Շաբաթ, 21 Դեկ 24, 21:09

Փող ստեղծել առանց գովազդի կարող են միայն մեծ փողերը: Թոմաս Մակոլեյ

Գլխավոր » Հոդվածներ » Ընդհանուր / Այլ  

Ապրանքների շտրիխ կոդավորում
Ընդհանուր / Այլ | Հեղինակ` Սոնյա Սարգսյան ArmEco | 18 Սեպ 11 13:12

Կոդավորում կոչվում է պայմանական նշագրի (կոդի) կարգավորված ձևավորումը և դրա շնորհումը դասակարգվող օբեկտներին, ինչպես նաև դասակարգման հատկանիշներին ու խմբավորումներին։
Ապրանքների կոդավորման մեջ առավել տարածված են գծիկային կոդերը: Ընդհանրապես, օբյեկտների գծիկային նույնականացման գործընթացների սկիզբը համարվում է 1932թ., սակայն գծիկային կոդերը գործնականում կիրառվեցին ավելի ուշ` հաշվիչ մեքենաների համատարած ներդրման հետ միասին:

Միջազգային ստանդարտներով նախատեսված են գծիկային կոդերի բազմաթիվ համակարգեր: Միայն եվրոպական "Գծիկային կոդեր" համալիր ստանդարտներով նույնականացված են 18 տարբեր պայմանանշաններ, այդ թվում  "EAN/UPC", "Կոդ 2-ը 5-ից",  "Կոդ 2-ը  5-ից, հերթափոխելով", "Կոդ 39", "Կոդ 128", "Կոդ 11", "Կոդաբլոկ", "Կոդ 49", "Կոդաբար", "Կոդ 16K", "Կոդ 93", "Կոդ PDF 417" և այլն:
Այսպես, միջազգային առևտրում արդեն պարտադիր նորմ է դարձել ապրանքների, այսպես կոչված, EAN գծիկավոր կոդավորումը։ Գնով, չափերով, զանգվածով, որակով բնութագրվող կոնկրետ միավորը նույնականացվում է դրան տրված գծիկային կամ թվային կոդով։ Այս կոդերի հիմքում դրված է ամերիկյան UPC ստանդարտը (universal product cօde), որն օգտագործվում է ինչպես արդյունաբերության մեջ, այնպես էլ առևտրում։
EAN կոդերը մշակվել են Բրյուսելում գտնվող EAN (European Article Numbering - Արտադրանքների Եվրոպական Համարակալում) միջազգային ասոցիացիայի կողմից։ EAN-ի կոդը 13 (14) կարգանի կամ 8 կարգանի թվային կոդ է, կազմված տարբեր հաստության գծիկների և միջակայքերի համակցությունից։ Ընդ որում, ամենանեղ գծիկը կամ միջակայքը ընդունվում է որպես հաստության միավոր կամ մոդուլ։ Մնացած գծիկները կամ միջակայքերը կազմում են երկու կամ երեք մոդուլ: Ապրանքի 13 կարգանի թվային կոդն ընդգրկում է (պատկեր 1)` երկրի կոդը, արտադրող ձեռնարկության կոդը, ապրանքատեսակի կոդը, ստուգիչ թիվը:
Երկրի կոդը տրվում է EAN ասոցիացիայի կողմից` կենտրոնացված կարգով։ EAN համակարգում Հայաստանի ազգային կոդը 485-ն է։ Մի շարք երկրների տրված են կոդի միջակայքներ (օրինակ Ֆրասիային, Ճապոնիային) և հնարավորություն` երկկարգանի կոդը լրացնել երրորդ կարգով, իսկ մնացածներին` եռանիշ կոդ։
Երկրի կոդը ցույց է տալիս այն երկիրը, որի ազգային մարմնի կողմից գրանցվել է արտադրողը: Արտադրող ձեռնարկության կոդը շնորհում է տվյալ երկրի ազգային մարմինը (ՀՀ-ում` ԵԱՆ-ԱՐՄԱՆ կազմակերպությունը): Ապրանքատեսակի կոդը շնորհում է արտադրող ձեռնարկությունն ինքնուրույն:

Պատկեր 1. Ապրանքային կոդի կառուցվածքը
Ստուգիչ կամ հսկիչ թիվը նախատեսված է կոդավորման ճշտությունը ստուգելու համար:
Ապրանքի 8 կարգանի թվային կոդը ընդգրկում է երկրի, ձեռնարկության կոդը և հսկիչ թիվը։
Արտաքին առևտրի ոլորտում ապրանքի գծիկային կոդի առկայությունը պարտադիր պայման է։
Ապրանքի գծիկային կոդավորումը թույլ է տալիս`
  • որոշել արտահանող երկիրը, արտադրողին, կոնկրետ ապրանքը
  • խուսափել ԱՎՏ-ի փաստաթղթային բազմաքանակ զանգվածից
  • բարձրացնել ապրանքի մրցունակությունը, պահանջարկը,
  • գովազդել ապրանքը, բարելավել սպասարկման կուլտուրան,
  • կազմակերպել ԱՎՏ-ի էլեկտրոնային արագ և արդյունավետ փոխանակություն առևտրական սուբյեկտների միջև,
  • իրականացնել ապրանքաշարժման առևտրատեխնոլոգիական պրոցեսների արդյունավետ վերահսկում և հաշվառում։
Գոյություն ունեն գծիկային կոդի դրման մի շարք կանոններ, որոնցից շեղումները նույնպես կարող են թույլ տալ տարբերելու իսկական գծիկային կոդերը կեղծվածներից։ Նախ, հաստատված են գծիկային կոդերի սահմանային չափերը. նվազագույնը 21,0 x 30,0 մմ, առավելագույնը` 52,5 x 74,6 մմ։
Երկրորդ, կոդի գծիկները կարող են լինել միայն սև, կապույտ, մուգ կանաչ կամ մուգ շագանակագույն, իսկ որպես ֆոն սպիտակը, դեղինը, նարնջագույնը, բաց շագանակագույնը։ Գծիկների տպման համար չի կարելի կիրառել կարմիր և դեղին երանգները, որովհետև դրանք տեսածրիչի (սկաներ ) կողմից չեն ճանաչվում։
Երրորդ, գծիկային կոդերը, որպես կանոն, տեղադրվում են փաթեթի աջ ներքևի անկյունում, եզրերից 20 մմ-ից ոչ պակաս հեռավորությամբ։ Դրման տեղը պետք է լինի հարթ, առանց անցքերի և նկարների։
Չորրորդ, յուրաքանչյուր փաթեթի վրա դրվում է EAN կամ UPC միայն մեկ գծիկային կոդ։ Սակայն եթե ապրանքը գրանցված է նշված երկու համակարգերում« փաթեթի հակադիր անկյուններում դրվում է երկու գծիկային կոդ։
EAN կոդի տարատեսակ են (EAN ) - ITF – 14 և ITF-20 կոդերը, որոնք կիրառվում են բեռնարկղերի  խմբային տարայի մակնշման մեջ: Ընդ որում այս կոդերը կարող են դրվել նաև խորդուբորդ և ծալքավոր մակերես ունեցող բռնարկղերի վրա:
ԱՊՀ երկրների արտադրող ձեռնարկություններին EAN համակարգում գրանցելու, EAN կամ UPC կոդեր տրամադրելու իրավունքը վերապահված է արտաքին տնտեսական "UNISCAN" ասոցիացիային։
Վերջին Ժամանակներս, հատկապես առողջապահության  ոլորտում, անձնակազմի հաշվառման փաստաթղթերում, արխիվային գործում և այլուր, հաճախ են կիրառում բազմատող կոդերը: Այստեղ գծիկների բարձրությունների կրճատման և դրանք տարբեր տողերում տեղադրելու շնորհիվ մեծացել է տեղեկատվության խտությունը, հետևաբար, նաև ծավալը:     
"ՙԿոդ 39" -ը մշակվել է` հաշվի առնելով տվյալների դծիկային կոդավորման հնարավորությունները տասից մինչև լատինական այբուբենի նիշերի քանակին հասցնելու անհրաժեշտությունը: Կոդի անվանումը նույնպես մեկնաբանում  է դրա կառուցվածքը. ամեն մի նիշ բաղկացած է 9 տարրերից` գծերից և բացակներից, որոնցից 3-ը լայն են, 6-ը` նեղ: Նիշերը ներկայացվում են 0 և 1 երկուական համակարգով, ընդ որում լայն տարրերը նշվում են 1-ով, իսկ նեղերը` 0-ով: Կիրառվում է կենցաղային էլեկտրական և էլեկրոնային մեքենաների, սարքերի ու սարքավորումների մակնշման  մեջ:

view 23073 | comments 1 | date 4.7/31 | date տնտեսագիտություն, կոդավորում, շտրիխ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+3  
№ 1| Armen | 27 Սեպ 11 17:22[Նյութ]
Բավական հետաքրքիր էր...

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը