Շաբաթ, 21 Դեկ 24, 17:39

Նորմալ տնտեսական համակարգը գործում է ինքնուրույն: Իր ընթացիկ գործառնություններում այն չունի կենտրոնացված հսկողություն, և կարիք չունի կենտրոնացված ստուգման: Ա. Սոլթեր

Գլխավոր » Հոդվածներ » Բանկային գործ  

Գյուղատնտեսության ֆինանսավորում
Բանկային գործ | Հեղինակ` Հրաչյա Խանաղյան - E | 29 Հնվ 14 19:20

Բնակչությանը պարենամթերքով ապահովման խնդիրը պահանջում է իրականացնել մեծածավալ միջոցառումներ և ծրագրեր: Անկախ իր զարգացվածությունից գյուղատնտեսությունը եղել և մնալու է տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Գյուղատնտեսական արտադրության զարգացման նպատակն է բավարարել գյուղատնտեսական մթերքների նկատմամբ բնակչության և գյուղատնտեսական հումքի բազայի վրա աշխատող արդյունաբերական ձեռնարկությունների աճող պահանջմունքները:

Գյուղատնտեսության մեջ գործում են նույն տնտեսական օրենքները, ինչ` տնտեսության մյուս ճյուղերում: Տնտեսության այս ճյուղի առանձնահատկություններն են.
1. Արտադրության գլխավոր միջոցը հողն է, ինչն արտադրության այլ միջոցների հետ համեմատ չի մաշվում, իսկ ճիշտ «օգտագործման» դեպքում բարելավվում է իր որակական հատկանիշները:
2. Որպես արտադրության միջոցներ գյուղատնտեսության մեջ հանդես են գալիս կենդանի օրգանիզմները, ինչպիսիք են կենդանիներն ու բույսերը: Վերջիններս զարգանում են կենսաբանական օրենքների հիման վրա: Հետևաբար` արտադրության տնտեսական գործընթացը այստեղ սերտորեն կապված է կենդանի օրգանիզմների բնակական զարգացման գործընթացի հետ:
3. Արտադրվող ապրանքը մասնակցում է արտադրության հետագա գործընթացին: Գյուղատնտեսության մեջ, որպես արտադրության միջոցներ օգտագործվում են սերմեր, անասնակեր, ինչպես նաև անասնագլխաքանակի մեծ մասը` հողի վերականգնման և հողատարածքի մակերեսի մեծացման համար: Այս բոլորը պահանջում է լրացուցիչ նյութական ռեսուրսներ, արտադրական նշանակալի շինություններ և օբյեկտներ:
4. Գյուղատնտեսության մեջ աշխատանքային ժամանակաշրջանը համընկնում է ապրանքի արտադրության ժամանակաշրջանի հետ: Գյուղատնտեսությունում արտադրության ժամանակաշրջանը ընդգրկում է այն ժամանակամիջոցները, երբ գործընթացը իրականացվում է մարդու ազդեցության ներքո (վար, բերքահավաք և այլն) և երբ այն իրականացվում է անմիջապես բնական գործոնների ներքո (աճ, հասունացում և այլն): Արտադրության և աշխատանքային ժամանակամիջոցների համապատասխանությունը պայմանավորում է գյուղատնտեսական արտադրության սեզոնայնությունը: Վերջինս նշանակալի ազդեցություն է թողնում արտադրության կազմակերպման, տեխնիկայի, աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, և վերջին հաշվով նաև` ընդհանուր առմամաբ տնտեսության արդյունավետության վրա:
5. Աշխատանքի բաժանումը գյուղատնտեսության մեջ իրականացվում է այլ կերպ` հողային, աշխատանքային և նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակներում ձգտում են հասնել բուսաբուծության և անասնապահության ճյուղերի օպտիմալ համադրության և զարգացման: Աշխատանքային նշված բաժանման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել որոշակի շրջանների հատուկ պայմանները:
6. Կախված այն հանգամանքից, որ գյուղատնտեսության մեջ, որպես կանոն, տեղաշարժվում են արտադրության միջոցները, իսկ աշխատանքի առարկան մնում է մեկ վայրում, ուստի գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման բնույթը նշանակալիորեն տարբերվում է այլ ոլորտների հետ համեմատ: Էներգետիկ ռեսուրսների պահանջարկը այստեղ ավելի մեծ է, ընդ որում գյուղատնտեսության աշխարհագրական բաշխումը և արտադրության սեզոնային բնույթը ավելացնում է տեխնիկային և արտադրության միջոցների պահանջարկը:
Գյուղատնտեսության նշված առանձնահատկությունները պահանջում են համապատասխան վերլուծություններ ոլորտի նյութատեխնիկական բազային ձևավորման, արտադրության կազմակերպման ու կառավարման, արտադրական ռեսուրսների օգտագործման տնտեսական արդյունավետության որոշման համար` սահմանելով տնտեսության այս ճյուղի զարգացման ուղղությունները:

Գյուղատնտեսական արտադրության ծավալների ավելացումը հնարավոր է իրականացնել նյութական և ֆինանսական լրացուցիչ միջոցների նպատակային ներդրմամբ` ընդլայնելով երկրի (շրջանի) գյուղատնտեսության արտադրական պոտենցիալը: Համաձայն ԱՎԾ 2012 թ-ի տվյալների հանրապետության 2974.3 հազար հա ընդհանուր հողային մակերեսից գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը 2011 թ.-ին կազմել է 2077.0 հազար հա, ինչը 2008 թ.-ի տվյալների համեմատ նվազելէ 2.09 %-ով: 2008 թ.-ի հետ համեմատ նվազել են վարելահողերի և արոտավայրերի մակերեսները, իսկ աճել են` բազմամյա տնկարկների և խոտհարքերի մակերեսները: Գյուղատնտեսական նշանակության հողերի գերակշիռ մասը` 51.4 %-ը կազմում են արոտավայրերը:
2011 թ.-ին` չնայած վարելահողերի մակերեսների նվազմանը, 2007 թ-ի հետ համեմատ գրանցվել է բուսաբուծությունից ստացվող գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճ 8.057 %-ով` անհատական տնտեսությունների կողմից և 120 %-ով` գյուղատնտեսական առևտրային կազմակերպությունների կողմից:
Բուսաբուծությունից ստացվող գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը 2007 թ-ի հետ համեմատ 2011 թ.-ին կազմել է 8.18 %, կազմելով` 465.1 մլրդ. դրամ: Նույն ժամանակահատվածի հետ համեմատ 2011 թ.-ին 61.71% աճ է գրանցվել նաև անասնաբուծության ոլորտում` կազմելով 329.9 մլրդ. դրամ: Աճը անհատական տնտեսություններում կազմելէ` 64.85 %, իսկ գյուղատնտեսական առևտրային կազմակերպությունների մոտ` 29.67 %: 2011 թ.-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքի 58.5 % կազմել է բուսաբուծությունից ստացված արտադրանքը, իսկ 41.5 %-ը` անասնապահությունից: Համեմատության համար նշենք, որ 2007 թ.-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 67.8 % և 32.2 %:
Չնայած գյուղատնտեսության արտադրանքի կառուցվածքում գերակշիռ մասը` 96.9 % (2011 թ.-ի տվյալներով) կազմում են անհատական տնտեսություններից ստացված արտադրանքները, սակայն հանրապետությունում նկատվում է գյուղատնտեսական առևտրային կազմակերպությունների արտադրանքի աճ:

Բերված վիճակագրական տվյալները վկայում են հանրապետությունում առկա գյուղատնտեսական զարգացման պոտենցիալի մասին, ինչը ենթադում է ներդրումների իրականացում տնտեսության այս ճյուղում: Գյուղատնտեսության մեջ ներդրումները իրենցից ներկայացնում են տնտեսական գործունեության (գյուղատնտեսության վարման) իրականացման գործընթացում հիմնական և շրջանառու միջոցների ձեքբերման երկարաժամկետ ներդրումներ: Հետևաբար, ներդրումները ոչ միայն հիմնական միջոցների ընդլայնում է, այլ նաև գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների ձևավորման և համալրման ծախսեր են: Երկարաժամկետ ներդրումները գյուղատնտեսության մեջ արդարացված են, եթե դրանք նպաստում են եկամտի սոցիալական էֆեկտի ստացմանը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր անհրաժեշտ է.
1. բարձրացնել գյուղատնտեսական արտադրության կայունության մակարդակը,
2. ինտենսիվացնել գյուղատնտեսական արտադրությունը և մեքենայացնել արտադրական գործընթացը,
3. ընդլայնել հողաբարելավման մասշտաբները,
4. կատարելագործել արտադրության կազմակերպման և կառավարման ձևերը,
5. խոշորացնել արտադրության մասնագիտացման և համակենտրոնացման աստիճանը,
6. բարելավել գյուղատնտեսական առանձին մթերքների արտադրության տեղաբաշխվածոթյունը,
7. միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական արտադրության արդյունավետության հետագա բարձրացման, գյուղատնտեսական հիմնական արտադրամիջոցի` հողի, գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատանքի արդյունավետ օգտագործման համար:
Ներդրումները կապված են լրացուցիչ զուտ շահույթի ստացման և դրանց վերադարձելիության ժամկետի նվազեցման հետ: Որքան փոքր է վերադարձելիության ժամկետը, այնքան մեծ է ներդրումների խթանը, քանզի միջոցների հետագա երկարաժամկետ վերադարձի գործընթացում տեղի է ունենում ծախսված միջոցների գնանկում: Բացի այդ գյուղացիական արտադրությունից ստացված զուտ շահույթը կարելի է ներդնել նոր արտադրության մեջ:
Գյուղատնտեսության ֆինանսավորումը պետք է նպատակաուղղվի.
• Մաշված և հինսարքավորումների փոխարինմանը,
• Նոր տեխնոլոգիաների ներդրմանը,
• Գյուղատնտեսական արտադրության ընդլայնմանը,
• Արտադրության նոր տեսակների ձևավորմանը:
Երկար ժամանակ է ինչ հանրապետությունում մի շարք առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվում է գյուղատնտեսության վարկավորում: Գյուղատնտեսության վարկավորման ներկա փուլի թերություններն են վարկերի բարձր տոկոսադրույքը, վակավորման ժամկետների անհամապատասխանությունը գյուղատնտեսական արտադրության ցիկլին և վարկային միջոցների ոչ նպատակային օգտագործումը: Վերջիններիս կարելի է ավելացնել նաև խնդիրները կապված վարկի ապահովության միջոցի ընտրության հետ:
Այս առումով անհրաժեշտ է տարանջատել գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման երկու ուղղություն.
1. Գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների հաշվառմամբ սպառողական վարկեր,
2. Գյուղատնտեսության զարգացման ներդրումային վարկեր:
Գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների հաշվառմամբ սպառողական վարկերը անհրաժեշտ է տրամադրել առավելագույնը 1.0 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, մինչև 24 ամսի մարման ժամկետով, տարեկան 20-24 տոկոս տոկոսադրույքով:
Գյուղատնտեսության զարգացման ներդրումային վարկերի դեպքում կարևոր է վարկի նպատակը: Շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկերը անհրաժեշտ է տրամադրել գյուղատնտեսական մեկ ցիկլին հավասար մարման ժամկետով, սակայն ոչ ավել քան 24 ամիս: Հիմնական միջոցների համալրման նպատակով վարկերի դեպքում կարող է սահմանվել մինչև 60 ամսի մարման ժամկետ: Ներդրումային վարկերի դեպքում, որպես ապահովության միջոց կարելի է դիտարկել ինչպես երաշխավորությունները, այնպես էլ անշարժ գույքը (շինություն և/կամ հող), գյուղատնտեսական տեխնիկան կամ կենդանիները: Վարկի մարումները անհրաժեշտ է սահմանել ոչ թե ամենամսա կամ 6-ամսա կտրվածքով, այլ՝ գյուղատնտեսական ցիկլի ավարտին կամ եկամտի ստացման ժամանակ: Երաշխավորությամբ ապահոված վարկերի տրամադրման սահմանաչափը անհրաժեշտ է հասցնել մինչև 3.0 մլն. ՀՀ դրամի:
Անհրաժեշտ է փաստել նաև, որ գյուղատնտեսական վարկերի ներկա տոկոսադրույքները բարձր են: Առավել լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է որպես առավելագույն տոկոսադրույք սահմանել 14 տոկոսը (կառավարության կողմից սուբսիդավորվող վարկի տոկոսադրույք): Երաշխավորությամբ վարկերի տոկոսադրույքը կարող է սահմանվել 14 տոկոսից բարձր:

Առանց գյուղատնտեսության և գյուղի զարգացման դժվար է հասնել հանրապետության ողջ տնտեսության զարգացման: Տնտեսության զարգացման ցանկացած մոդել պետք է ընդգրկի գյուղատնտեսության զարգացման բաղադրիչ:
view 14464 | date 2.7/3 | date ֆինանսավորում, գյուղատնտեսական վարկեր, գյուղատնտեսություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել