Ծախսեր, ծախքեր (расходы, издержки, затраты, expenditures, outlays, costs, expenses). 1) գումար, որը ծախսվել է որևէ բանի, օրինակ՝ ապրանքներ ու ծառայություններ գնելու վրա: Ծախսը կարող է եկամուտների և ծախսերի վերաբերյալ հաշվետվության ծախսի հոդված դառնալ կամ չդառնալ՝ կախված նրանից, թե ծախսը կազմակերպությունում որևէ արժեք ստեղծել է, թե՝ ոչ, 2) որոշակի նպատակի հասնելու համար կատարված ծախսեր (սովորաբար, դրամական), օրինակ, ապրանքների արտադրության, ֆաբրիկայի կառուցման կամ մասնաճյուղը փակելու վրա կատարված ծախսեր, 3) համաձայն ՀՀ հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության, ծախսը հաշվետու ժամանակաշրջանում ակտիվների արտահոսքն է և նվազումը կամ պարտավորությունների առաջացումը, որոնք հանգեցնում են սեփական կապիտալի փոքրացման՝ բացառությամբ մասնակիցների միջև սեփական կապիտալի բաշխման հետևանքով դրա փոքրացման դեպքի: Բանկի ծախսերն են՝ ա) տոկոսային ծախսերը (թղթակցային հաշիվների և ցպահանջ պարտավորությունների, ՀՀ կենտրոնական բանկից ներգրավված միջոցների և ետգրման համաձայնագրերի, բանկերից և այլ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների, ներգրավված ավանդների, օգտագործված օվերդրաֆտի, օվերնայթի, ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայամանագրերի, լիզինգի, ստորադաս փոխառությունների դիմաց վճարված ծախսեր, բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով տոկոսային ծախսեր), բ) ոչ տոկոսային ծախսերը (աշխատավարձ, դրան հավասարեցված այլ վճարումներ, գործուղման ծախսեր, հատկացումներ, ապահովագրություն, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին, հարկեր, հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսեր, բանի շենքի վարձակալության վճար, գովազդային և ներկայացուցչական, աուդիտային և խորհրդատվական ծառայության ծախսեր, վճարված տույժեր, տուգանքներ և այլ ծախսեր), գ) հատկացումները ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին:
Ծախսերի բազմարկիչ (мультипликатор расходов, expenditure multiplier). թվային գործակից է, որը ցույց է տալիս, թե քանի անգամ է ազգայի արդյունքը ձևավորող պլանավորվող ծախսերի վերջնական հավելաճի կամ կրճատման գումարը կգերազանցի սկզբնական, առաջացնող փոփոխությունը, ծախսերի գումարը: Ներդրումները և մյուս ծախսերը բազմարկչի արդյունքի միջոցով կարող են ազդել ամբողջ տնտեսության վրա, քանի որ հաջորդաբար շոշափում են տարբեր ճյուղեր: Ներդրումային կամ քեյնսյան բազմարկիչը բնութագրում է կապիտալ ներդրումների (delta I) ազդեցությունը ազգային եկամտի (delta y)-ի դինամիկայի վրա (այդ): Բազմարկիչը (M) 1-ից մեծ մեծություն է: delta y = delta I/(1- C) բանաձևի մեջ, որտեղ C-ն սպառման սահմանային հակումն է, M = 1/1-C արտահայտությունն էլ հենց բազմարկիչն է: Այն կարելի է փոխարինել խնայողության սահմանային հակման 1/S հանրահաշվական արտահայտությամբ:
Ծախքերի ինֆլյացիա. ինֆլյացիա, որն առաջանում է ռեսուրսների թանկացման արդյունքում` կապված աշխատվարձի, էներգակիրների և հումքի գների բարձրացման հետ. ուղեկցվում է արտադրության իրական ծավալի և զբաղվածության կրճատմամբ (գործազրկության մակարդակի աճով):
Ծախսերի հաշվառում (учет затрат (издержек), cost acounting). հաշվապահական հաշվառման բաժին, որը նվիրված է ընթացիկ և գալիք ծախսերի դասակարգմանը, գրանցմանը, ամփոփմանը և հաշվետվության կազմմանը: Ծախսերի հաշվառումը այն միջոցն է, որի օգնությամբ կառավարիչը կարող է վերահսկել ինքնարժեքը: Դրա հիմնական խնդիրն է ծախսերի լրիվ և անընդհատ բացահայտումը՝ արդյունավետության վերլուծության նպատակով: Ծախսերի հաշվառման համակարգերը դասակարգվում են կախված հաշվառման ժամանակից (պարբերականությունից) (պլանային, բնականոն, փաստացի) և հաշվառված ծախսերի ընդգրկման չափից (լրիվ և մասնակի ծախսերի հաշվառում):
Ծախսի դրամարկղի օրդեր (расходный кассовый ордер, ----cash ticket). – սկզբնական փաստաթուղթ, որը հավաստում է դրամարկղից դրամական միջոցների վճարումը:
Ծածկման գործակից (коэффициент покрытия, cover ratio). կազմակերպության շրջանառու միջոցների և կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի հարաբերակցությունը:
Ծանուցումով հաշիվ (счет с уведомлением, notice account). խնայողական հաշիվ (խնայգրքույկով), որը նախատեսում է ավանդը հանելու մասին բանկին հատուկ ծանուցում: Քանի դեռ պայմանավորված ծանուցումը չի կատարվել, ավանդի տվյալ տեսակի գծով հաշվարկվում են ավելի բարձր տոկոսներ, քան սովորական խնայողական հաշվի տոկոսներն են: Ավանդը վերցնելու մասին չբավարարված ծանուցումը կարող է հանգեցնել տուգանային պատժամիջոցների: