Երբ երիտասարդ փառասեր գեներալ Նապոլեոնը ղեկավարեց իտալական բանակը, այն աղետալի վիճակում էր: Բանակը բացարձակապես փող չուներ` անգամ նամակ ուղարկելու: Զինվորների մի մասը ոտաբոբիկ էր, իսկ մյուս մասի հագին էլ հնամաշ ու պատառոտված շորեր էին: Նրանք ավելի շատ տնանկ մարդկանց էին հիշեցնում, քան զինվորների:
Նա վերջ դրեց գողությանն ու թալանին: Նա գնդակահարում էր գողություն անողին, իսկ ամենակարևորը պատմական այն որոշումն էր, որ նա կայացրեց. <<Արգելել սպային զինվոր ծեծել>>:
Եթե սպան հարվածեր զինվորին, անկախ նրա ձեռքբերումներից` տեղում գնդակահարվում էր: Նա հրաման արձակեց, որով արգելվում էր բռնությունը, և օրենքը խախտողին գնդակահարություն էր սպառնում: Նա ընդամենը արգելեց ֆիզիկական ճնշումը, ստորացումը, փոխարենը ներշնչում էր զինվորին իր բանակի նկատմամբ վստահություն, հպարտություն: Նա լավ գիտեր, որ եթե մարդուն զրկես արժանապատվությունից, նա հերոս չի դառնա: Իսկ բանակը նրա այդ արարքին պատասխանում էր սիրով և հաղթանակներով, նրանք հաղթում էին ու հաղթում:
Դա եղել է երկու հարյուր տարի առաջ:
Ո՞րն էր Նապոլեոնի հաղթանակների գաղտնիքը:
Սերը և հարգանքը զինվորների նկատմամբ: Ով չգիտի նրա այն արտահայտությունը, որը հրաշքներ էր գործում. <<Զինվորի ուսապարկում է գտնվում մարշալական գավազանը>>: Նա ամեն մի զինվորի մեջ տեսնում էր վաղվա հրամանատարին և հերոսին: Նա սիրում էր զինվորներին, և այդ սերը փոխադարձ էր: Ահա թե ինչ է անում սերը: