Շաբաթ, 21 Դեկ 24, 20:52

Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը: Ալբերտ Էնշտեյն

Գլխավոր » Հոդվածներ » Բանկային գործ  

Բանկի կազմակերպական կառուցվածքը
Բանկային գործ | ADMIN-S | 23 Սեպ 12 19:09

Բանկը, ինչպես ցանկացած այլ առևտրային կազմակերպություն, ունի կառավարման որոշակի համակարգ և կազմակերպական կառուցվածք: Լավագույն կազմակերպական կառուցվածքի ընտրությունը՝ ամբողջությամբ վերցված բանկի աշխատանքի ճիշտ կազմակերպման և հաջող գործունեության գրավականն է: Բանկի կազմակերպական կառուցվածքում առանձնանում են երկու հիմնական պահեր՝ բանկի կառավարման կառուցվածքը և նրա ֆունկցիոնալ ստորաբաժանումների ու ծառայությունների կառուցվածքը:

Բանկն առանձնահատուկ տնտեսավարող սուբյեկտ է. հանդես է գալիս որպես բանկային գործառնություններ իրականացնող ֆինանսավարկային ինստիտուտ: Հետևաբար, նրա կազմակերպական կառուցվածքի և կառավարման ապարատի կառուցվածքի վրա իր կնիքն է թողնում բանկի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկությունը: Դա կարելի է նկատել բանկի աշխատանքի կազմակերպման որոշակի սկզբունքների օրինակով, որոնք թույլ են տալիս իրականացնել բանկային գործառնությունները և նրա առջև դրված խնդիրները:
Բանկերը, որպես կանոն, կազմավորված են ըստ ֆուկցիոնալ հայտանիշի: Դա նշանակում է, որ բանկի կառուցվածքը պետք է հարմարեցված լինի նրա կողմից իրականացվող կոնկրետ գործունեությանը: Քանի որ բանկը խոշոր վարկային կազմակերպություն է, ընդունում է ավանդներ, իրականացնում դրամարկղային, հաշվարկային գործառնություններ, նրա կառուցվածքում պետք է առկա լինեն վարկային, ավանդային« վճարահաշվարկային ստորաբաժանումներ, դրամարկղ և այլն: 
Տարիների ընթացքում բանկերը մշակել են մի շարք կազմակերպական կառուցվածքներ, որոնցից յուրաքանչյուրը հարմարեցվել է այն ֆունկցիաների իրականացմանը և ծառայությունների մատուցմանը, որոնց կարիքը զգում են սպառողները: Բանկի կառուցվածքի ձևավորման վերջնական նպատակը հանդիսանում է ամբողջ բանկային գործունեության համալիրի կառավարման հարմարությունը, հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, բանկային ծառայողների աշխատանքի արտադրողականության և բանկի շահութաբերության բարձրացումը:
 Բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը հիմնականում կարող է պայմանավորված լինել իր առջև դրված խնդիրների իրագործումն առավելագույնս արդյունավետ դարձնելու նպատակով:
Ելնելով միջազգային բանկային փորձից« բանկի կազմակերպական կառուցվածքի մեջ ընդգրկվող ստորաբաժանումները կարելի է դասակարգել երեք հիմնական խմբերի՝ Front Office, Back Office և Middle Office:

Front Office-ն ընդգրկում է բանկի այն ստորաբաժանումները, որոնք անմիջականորեն շփվում են բանկի գործընկերների և հաճախորդների հետ: Դրանց աշխատակիցներն անմիջապես զբաղված են հաճախորդների հետ գործառնությունների իրականացմամբ և ծառայությունների մատուցմամբ, գործարքներ կնքելով, անմիջապես մասնակցում են բանկի եկամուտների ստեղծման գործընթացներին, ի տարբերություն այն աշխատակիցների, որոնք կատարում են օժանդակ ֆունկցիաներ:
Front Office-ի հիմնական աշխատակիցներից են հաճախորդներին անմիջականորեն սպասարկողները, դրամական շուկայի (վարկային, ավանդային մասնագետները), արտարժութային շուկայի և արժեթղթերով գործառնությունների մասնագետները:
Հաճախորդներին անմիջականորեն սպասարկողներն ընդունում են հաճախորդներին, նրանց մատուցում խորհրդատվություն, ներկայացնում բանկի կողմից մատուցվող ծառայությունները և սահմանված կարգերն ու արարողակարգերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նրանց ուղարկում գործարքներ կնքող համապատասխան ստորաբաժանումներ: 
Վարկային մասնագետների հիմնական գործառույթներն են՝ գործող օրենսդրությանը և բանկի ներքին կանոններին համապատասխան հաճախորդների հետ վարկային, ֆակտորինգային, լիզինգային և այլ ակտիվային գործարքներ կնքելը, վարկային գործեր բացելը և վարելը, տրամադրված վարկերի ժամանակին մարմանը և տոկոսների վճարմանը հետևելը (մոնիտորինգը), գործող կարգին համապատասխան վարկերը դասակարգելը և հնարավոր կորուստների պահուստին ուղղվող հատկացումների գումարը որոշելը, վարկերի և այլ ակտիվային գործարքների վերաբերյալ հաշվետվություններ կազմելը, համապատասխան հաշվապահական ձևակերպումների համար Back Office-ին կարգադրություններ տալը:
Ավանդային գործառնությունների մասնագետների հիմնական գործառույթներն են՝ գործող օրենսդրությանը և բանկի ներքին կանոններին համապատասխան հաճախորդների համար բանկային հաշիվներ բացելը և վարելը, բանկային հաշվի և բանկային ավանդի պայմանագրեր կնքելը, ներգրավված ավանդների ժամանակին մարմանը և տոկոսների վճարմանը հետևելը (մոնիտորինգը), ավանդների վերաբերյալ հաշվետվություններ կազմելը, համապատասխան հաշվապահական ձևակերպումների համար Back Office-ին կարգադրություններ տալը:
Արտարժութային գործառնությունների մասնագետների հիմնական գործառույթներն են՝ գործող օրենսդրությանը և բանկի ներքին կանոններին համապատասխան հաճախորդների հետ արտարժույթի կանխիկ և ժամկետային գործարքներ կնքելը, արտարժութային շուկայում գործառնություններ իրականացնելը, արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվություններ կազմելը, համապատասխան հաշվապահական ձևակերպումների համար Back Office-ին կարգադրություններ տալը:
Արժեթղթերով (ֆոնդային) գործառնությունների մասնագետների հիմնական գործառույթներն են՝ գործող օրենսդրությանը և բանկի ներքին կանոններին համապատասխան արժեթղթերով գործարքներ, այդ թվում՝ ժամկետային գործարքներ կնքելը, արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկայում գործառնություններ իրականացնելը, գործող կարգին համապատասխան արժեթղթերը դասակարգելը և հնարավոր կորուստների պահուստին ուղղվող հատկացումների գումարը որոշելը, արժեթղթերով գործառնությունների վերաբերյալ հաշվետվություններ կազմելը, համապատասխան հաշվապահական ձևակերպումների համար Back Office-ին կարգադրություններ տալը:

Back Office-ն ընդգրկում է բանկի այն ստորաբաժանումը կամ ստորաբաժանումները, որոնք ուղղակի մասնակցություն չեն ունենում բանկային գործառնություններում, այլ իրականացնում են բանկի գործառնությունների հաշվապահական ձևակերպումները (հաշվառումը), հաշվարկները և հաշվետվությունների կազմումը: Այս իմաստով Back Office-ն անվանում են բանկի օժանդակ գրասենյակ կամ գործառնական ստորաբաժանում: Back Office-ը պատասխանատու է հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական և այլ հաշվետվությունների կազմման, գործող օրենսդրական պահանջներին և կանոններին դրանց համապատասխանության, ինչպես նաև մասնաճյուղերի միջև կապի համար: Բանկերում այս ծառայության գործառույթները կատարում է հաշվապահությունը: 
Բանկի հաշվապահների հիմնական գործառույթներն են՝ գործող օրենսդրությանը և բանկի ներքին կանոններին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելը, բանկի կողմից իրականացված բոլոր գործառնությունների հաշվապահական ձևակերպումներ տալը, ֆինանսական, հարկային և այլ հաշվետվություններ կազմելն ու ժամանակին ներկայացնելը, ֆինանսական հաշվետվություններ հրապարակելը, բանկի մասնաճյուղերի և տարածքային այլ ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման վարմանը և գործառնությունների գրանցմանը հետևելը:

Middle Office-ն ընդգրկում է բանկի ֆինանսատնտեսական գործունեությունը գնահատող, կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորումն իրականացնող, ֆինանսական շուկաներն ուսումնասիրող, բանկային ռիսկերը գնահատող և կառավարող, բանկի ակտիվների, պասիվների և պահուստների կառավարումն իրականացնող, բանկի կայուն զարգացման համար անհրաժեշտ տեղեկատվություն հավաքող, մշակող և արդյունքները գործնականում կիրառող, ինչպես նաև բանկի կողմից իրականացվող գործառնությունների պարամետրերը ստուգող, հաստատող կամ մերժող, բանկի ընթացիկ գործառնությունների և դրանց ձևակերպումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումները, և այս իմաստով միջանկյալ դիրք է գրավում Front Office-ի ու Back Office-ի միջև: Middle Office-ը սահմանում և Front Office-ին է տրամադրում ընթացիկ օրվա առանձին շուկաների, գործընկերների, գործիքների սահմանաչափերը: Տեխնիկական վերստուգումից բացի, Middle Office-ի կարևորագույն ֆունկցիան է ռիսկերի կառավարումը:
Middle Office-ի հիմնական աշխատակիցներից են ֆինանսական և ռիսկերի վերլուծաբանները: 
Ֆինանսական վերլուծաբանների հիմնական գործառույթներն են՝ բանկի ընթացիկ գործունեության մշտական վերլուծությունը, հիմնախնդիրների բացահայտումը և դրանց լուծման ուղղությամբ համարժեք միջոցառումների ձեռնարկումը կամ առաջարկումը, արտաքին միջավայրի, այդ թվում՝ ֆինանսական շուկայի վերլուծությունը, բանկի հեռանկարային զարգացման ուղղությունների, վարկային քաղաքականության մշակումը, վարկային ներդրումների, արժեթղթերի պորտֆելների, ակտիվների և պասիվների կառավարումը, բանկի կայուն զարգացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքումը, մշակումը և արդյունքների գործնական կիրառումը, բանկի կողմից իրականացվող գործառնությունների նկատմամբ վերահսկողությունը: 
Ռիսկերի վերլուծաբանների հիմնական գործառույթներն են՝ բանկային ռիսկերի վերլուծությունը և գնահատումը, բանկի գործունեության ֆինանսական ցուցանիշների վրա դրանց ազդեցության գնահատումը, ռիսկերի կառավարումը և հեջավորման (ռիսկերից ապահովագրման) ուղղությամբ համարժեք միջոցառումների ձեռնարկումը կամ առաջարկումը:
view 14022 | date 5.0/9 | date կազմակերպական կառուցվածք, բանկ, կառուցվածք, տնտեսագիտություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել