապահովագրություն. ռիսկի  գնահա­տումը, ապահո­վա­գրու­թյան  պայմանների  կնքումը  և  կատարումը:

Երաշխիք (гарантия, guarantee, warranty). պարտավորության կատարման  ապա­հով­ման եղանակ, որևէ անձի փոխարեն դրամական կամ գույքային պարտա­վորությունները կատարելու խոստումը: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենս­դրության, երաշխիքով երաշիք տրված անձը (բանկը, այլ վարկային հաստա­տու­թյու­նը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրան­քով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենե­ֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայման­ներին հա­մապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար՝ վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս: Երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցի­պալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատա­րումը: Երաշխիք  տալու համար պրինցիպալը երաշխիքը տված անձին վճարում է պայմանավորված  վարձա­տրու­թյունը: Բենեֆիցիարի հանդեպ երաշխիք տված անձի՝ երաշխիքով նախատեսված պար­տավորությունն ինքնուրույն է և անկախ հիմնական պարտավորությունից, որի կատարման ապահովման համար այն տրվել է: Եթե երաշխիքով այլ բան նախատեսված չէ, ապա՝ ա) երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից, բ) երաշխիք տված անձի հանդեպ բենեֆիցիարին երաշխիքով պատկանող  պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, գ) երաշխիքն ուժի մեջ է մտնում այն  տալու օրվանից:

Երաշխիքային նամակ (гарантийное письмо, guarantee letter). փաստա­թուղթ, որի համաձայն տվյալ անձը (երաշխավորը) իր վրա ստանձնում է որոշակի պարտավո­րություններ, որոնք կարող են իրականացվել նամակով՝ պայմանավոր­ված պայմանները վրա հասնելու դեպքում: Օրինակ, երաշխիքային նամակով Ա անձը երաշխավորում է Բ անձին, որ ինքը պարտավորվում է սահմանված ժամկե­տում և սահմանված գումարով վճարել Բ անձի կողմից նրան ուղարկված ապրանքը: Երաշ­խի­քային նամակը կարող է տալ նաև երրորդ անձը: Օրինակ, Գ անձը կարող է Բ անձին տալ երաշխիքային պարտավորություն այն մասին, որ Ա անձը, որը դրամ է  պարտք վերցրել Բ անձից, այդ դրամը կվերադարձնի ժամկետին: Իսկ եթե Ա-ն դրամը չի վերադարձնում Բ անձին, ապա պարտքը պարտավոր է մարել Գ անձը, որը երաշխավորել է Ա անձի համար:

Երկաստիճան արտարժույթային շուկաներ (двухярусные валютные рынки, two-tier markets). արտարժույթի կարգավորման կրկնակի համակարգով և կրկնակի փոխար­ժեքով շուկաներ (օրինակ բելգիական ֆրանկը ընթացիկ հաշվի և կապիտալի շարժի հետ կապված գործանությունների գծով): Արտարժութային նման ռիժիմը երկրի տնտեսությունը պահպանում է վճարային հաշվեկշռի միջոցով՝ կապիտալների ներհոսքի բացասական ազդեցությունից, և միաժամանակ պահպանվում է ընթացիկ հաշվի վճարումներով անցնող գործառնությունների արտարժույթի կայուն փոխար­ժեքը:

Երկարաժամկետ ակտիվներ (долгосрочные активы, long-term assets). ակտիվներ, որոնք ունեն մեկ տարուց ավելի ծառայության ժամկետ, օգտագործվում են արտադրական գործընթացում և նախատեսված չեն հաշվետու ժամանակաշրջա­նում վաճառելու համար:

Երկարաժամկետ պարտավորություններ (долгосрочные обязательства, fixed liabilities, long-term liabilities). բոլոր պարտավորությունները, պարտքային հանձնառու­թյուն­ները, որոնց մարման ժամկետը վրա չի հասնում հաջորդ ֆինանսա­կան տարում: Դրանք ունեն մեկ տարուց ավելի մարման ժամկետ: Որոշ հան­գամանքներում երկարաժամկետ կարող են դիտվել այն պարտավորությունները, որոնք ենթակա են վճարման հաջորդ երեք, հնարավոր է նաև՝ տաս տա­րիների ընթացքում: Օրինակ, ԱՄՆ-ի բանկերի կողմից հայտարարված երկարաժամկետ պար­տա­վորությունները օտարերկրյա քաղաքացիների և կազմակերպություն­ների երկա­րա­ժամ­կետ (մեկ տարուց ավելի ժամկետով) ավանդներն են ԱՄՆ-ի բանկերում: Այդ պար­տա­վո­րու­թյուն­նե­րը մասամբ իրենցից ներկայացնում են ամերիկյան ներմուծման և ԱՄՆ-ում արտադրության ընդ­լայն­ման ֆինանսավորման համար ավանդներ: Հան­դիպական պարտավորությունները (ամե­րիկյան բանկերի հանդեպ) անվանում են երկա­րաժամկետ պարտքեր, որոնք հայտարարվել են ԱՄՆ բանկերի կողմից:

Երկարաժամկետ պարտքի ծածկման գործակից (коэффициент покрытия долгосрочной задолженности, long-term debt cover ratio). ցուցանիշ, որը բնութագրում է ընկերության պարտքային կախվածության աստիճանը: Հաշվարկվում է մինչև հարկերի և տոկոսների վճարումը շահույթը հարաբերելով տոկոսների վճարման ծախսերին` գումարած պարտքի հիմնական գումարի մարմանն ուղղված վճարումները` ճշգրտված նրանով, որ  պարտքի հիմնական գումարի մարմանն հաշվին վճարումները չեն հանվում հարկվող շահույթից:

Երկարաժամկետ ստորադաս փոխառություն (долгосрочные субординированные заемы, long-term subortinated debts). բանկի լրացուցիչ կապիտալի տարր: Համաձայն ՀՀ բանկային օրենսդրության, բանկի կողմից ստացված փոխառո­ւթյունը համարվում է երկա­րա­ժամ­կետ ստորադաս փոխառություն, եթե՝ ա) տվյալ փոխառությունն ստացվել է բանկի չապահովված արժեթղթերի (պարտատոմսերի) բաց կամ փակ տեղաբաշխման արդյունքում, բ) ըստ գործարքի պայմանների տվյալ փոխառությունը՝ տրամադրվել է 5 տարի կամ ավելի ժամկետով, ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բանկի լուծարման կամ վերակազմավորման դեպքում ստորա­դաս է բանկի բոլոր այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ բաժնե­տերերի (փայատերերի) նկատմամբ բանկի ունեցած պարտավորությունների, չի տրամադրվել բանկի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորու­թյունների կա­տա­րումն ապահովելու նպատակով  կամ որպես դրանք ապահովելու միջոց (գրավ), գ) բանկը տվյալ փոխառության դիմաց պարտավոր է հատուցում վճարել միայն այն դեպքում, եթե բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը գերազանցում է նման հատուցումը վճարելու պահին բանկի կրած կորուստները (վնասներն ու ծախսերը) և միայն դրանց տարբերությունը չգերազանցող գումարի սահմաններում, դ) բանկը տվյալ փոխառության դիմաց հատուցում վճարելու պար­տա­վորու­թյունից ազատվում է, եթե տվյալ հատուցումը վճարելը կհանգեցնի կենտ­րո­նական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվների խախտ­մանը, ե) մինչև փոխառության (արժեթղթերի) սահմանված մարման ժամկետը բանկը չի պար­տա­վոր­վել վաղաժամկետ մարել կամ փաստացի չի մարել փոխա­ռության որևէ մասը, զ) փո­խա­ռու­թյու­նը տրամադրող անձը կամ արժեթղթերի որևէ տիրապետող (ըստ ներկայացնողի արժեթղթերի դեպքում), սեփականատեր (անվա­նական արժեթղթերի դեպքում) կամ նրանց կողմից լիազորված անձը տվյալ բանկի կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու իրավունք ձեռք չի բերում կամ փաստացի չի մասնակցում:

Երկարաժամկետ վարկ (долгосрочный кредит, long-term loan). վարկ, որը տրա­մադրվում է մեկ տարուց ավելի (իսկ որոշ դասակարգմամբ՝ 5 տարուց ավելի) ժամկետով: Երբեմն դրանից առանձնացվում է միջին ժամկետ վարկը (1-ից մինչև 5 տարի ժամկետով): Երկարաժամկետ վարկավորման առավել տիպային ձևերն են բաժնետոմսերի և պարտա­տոմսերի տեղաբաշխումը և ուղղակի բանկային փոխա­տվո­ւթյունները: Երկարաժամկետ վարկը, որպես կանոն, տրամադրվում է հաստա­տագրված ակտիվների (հիմնական միջոցների) ձեռք բերման համար:

Երկարաձգված (пролонгированный, extended). 1) պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգումը այն ժամկետից ավելի, որը նախատեսվել է դրա կնքման ժամանակ: Պայմանագրի երկարաձգումը կատարվում է երկու ճանապարհով՝ ա) որոշակի ժամկետով պայմանագիրը երկարաձգելու մասին հատուկ (լրացուցիչ) համաձայնագիր կնքելու, բ) պայմանագրի տեքստում դրա գործողության ժամկետի երկարաձգման մասին պայման մտցնելու ձևով, 2) վճարման նախապես սահմանված ժամկետը վրա հասնելուց հետո պարտքը վճարելու համար լրացուցիչ ժամանակա­շրջանի տրամադրում: Օրինակ, մուրհակի վճարման ժամկետի երկարաձգումը:

Երկարաձգում (ռոլովեր) (ролл-овер, возобнавление, roll-over). 1) վարկի կամ փոխառության ժամկետի երկարաձգումը՝ դրա վերականգնման (վերսկսման) միջոցով կատարվում է վարկի տեխնիկական մարում՝ միաժամանակ նոր վարկի (այդ թվում նոր պայմաններով) տրա­մադրումով: Երկարաձգումը հաճախ օգտագործվում է "փուչիկ" տեսակի վարկերի (որոնց գծով մինչև ժամկետը լրանալիս՝ միանվագ խոշոր վճարում) գծով վճարման ժամկետը ավելի ուշ տեղա­փոխելու համար, 2) միջին և երկարաժամկետ վարկերի տարատեսակ, որոնք տրա­մադրվում են լողացող տոկո­սադրույքով: Երկարաձգման առանձ­նահատկությունը կայանում է նրանում, որ վար­կա­յին պայմանագրի (համաձայնագրի) մասնակիցների միջև վարկի ընդհա­նուր ժամկետի համաձայնեցման պայմաններում դրա օգտագործման ժամանակաշրջանը բաժանվում է ժամանակահատվածների (սովորաբար 3 ժամ 6 ամիս), որոնցից յուրա­քանչյուրի համար տոկո­սադրույքը սահմանվում է նորից, ելնելով կարճաժամկետ կապիտալների շուկայի իրավիճակից, որտեղ, որպես կանոն, վերաֆինանսավորվում են երկարաձգումները: Երկա­րաձգման ի հայտ գալը, մի կողմից, կապված է տեսական ժամկետով վարկերի նկատ­մամբ պահան­ջարկի ավելացման, իսկ մյուս կողմից՝ վարկերի կորստյան ռիսկը բարձրացնող տոկոսադրույքների և արտարժույթի փո­խար­ժեքների ուժեղացման հետ, 3) միջոցների փո­խադրումը ներդրումների մի ձևից դեպի մեկ այլ ձև, 4) ժամկետային ավանդ կամ ավան­դային սեր­տի­ֆիկատ, որը ժամկետը լրանա­լուց հետո նորացվում է տվյալ պահին ձևավորված տոկոսադրույքով, 5) արտարժույթի առքը և վաճառքը մեկ օրում:

Երկար դիրք (длинная позиция, long position). բաց դիրք, որի դեպքում նկատ­վում է գնումների գերազանցում վաճառքների հանդեպ, որը հանգեցնում է գների բարձրացման: Ապրանքների, արժեթղթերի կամ արտարժույթի առքուվա­ժառքով զբաղվող բրոքերները և շուկայաստեղծները որոշակի ապրանքից ավելի քիչ են վաճառում, քան գնում են:

Երկմակարդակ բանկային համակարգ (двухуровневая банковская система, dual banking system). 1) ԱՄՆ-ում "ազգային" բանկերը, որոնք գրանցվում և վերահսկվում են համաերկրային (ֆեդերալ) իշխանությունների կողմից և "նահան­գային" բանկերը, որոնք գրանցվում և վերահսկվում են նահանգների իշխանու­թյուն­ների կողմից: Համանման համա­կարգ գոյություն ունի նաև փոխատվա-խնայողական ասոցիացիաների, վարկային միություն­ների և փոխադարձ խնայողական բանկերի համար, 2) բանկային համակարգ, որի առաջին մակարդակում գտնվում է կենտրո­նական բանկը, իսկ երկրորդում` առևտրային բանկերի և այլ հաշվարկա-վարկային հիմնարկությունների ցանցը:

Երկմակարդակ շուկա (двухуровневый рынок, two-tier market). արժույթի շուկա, որն ունի երկու դրույք (սովորաբար մեկը զբոսաշրջիկների, մյուսը՝ գործարար դրույքը` գործա­րարության համար):

Երկրի ռիսկ (страновой риск, country risk). այն բանի վտանգը, որ արտերկրյա կառավարությունը կհրաժարվի սպասարկել կամ մարել պարտքը, կատարել այլ պարտավորությունները՝ ազգային քաղաքականության փոփոխության հետևանքով: Ռիսկ, կապված է ամբողջ պետության ֆինանսական դրության, բոլոր տնտեսական գործակալների (ներառյալ կառավարությունը) կամ նրանց մեծ մասի կողմից արտ­աքին վճարումները դադարացնելու հնարավորության հետ:

Երկրորդային բանկային պահուստ (вторичный банковский резерв, secon­dary bank reserve). բարձր հուսալի արժեթղթեր, որոնք հեշտությամբ կարող են փոխարկվել դրամական միջոցների:

Երկրորդային (լրացուցիչ) կապիտալ (вторичный (дополнительный) капитал, secondary (additional) capital, tair 2). բանկի ընդհանուր կապիտալի մի մասը: Համաձայն ՀՀ բանկային օրենսդրության, երկրորդային կապիտալը ներառում է՝ ա) հիմնական միջոցների վերագնահատման պահուստը, ընդ որում հիմնական միջոցների արդյունքների դրական լինելու դեպքում, լրացուցիչ կապիտալի հաշվար­կում ընդգրկվում են միայն բանկի գոր­ծունեության համար անհրաժեշտ սեփական շենքների և շինությունների վերագնահատման մասով, բ) հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժու­թային տարբերությունների պահուստը, գ) այլ պահուստները  (օրինակ ԱՄՆ-ում որոշակի սահմա­նա­փա­կում­ներով լրացուցիչ կապիտալի տարր է հանդիսանում նաև վատորակ վարկերի հնարա­վոր կո­րուստ­ների պահուստաֆոնդը), դ) երկարաժամկետ ստորադաս փոխառու­թյուն­ները՝ այն բան­կե­րի համար, որոնց կանոնադրական հիմնադրամը գերազանցում է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք մեծությունը, ընդ որում երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից հանվում են՝ դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսանական տոկոսի չափով: Կարգավորման նպատակով կապիտալի հաշվարկում երկրորդային կապիտալն ընդգրկվում է ոչ ավել, քան հիմնական կապիտալի 50%-ի չափով:

Երկրորդային շուկա (вторичный рынок, secondary market). 1) նախ­կի­նում թողարկ­ված արժեթղթերի շրջանառությունը, արժեթղթի գոյության ողջ ժամա­նա­կա­հատ­վածում նրա առք ու վաճառքի կամ արժեթղթի մի սեփականատիրոջից մյուսին այլ միջոցներով փոխանց­ման գործողություն­ների համախումբը: Այլ կերպ ասած, շուկա, որտեղ շրջանառվում են արդեն գոյություն ունեցող արժեթղթերը, ի տարբերություն առաջնային շուկայի, որտեղ արժեթղթերը վաճառքի են հանվում առաջին անգամ: Այս շուկայում արժեթղթերի առուծախի գործառնու­թյուն­ները կատարվում են սկզբնական պարտատեր չհանդիսացող անձանց և փոխատուների միջև: Որպես վաճառողներ հանդես են գալիս ոչ թե "սկզբնական" փոխառուները, այլ պարտատերերը, որոնք նախօրոք ձեք են բերել նշված պարտավորությունները: Այդպիսի վաճառքից միջոցներն անցնում են արժեթղթերի տիրոջը (ներդրողին), և ոչ թե այն թողարկած կազմակերպությանը: Երկրորդային շուկայի դերը հիմնականում կատարում է արժեթղթերի բորսան, քանի որ նոր թողարկումները կազմում են նրա շրջանառության միայն մի փոքր մասը: Երկրորդային շուկան է ապահովում արժե­թղթերի իրացվելիությունը և ռիսկերի բաշխումը, ինչպես նաև ստեղծում պայմաններ առաջնային շուկայի բնականոն գործունեության համար, 2) վաճառքի կամ վերավաճառքի գծով ապրանքային գործարքներ, որոնք կատարվում են միջնորդի, և ոչ թե սկզբնական վաճառողի միջոցով, 3) շուկա, որտեղ ազատ շրջանառվող դրամա­կան շուկայի գործիքները դիլերների կողմից վաճառվում են նոր ներդրողներին:
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել