Ուրբաթ, 27 Դեկ 24, 02:52

Պետական կարգավորման համակարգը չպետք է ավանդատոուի ռիսկերի նվազեցումը կատարի ի հաշիվ փայատիրոջ ռիսկերի ավելացման, և հակառակը:

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Չընթերցված գիրքը
Չընթերցված գիրքը
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` Lilok94 | 06 Ապր 13 13:16

Չընթերցված գիրքը
Ես մի պատմություն եմ պատմում, մի աննշան, փոքրիկ, շատերի համար անիմաստ, բայց ինձ համար նշանակալից այնքանով, որ այդ պատմությունից ու նմանատիպ բազում անհայտ պատմություններից է սկսվում իմ ու մեր պատմությունը, մեր ներկան:

Քաղաքի ծայրամասում գտնվող կիսախարխուլ շենքում հազիվ իր գոյությունը պահող փոքրիկ գրադարանից մի գիրք վերցրեցի, ինձ անծանոթ մի գիրք, որ պատահաբար ձեռքս ընկավ: Այն երևի շատերին էր անծանոթ. գիրքը հին էր, բայց կազմն ու հազիվ բացվող էջերը մատնում էին, որ այն չէին կարդացել: Վերցրեցի, որովհետև ուզում էի պարզապես կարդալ, պարզապես զբաղեցնել ուղեղս, մտքերս:
Գրադարանից դուրս գալուց հետո նկատեցի, որ գրքի միջնամասի էջերն առանձնացված են: Մտածեցի, որ երևի ամենահետաքրքիր հատվածն է ու ընթերցողն անընդհատ այդ հատվածն է կարդացել: Անհամբեր բնավորությունս թույլ չտվեց` սկզբից ընթերցեմ գիրքը. բացեցի այդ էջը: Այդ էջերի արանքում նամակ էր դրված, որն ըստ երևույթին այնքան էր մնացել գրադարակում միմյանց ամուր սեղմված գրքերի արանքում, որ կպել էր գրքի էջերին:
Բացեցի նամակը, թեև, իրավունք չունեի, բայց, ախր շատ հետաքրքրասերն եմ. չկարողացա զսպել ինձ: Նամակը գրված էր խճճված ձեռագրով, թվում էր անընթեռնելի, և ժամանակն էլ իր գործն էր արել (թուղթն այնքան էր բարակել, որ թվում էր կցնդի աննշան հպումից), բայց, առաջին իսկ բառից, որը բնավ էլ առաջինը չէր, (առաջին էջը պոկված էր), ասես հեղինակն ինքը սկսեց պատմել, նամակն ընթերցվում էր, այնպես հեշտությամբ ասես, ես էի գրել...

«... Օդում կախվել է դանդաղորեն ծորացող մահվան տեսիլը... ու օդն այդ հագեցած է մեռելային գույներով... Մահվան հոտ է գալիս... Անհնար է դառնում շնչելը... Սիրտս չի դիմանում, այն ինձ պես ուժեղ չէ, բայց ստիպված է դիմանալ, քանի որ ինձ է ենթարկվում: Զարմանալի է, ես միշտ սրտիս ստիպում եմ ենթարկվել ինձ, բայց մի օր նա ինձ անակնկալի է բերելու: Ինչու՞ եմ դիմանում, հանուն ինչի՞ և հանուն ում՞. հանու՞ն այն ամենի, ինչ կորցրել եմ, թե՞ հանուն նրա, ինչ չեմ ունենա: Չգիտեմ` ինչու, բայց դիմանում եմ անկախ իմ կամքից, մի անհասկանալի ու անդդիմադրելի ներքին մղումով: Եվ զարմանում եմ` ինչու եմ մնացել այստեղ, երբ տունս այդքան հեռու է ինձնից: Այստեղ եմ, որովհետև այս հողը հագեցած է իր արյամբ, այս հողում է նրա արյունը կաթիլ առ կաթիլ ձուլվել պաշտելի հողին, իր պաշտելի, որովհետև ես, նրա պես խիզախ չեմ, ես թույլ եմ, տկար, ես բարկացած եմ, ատում եմ, ո՛չ, չեմ ատում ու արդեն պոկվել չեմ կարողանում այն հողից, որ խլել է նրան ինձնից... Հասկանու՞մ ես: Մա~մ, դժվար է, դու դա գիտես, կարոտում եմ անսահման, բայց չեմ կարող. ետդարձի ճանապարհ չունեմ: Պիտի մնամ այնքան, մինչև այս հողն այլևս արյուն չտեսնի, մինչև առավոտները խաղաղ լինեն, ու լուսաբացին ես կրկին հիշեմ, թե ինչպես են սիրում: Ես մոռացել եմ` ինչպես են սիրում, բայց փոխարենը տառապում եմ խրոնիկ կարոտախտով... Դատապարտում են, գիտեմ, խղճու՞մ ես. պետք չէ: Մի՛ խղճացեք ինձ: Բարկացած եմ, որ նա չիմացավ, որ նա չգիտեր, թե ով եմ ես, որ ես կայի, որ ստվերն էի նրա, որ ամեն անգամ նրան տեսնելուց սիրտս պայթում էր ուրախությունից, միաժամանակ անհանգստության փոթորիկը հոգիս տակնուվրա էր անում, ու ես փախցնում էի հայացքս, տակնուվրա անում պայուսակս, ասես ինչ-որ կարևոր իր էի փնտրում: Եվ ամեն անգամ այնպես էր թվում, որ նա հասկացավ, որ ես մատնեցի, որ վերջ, կորած եմ... Բայց նա այդպես էլ ոչինչ չիմացավ ու չկռահեց: Հիմա չգիտեմ` ինչն էր պատճառը, որ չհասկացավ. այն, որ միգուցե նա չցանկացավ ոչինչ հասկանալ, չէ՞ որ հպարտ էր և նույնիսկ գոռոզ, խելացի, վստահ ուժերին, թե՞ այդ ես էի հմուտ դերասան. երանի նա այդքան հպարտ չլիներ, երանի, ես այդքան լավ չխաղայի, պարզապես երանի, կամ էլ` թող լիներ նա հպարտ ու գոռոզ, ու ես լինեի հմուտ դերասան, բայց գոնե լինեի սիրուն արժանի, որ նա նկատեր, որ նա հասկանար... Այստեղ եմ, որ նա մենակ չմնա...
Ախր, բարկացած եմ, ուզում եմ ճչալ, իսկ այս անտանելի ժամացույցն ուղղակի սղոցում է նյարդերս, վայրկյաններն անտանելի են, ինչպես գլխիդ միևնույն կետին ավերջ կաթացող սառը ջրի կաթիլները... Այդպես չի կարող լինել, անարդար է, հասկանու՞մ ես: Մամ, ների~ր, խնդրում եմ, քեզ պատճառած ցավի, քո չարդարացված հույսերի ու երազանքների, կիսատ մնացած իմ ուսման, նրան կուրորեն երկրպագելու համար: Ների՜ր, որ հեռացել եմ քեզնից թաքուն, պարզապես հեռանալուս համար ների՜ր: Բայց չեմ կարող, ես ետ դառնալ չեմ ուզում. այստեղ է իմ տեղը, նույնիսկ հիմա, երբ նա այլևս չկա: Ես չեմ կարող ձեզ նորից այդքան ցավ պատճառել, ես իրավունք չունեմ իմ չկայացած սիրո (եթե, իհարկե դա սեր կոչվելու իրավունք ունի) փշուրներից գոյացած խղճուկ գոյությամբ ձեր կյանքը դառնացնեմ...
Ներում ես, չէ՞, մա՜մ, իմ ամենաբարի, իմ ամենասուրբ ...
Սիրում ու կարոտում եմ...
Քո Մարի-Լույս
11.03.1993թ.»:

Քիչ չեն խելահեղ սիրո պատմությունները, բայց անհավանականորեն սիրահարվել` մնալով չսիրված, ու նրա հետևից մեկնել ռազմի դա՞շտ... Ճիշտ է, խենթ էր, համաձայն եմ... Սիրել ու սիրելիի ստվերը դառնալ, առանց մի բառ ասելու, առանց սիրվելու նույնիսկ մի փոքր հույս ունենալու, կուրորեն հավատալով հեքիաթային հրաշքներին` հետևել նրան, թաքուն ուրախանալ նրա հետ, նրա հետ տխրել, հպարտանալ նրա հաղթանակներով ու հպարտ լինել, որ սիրում է նրան` խիզախ, անձնազոհ հայրենապաշտին... ամեն վայրկյան նրա կողքին լինել, ձեռք մեկնել, երբ նա ընկնում է, օգնել բարձրանալ ու շարունակել անտեսանելի մնալ... Նա խե՞նթ է այդքան, թե՞ նրա սերն էր այդքան անսահման, անձնազոհ ու անտեսանելի... Հնարավոր է, որ նա հայրենասեր չէր, որ այնտեղ էր միայն հանուն նրա... Հնարավոր է, որ շատերն են դատապարտել, շատերն էլ դեռ կդատապարտեն, կմեղադրեն... Բայց ես, չգիտեմ, թե ինչու, հասկանում եմ նրան: Թվում է` հասկանում եմ ու թվում է` մենք այնքան նման ենք ու այնքան տարբեր. ես նրա պես համարձակ չեմ, ես չէի կարողանա...

Պատմությունն անավարտ էր, մտքերս` խառնված ու կիսատ: Նստեցի մոտակա այգու աշնան արևից խունացած նստարանին.
-Հին նամա՞կ է,- անսպասելի բամբ ձայնն ինձ սթափեցրեց:
-Այո՛
-Կարելի՞ է,
-Բայց, բայց այն իմը չէ,- փորձեցի խուսափել:
-Առավել ևս, ուրեմն կարող եմ կարդալ, չէ՞ որ Դուք կարդացել եք այն:
-Ես այն գրքի էջերից մեկում եմ գտել, հեղինակին ես չեմ ճանաչում,- ես դեռ հույս ունեի խուսափել, թվում էր մատնում եմ նրան, բայց ու՞մ...
Նա քառասունն անց տղամարդ էր` դեմքի խիստ արտահայտությամբ, բայց աչքերը մեջ դրոշմված ցավ կար, անբացատրելի թախիծ: Ես չգիտեի, թե նա ինչու ցանկացավ կարդալ այդ նամակը, մտքերս այլայլված էին. նամակի բովանդակությունը, տակնուվրա եղած մտքերս ու այս տարօրինակ մարդը...
Նամակն ընթերցելուց դեմքի մկանները ջղաձգվեցին, և նրա տխուր աչքերն էլ ավելի տխրեցին:
-Հիշում եմ այս աղջկան, Մարի-Լույս էր նրա անունը... Լուսե Մարի:
-Ես ապշեցի անհավանական այդ զուգադիպությունից, իսկ նա շարունակեց` ասես ինքն իր հետ զրուցելով,- նրան Գժուկ Մարի էինք ասում, որովհետև գժի պես սիրում էր մեր ջոկատի Ռաֆին: Կյանքը կտար նրա համար, բայց միևնույն է, նրա սերն էլ չփրկեց Ռաֆին... Բոլորը գիտեին, որ նա սիրահարված է, որ սիրելիի կողքին լինելու համար է հասել այդ դժոխքը, միայն նա չէր կռահում, որ մենք գիտեինք: Ռաֆոն էլ գիտեր, բայց անտարբեր էր ու չէր ցանկանում նրան ասել, որ անտարբեր էր, գուցե խղճում էր, չգիտեմ: Ասում էր. «Ի՜նչ էլ ժամանակ է գտել սիրելու: Մեր ամեն ապրած օրը մահվան բերանից ենք թռցնում, իսկ նա եկել հասել է մահվան դուռը, ինչ է, թե սիրում է...»: Հիշում եմ, որ նա չէր սիրում, երբ անունները աղավաղում էին, հիշում եմ` ինչքան էր բարկանում, երբ «Ռաֆո» էինք կանչում, ասում էր. «Ինչպե՞ս կարելի է «Ռաֆայել» անունն այդպես տգեղացնել ու դարձնել «Ռաֆո»... »: Ու «Ռաֆայել»-ն արտասանում էր այնպիսի մի քնքշանքով, որ նրա սերը չնկատելու համար պետք է ամենաքիչը կույր ու խուլ լինեինք: Լավ դիմացավ Մարի-Լույսը. երևի հենց նրան իր սերը փրկեց, չնայած` մտածում էինք, որ Ռաֆայելի մահը կսպանի նրան, որ կգժվի: Ծանր օր էր, Ռաֆայելը շրջափակման մեջ էր հայտնվել, իսկ նա այն մարդկանց թվին
էր պատկանում, որ թույլ չէր տա իրեն շղթայեն ու որոշեց քաշել ձգանը... Այո, նա դա արեց, իսկ անկուշտ գազանները, գերի վերցրին նրա դին: Զարմանալի վայրենությամբ են օժտված դրանք: Ու հատկապես առանձնակի դաժանություն են ցուցաբերում այն հերոսների նկատմամբ, ումից սարսափում են, իսկ Ռաֆոն այդպիսին էր, Ռաֆոն նրանց ահ ու սարսափն էր: Նրա դին այդպես էլ հետ չտվեցին, իսկ հողին հանձեցին նրա գլխարկն ու իր արձակած վերջին փամփուշտի պարկուճը... Մարի-Լույսն այդ մասին ոչինչ չասեցինք, համոզված էինք, որ չի դիմանա... Քիչ թե շատ ապրածս կյանքում ես նման սեր չեմ տեսել, չեմ էլ տեսնի... Բայց, ինչքան էլ զարմանալի է, նա ապրելու ուժ գտավ, նա այդպես էլ չվերադարձավ. մնաց իր Ռաֆայելի մոտ: Մի քանի տարի անց, ես նորից տեսա նրան Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մի փոքրիկ տղայի հետ: Ու իր զարմանս ինձ` նրա աչքերում դեռ փայլ կար, հույսի, հավատի, սիրո` մայրական անսպառ սիրո փայլ: Նա փոքրիկին որդեգրել էր: Չգիտեմ, դուք ինչպես, բայց ես չեմ հավատում պատահականություններին: Հավատում եմ ճակատագրին: Պատահական չի կարող լինել այն, որ նա փոքրիկին գտել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում, Ռաֆայելի ծննդյան օրը ու գիտե՞ք` ինչ էր որբացած այդ փոքրիկի անունը, անհավատալի է, բայց Ռաֆիկ էր նրա անունը: Դուք պետք է տեսնեիք, թե ինչպիսի քնքշությամբ էր նա փարվում իր մայրիկին, և ինչպիսի ջերմագին սիրով էր Մարի-Լույսը հոգ տանում նրա մասին: Այդ տեսարանը բավական էր հասկանալու, որ Մարի-Լույսը վերագտել էր հոգու անդորրը, խաղավել... Այլևս նրան չեմ տեսել: Դրանից հետո այնտեղ չեմ եղել, չէի կարող. առողջությունս էլ չի ներում, արդեն երիտասարդ չեմ, որ անտեսեմ հաշմված ոտքս ու քարացած սիրտս...
Է՜հ, աղջիկ ջան, - նա ծանր հևոց հանեց, իսկ ես բառեր չէի գտնում ասելու. քարացած լսում էի, - ոմանք ծնվում են սիրվելու համար, ոմանք էլ միայն անսահման ու անմնացորդ սիրելու, իսկ մյուսներն էլ զրկված են երկուսից: Երբեմն երանի եմ տալիս Ռաֆոյի կարճ, բայց իմաստալից կյանքին ու այդքան անիմաստ թվացող մահվանը. նա գիտեր, որ իր համար աղոթում են, աղոթում ամենաջերմ ու ամենամեծ սիրով, երբեմն էլ երանի եմ տալիս Մարի-Լույսի սիրուն... Ես չկարողացա սիրել այնպես, ինչպես նա գիտեր սիրել, ոչ էլ արժանացա նման սիրո, ինձ համար, ոչ ոք այդպես չի աղոթել ու այլևս չի աղոթի... Բարով մնաս:

Հուզմունքը խեղդում էր ինձ, հազիվ լսելի դողացող «մնաք բարով»-ս մնաց օդում կախված. նա հեռացել էր, իսկ ես նույնիսկ չհասցրի շնորհակալություն հայտնել իմ ներկայի համար (որից այնքան դժգոհում եմ, բայց ի՞նչ են իմ տառապանքները նրանց տառապանքների դիմաց) և ներողություն խնդրել նրա անցյալի, չկայացած կյանքի, կիսատ մնացած երազանքների համար...
Չգիտեմ, թե ինչքան մնացի այգու նստարանին նստած, սիրտս անզգայացել ու թմրել էր ուժգին ցավից: Ու չգիտեմ, սիրտս ավելի շատ ցավում էր Մարի-Լույսի անպատասխան ու կորած սիրո, Ռաֆայելի մահվան, նրա չօրհնված շիրիմի, թե՞ իմ անծանոթ զրուցակցի խեղաթյուրված առողջության նկատմամբ մարդկանց անտարբերության և անսեր միայնության համար... Ասես մի ամբողջ տիեզերք խտացե~լ, խտացե~լ էր ու ծանրացել սրտիս:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6278 | date 5.0/3 | date հարաբերություններ, նամակ, կյանքի պատմություն, պատմություն, ՍԵՐ, դու և նա, գիրք

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել