Շաբաթ, 21 Դեկ 24, 16:52

Եթե դու սայթաքում և ընկնում ես, դա դեռ չի նշանակում, որ դու սխալ ճանապարհի վրա ես: Վանտալա

Գլխավոր » Հոդվածներ » Մարքեթինգ և վաճառք  

Համաշխարհային բրենդ
Մարքեթինգ և վաճառք | Հեղինակ` Lili (ԱՍՏՂԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ) 770d92 | 17 Սեպ 12 13:56

Սիրելի’ ընթերցող, այսուհետ "Տնտեսագետի" պարբերաշարքերին կավելանա ևս մեկը` "Համաշխարհային բրենդ" խորագիրը: Հուսով ենք` ինչպես ստորև ներկայացվողը, այնպես էլ հետագա նյութերը ձեզ համար կլինեն ոչ միայն ճանաչողական, այլև  կխթանեն ձեր միտքը, գործնականությունը, կոգևորեն ու… Գուցե, հեռու չէ այն օրը, երբ ձեր շարքերում նույնպես բացառիկ տաղանդով ու աշխատասիրությամբ կկայանան համաշխարհային հռչակ վայելող բրենդի հայ ներկայացուցիչները և կյանքի կկոչեն "հայկական տնտեսական հրաշքը":
ԲՐԻՆՁ ԵՓԵԼՈՒ ՍԱՐՔԵՐ ԱՐՏԱԴՐՈՂԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ SONY Ճապոնական գերհսկա Matsushita-ն 70-ականներին լիցենզավորեց տեսաձայնագրման VHS ստանդարտը: Միևնույն ժամանակ Sony-ն մշակել էր ան համեմատ ավելի բարձր որակով Betamax ստանդարտը, սակայն չկարողացավ լիցենզավորել այն: Այժմ VHS-ը համարվում է համաշխարհային ստանդարտ, իսկ Betamax-ն անցավ պատմության գիրկը: Թերևս, սա Sony ընկերության միակ բացթողումն էր իր` համաշխարհային բիզնեսի համար շրջադարձային պատմության մեջ:

Հետպատերազմյան Ճապոնիա. երկիրն ամբողջովին ավերակների մեջ էր: Մարդիկ, վերադառնալով ռազմաճակատից, փորձում էին վերականգնել իրենց բնականոն կյանքը և մի կերպ ապրուստի միջոց հայթայթել` զբաղվելով ճապոնական ավանդական արհեստներով, որոնք ժառանգվում էին սերնդից սերունդ: Ճապոնիայի ռազմածովային ուժերի սպա Ակիոն նրանցից մեկն էր: Լինելով, ինչպես ինքն էր ասում, ՙՃապոնիայում սակե պատրաստող լավագույն և հնագույն ընտանիքներից մեկի տասնհինգերորդ սերնդի առաջին և միակ ժառանգը՚, նա մտածում էր, թե կարող է շարունակել ընտանեկան բիզնեսը: Սակայն ավանդական խմիչքի սիրահարները մեծ կորուստ ունեցան, քանի որ մասնագիտությամբ ֆիզիկոս Ակիոն այլ կոչում ուներ. նա պետք է հիմնադրեր աշխարհի տեխնիկայի ամենահզոր կայսրություններից մեկը: Մինչ ամենահզոր կայսրություններից մեկը դառնալը` Sony-ն կիսաքանդ մի տարածքում Ակիո Մորիտայի և նրա ընկերոջ` Մասարու Իբուկայի կողմից հիմնված Tokio Tsushin Kogyo KK անունով կազմակերպությունն էր, որը զբաղվում էր ռադիոընդունիչների մասնիկներ և բրինձ եփելու սարքեր արտադրելով, որոնք, ինչպես և ճապոնական արտադրության մնացած ապրանքները, որակական բարձր հատկանիշներով չէին փայլում: Ավելին, Made in Japan արտահայտությունը զուգորդվում էր ցածրորակ և էժան ապրանքների հետ: Մորիտան և Իբուկան որոշեցին կոտրել այդ կարծրատիպը: Այս դժվարագույն խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր համար առաջինը դառնալ նախ սեփական երկրում, այնուհետև նաև ամբողջ աշխարհում: Այսպես սկսվեց Tokio Tsushin Kogyo-ի հաղթարշավը, որը 1958 թվականին վերանվանվեց Sony (sonus լատ.-ձայն): Ընկերությունը 1949 թվականից պարբերաբար հանդես է գալիս նորամուծություններով: Առաջին մագնիսային երիզով աուդիոձայնագրիչները, առաջին մագնիտոֆոնները` ձայնագրելու հնարավորությամբ, առաջին գրպանային ռադիոընդունիչները, տրանզիստորներով աշխատող առաջին հեռուստացույցները կրում էին հենց Sony անվանումը: Եվ ընկերությունը մտավ միջազգային շուկա` զարկ տալով Ճապոնիայի արդյունաբերական վերածննդին: "Մենք ապրում ենք ազատ երկրում, - ասում էր Մորիտան, -և կարող ենք նշանակալի գործեր անել: Մենք ապացուցեցինք դա` փոխելով Made in Japan արտահայտության վատ համբավը: Այսուհետ այն համարվում է հուսալիության երաշխիք": Թերևս, վստահորեն կարելի է արձանագրել, որ Sony ընկերության հաջողության գրավականը գրագետ կառավարման մեջ էր, որը արտահայտվում էր երկու պարզ, բայց միևնույն ժամանակ հանճարեղ սկզբունքի մեջ` մեծագույն հարգանք յուրաքանչյուր աշխատողի հանդեպ և յուրաքանչյուրի լավագույն հատկանիշների բացահայտում: Նկարագրելով այն, ինչն ինքն անվանում էր "առաջատարի ոգի"` Մորիտան, փաստորեն, ձևակերպում էր իր ֆիրմայի համաշխարհային հաղթարշավի փիլիսոփայությունը. Sony-ն առաջատար է և երբեք չի ձգտել հետևել մյուսներին: Sony-ն ցանկանում է իր զարգացումը ծառայեցնել ամբողջ աշխարհին: Այն մշտապես կլինի նորը և միայն նորը փնտրողը…": Sony-ի կողքին կային շատ ֆիրմաներ, որոնք ընդամենը ոգեշնչված հետևորդներ էին, մինչդեռ Sony-ն թելադրում էր կատաղի արագություն` թողարկելով նորանոր արտադրանքներ, մեկը մյուսի հետևից նորամուծություններ նետելով շուկա: Այսպես, Sony-ն աշխարհին տվեց առաջին տեսախցիկը, առաջին տնային տեսամագնիտոֆոնը և դիսկետը: Սակայն նրա ամենամեծ հաջողությունը Մորիտայի փայլուն մտքի թռիչքի արգասիքն է` Walkman-ը: Այս հռչակավոր արտադրանքի ստեղծման պատմությունն ընկերության լեգենդներից մեկն է: Մորիտան պարզապես նկատել էր, որ երիտասարդները սիրում են ամենուրեք երաժշտություն լսել: Մնացածն արդեն շատ պարզ էր. Մորիտան որոշեց արտադրել առաջին փլեյերը, թեև ընկերությունում ոչ ոք չէր հավատում դրա հաջողությանը: Առաջին փլեյերն, այդուամենայնիվ, արտադրվեց և անվանվեց Walkman: Բրիտանական հասարակությունը գնահատել է Ակիո Մորիտայի ավանդն անգլերենի զարգացման մեջ (խոսքը sony և walkman բառերի մա սին է): Այնուամենայնիվ, Մորիտան չի հորինել walkman բառը: Բանն այն է, որ փլեյերն արտադրելուց հետո, երբ արդեն պետք էր գովազդային գործակալություններին հայտնել դրա անվանումը, Մորիտան գրասենյակում չէր: Նրա ենթականերից մեկը, որն անգլերեն, ամենայն հա վանականությամբ, լավ չգիտեր, առաջարկեց walkman բառը, որն անգլերենից բառացի թարգմանությամբ նշանակում է "քայլել-մարդ": Մորիտան, վերադառնալով, հրահանգեց փոխել անվանումը, սակայն ուշ էր. գովազդն արդեն հեռարձակվում էր բոլոր հեռուստաալիքներով: Սակայն ամերիկյան հասարակությունն այս տարօրինակ բառն այնպես սիրեց և ընդունեց, որ երբ Sony-ն թողարկեց փլեյերներ նոր, շատ ավելի գրագետ անվանումով` Roundabout, ամերիկացի և անգլիացի գնորդները չէին ցանկանում դրանք գնել և պահանջում էին Walkman: "Ես չեմ հավատում, որ մարքեթինգային նույնիսկ լավագույն հետազոտությունը կարող էր ցույց տալ, որ այն կունենար այդպիսի հսկայական հաջողություն",- հետագայում խոստովանեց Մորիտան և այդ պահին էլ հայտնեց մի արտասովոր միտք, որը հզորագույն արտադրողների համար դարձավ թևավոր խոսք և աստվածաշնչյան ճշմարտություն. "Մարդիկ չգիտեն ինչն է հնարավոր, ինչը` ոչ. դա գիտենք մենք": Ճապոնիայում Մորիտան համարվում էր դարերով ձևավորված ավանդույթների խախտող: Բայց, այդուամենայնիվ, Մորիտան համարվում էր հենց արևելյան գործարար մարդու վառ օրինակ: Sony-ն ղեկավարելու տարիների ընթացքում Մորիտան մշակել էր հաջողության յուրահատուկ փիլիսոփայություն, որն իր արտահայտությունն է գտել նրա բազմաթիվ աքսիոմներում:

"Շուկայում մասնաբաժինը շատ ավելի կարևոր է, քան շահույթը": "Եթե Դուք ապրում եք` համոզված լինելով, որ Ձեր ընտրած ուղիները միշտ լավագույնն են, իմացած եղեք, որ բոլոր նոր մտահղացումները կշրջանցեն Ձեզ": "Մեքենաների հետ աշխատելով` Դուք կարող եք լինել ամբողջովին ռացիոնալ: Բայց եթե աշխատում եք մարդկանց հետ, տրամաբանությունը երբեմն պետք է իր տեղը զիջի ինտուիցիային": "Երբեք մի’ խոչընդոտեք մյուսների գործունեությանը. յուրաքանչյուր աշխատանք ունի արժանապատվության ի’ր բաժինը":

Որոշ մարդկանց մասին ընդունված է ասել, որ նրանց մահով ավարտվում է մի ամբողջ դարաշրջան: Ակիո Մորիտան, անկասկած, արժանի է այսպիսի գնահատականի: 1993 թվականին ծանր հիվանդությունից հետո նա թողեց աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի գործերի կառավարումը, և 1994 թվականից Sony Corp-ը գործում է ինքնուրույն: Ակիո Մորիտան Sony-ն բրինձ եփելու սարքեր արտադրողից դարձրեց աշխարհի ամենահայտնի կազմակերպություններից մեկը և միայն նոր սերնդի ինժեներներից է կախված, թե թողարկված հերթական նորույթը կարժանանա բրինձ եփող սարքի, թե՞ "Walkman"-ի ճակատագրին:

ԱՍՏՂԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
view 8658 | comments 1 | date 4.8/16 | date Sony, բրենդ, walkman, տնտեսագիտություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+4  
№ 1| 770d92 | 25 Սեպ 12 18:12[Նյութ]
.

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը