Շաբաթ, 21 Դեկ 24, 19:46

Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Լաո Ցզի

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Աստղերի գաղտնիքը
Աստղերի գաղտնիքը
Մտորումներ | Բլոգգեր` Lilok94 | 06 Ապր 13 13:08

Աստղերի գաղտնիքը
Մանուկ հասակում շատ էի սիրում գիշերները պապիկիս հետ ժամերով նստել պատշգամբում: Նստում էինք, զրուցում տարբեր թեմաներից, ու երկա՜ր նայում աստղերին. կարծես, ընկղմվելով նրանց թափանցիկ խորության մեջ` մենք անէանում էինք` մոռանալով ամենքին և ամեն ինչ: Պապս շատ խելացի ու բանիմաց մարդ էր, իսկ ես էլ իմ հերթին, հետաքրքրասեր լինելով, շա՜տ հարցեր էի տալիս նրան, և նույնիսկ առանց մի հարցիս պատասխանը մինչև վերջ լսելու` հաջորդում էր մյուս հարցս, ապա` հաջորդը և այսպես շարունակ: Բայց պապս երբեք չէր զլանում պատասխանել իմ հարցերին, նույնիսկ երբեմն ես էլ էի զարմանում նրա համբերատարության վրա: Նա այդ հարցերին մոտենում էր այնքան լրջությամբ, որ, կարծես, նրա դիմաց մի հասուն մարդ էր, և ոչ թե հնգամյա մի փոքրիկ տղա: Եվ ահա այդպիսի մի գիշեր էր, շուրջբոլորը լռություն էր տիրում, բոլորը քնած էին, իհարկե, բացառությամբ երկուսիս: Մենք, ինչպես միշտ, վայելում էինք աստղերով լի անծայրածիր երկնքի խաղաղությունը: Եվ հենց այդ ժամանակ էլ գլխումս մի հարց ծագեց, այն խելահեղ հարցերից մեկը, որոնք այնքա՜ն շատ էր լսել պապիկս:
-Պապի՜կ:
-Ասա’, թոռնիկս:
-Պապի’կ, իսկ ճի՞շտ է, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ իր աստղն ունի երկնքում:
-Անկասկած, այդպես է թոռնիկս:
-Իսկ ո՞րն է իմ աստղը:
Պապս մի պահ ժպտաց` հայացքը սևեռելով իմ` հետաքրքրությունից բոցկլտացող աչքերին, և հետո պատասխանեց.
-Նայի´ր երկնքին: Տեսնու՞մ ես, այնտեղ` հեռվում երկու աստղ է փայլում: Ավելի պայծառ շողացողը քոնն է, իսկ մյուսը` իմը:
-Պապի´կ, իսկ ինչու՞ է քո աստղը խամրած, ինչու՞ այն այնքան պայծառ չէ, որքան իմը:
-Տարիներ առաջ իմն էլ էր պայծառ, իմն էլ էր փայլում քո աստղի պես, իսկ հիմա՜…
Նա մի պահ լռեց: Ես նկատեցի անհուն թախիծ նրա ծերացած աչքերում և հասկացա, որ հարցս անտեղին էր:
-Նայի´ր, պապիկ, այս կո՜ղմ, այս կո՜ղմ. աստղ է ընկնում, երազանք պահիր:
-Երազա՜նք… Ես միայն մի բան եմ երազում բալիկս, որ մի օր իմ աստղն էլ այդ դժբախտ մարդու աստղի պես չընկնի:
-Դժբա՞խտ: Ինչու՞ ես այդպես ասում պապիկ, բոլորս էլ մի օր մահանալու ենք չէ՞, և մեր աստղն էլ մեզ հետ: Մի՞թե բոլորս դժբախտ ենք լինելու:
-Ճիշտ է, բոլորս էլ մի օր մահանալու ենք, խելո՜քս,- շոյելով գլուխս ասաց նա,- բայց միշտ չէ, որ մահացողի հետ իր աստղն էլ է ընկնում: Միգուցե դու հիմա իմ ասածները այնքան էլ լավ չհասկանաս ու ճիշտ չընկալես, բայց ժամանակի ընթացքում կգիտակցես իմ խոսքերի ճշմարտությունը, եվ դա էլ հենց աստղերի գաղտնիքն է:
Եվ իրոք, այդ ժամանակ չհասկացա, թե ինչ նկատի ուներ պապս, բայց փորձեցի այլևս հարցեր չտալ` տեսնելով նրան պատած թախիծը: Նորից տիրեց լռություն. մենք նորից կարծես վերացանք աշխարհից, վերացանք իրականությունից` խորասուզվելով աստղերի վեհության մեջ:
Անցան տարիներ… Պապիկս արդեն կողքիս չէ, նա շա՜տ հեռու է, աստղերի գրկում` իր երազների գրկում: Այս տարիների ընթացքում ես երբեք չեմ մոռացել պապիկիս, միշտ առաջնորդվել եմ նրա խորհուրդներով, ապրել այնպես, ինչպես նա էր ինձ սովորեցրել: Բայց այս տարիների ընթացքում շատ եմ մտածել այն օրվա պապիս ասած խոսքերի մասին, փորձել եմ հասկանալ դրանք, բայց չեմ կարողացել: Միշտ ինքս ինձ մտածում էի. «Արդյո՞ք պապիկիս երազանքը իրականացե՞լ է, թե՞ ոչ»: Հիմա, երբ արդեն ես եմ պապիկ դարձել, փորձում եմ այն նույն սերն ու ջերմությունը, այն խորհուրդներն ու խրատները տալ իմ թոռանը, ինչը որ ժամանակին պապս էր անում: Մենք էլ ամեն գիշեր նստում ենք պատշգամբում և նայում աստղերին: Թոռնիկս էլ ինձ պես շատ հետաքրքրասեր է և ես մեծ հաճույքով, համբերատար պատասխանում եմ նրա բոլոր հարցերին, սովորեցնում եմ նրան ապրել այնպես, ինչպես պապս էր ինձ սովորեցրել:
Այդ գիշերներից մեկի ժամանակ, թոռնիկս ինձ տվեց այն նույն հարցը, որը ժամանակին ես էի տվել պապիկիս: Հենց այդ նույն հարցը. իսկ ո՞րն է իմ աստղը: Եվ պատկերացրեք իմ զարմանքը, երբ նայելով պապիկիս ցույց տված այն երկու աստղերին, տեսա, որ նրանք արդեն երեքն էին` մեկը շատ պայծառ էր փայլում, իսկ այն երկուսը… այն երկուսը խամրած էին և, կարծես, մարող լույսի պես հազիվ նշմարվում էին:
- Ահա թոռնիկս, տեսնու՞մ ես այն երեք աստղերը,- շշնջացի ես` արցունքներս հազիվ խեղդելով,- տեսնու՞մ ես այն մեկը, որ այնքան պայծառ է, այնքան լուսավոր. Դա քոնն է, քո աստղը, իսկ կողքինը, ա՜յ այն խամրածը`իմն է:
-Պապիկ, բայց այնտեղ երեքն են, չէ՞, իսկ այն երրորդն ու՞մն է:
Այդ պահին, չկարողանալով զսպել արցունքներս, ամուր գրկեցի թոռանս: Ես հասկացա, որ պապիս երազանքը կատարվել էր, նրա աստղը չէր մարել:
Միգուցե հիմա դուք ձեզ հարց կտաք, թե ինչու՞, չէ՞ որ պապս արդեն վաղու՜ց մահացել էր:
Իսկ ես արդեն գտել եմ այդ հարցի պատասխանը. «Երջանիկ է այն մարդը, ում նույնիսկ մահն է անզոր` անհայտ ջնջել աշխարհիս երեսից, չէ՞ որ նա ապրում է հավերժ մեր հոգիներում, մեր հիշողություններում, ինչպես որ պապս էր: Եվ հիմա նաև հասկանում եմ, թե ինչու պապս այն ընկնող աստղի տիրոջն անվանեց դժբախտ»:
Հիմա ես էլ երազանք ունեմ…

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6682 | date 5.0/1 | date Աստղեր, մտորումներ, խորհուրդներ, մտքեր, օգտակար, գաղտնիք, գաղտնիքներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել