Շաբաթ, 21 Դեկ 24, 21:22

Հատկացրեք ձեր երազանքին գոնե մեկ ժամ ձեր ժամանակից, բայց ամեն օր: Ամենօրյա աշխատանքը հաջողության գրավականն է: Դոնալդ Թրամ

Գլխավոր » Հոդվածներ » Տնտեսագիտություն  

Փոխարժեք
Տնտեսագիտություն | Հեղինակ` Ա. Գաբրիելյան Hovhannes | 08 Հոկտ 12 18:36

Փոխարժեքը մեկ արժույթի գինն է՝ արտահայտված մեկ այլ արժույթի միավորներով։ Փոխարժեքը կարելի է գնորոշել երկու տարբերակով՝ ուղղակի և անուղղակի։ Առավել տարածված է ուղղակի գնորոշումը, երբ ազգային արժույթը արտահայտվում է օտարերկրյա արժույթի մեկ միավորի հաշվով. օրինակ՝ մեկ դոլարը հավասար է 325 դրամ։ Անուղղակի գնորոշման դեպքում, ընդհակառակը, ազգային արժույթի մեկ միավորն է արտահայտվում օտարերկրյա արժույթի միավորներով. օրինակ՝ մեկ դրամը հավասար է 1/325=0.0031 դոլար։ Ուղղակի գնորոշման դեպքում, երբ փոխարժեքը սկզբնապես կազմում է 1$=325AMD, իսկ ապա 1$=330AMD, կասենք, որ հայկական դրամը արժեզրկվեց, կամ որ նույնն է՝ ԱՄՆ դոլարը արժեվորվեց։ Հակառակ դեպքում, եթե փոփոխությունից հետո փոխարժեքը կազմի 1$=320AMD, կասենք, որ հայկական դրամը արժեվորվեց, կամ որ նույնն է՝ ԱՄՆ դոլարը արժեզրկվեց։ Հայաստանում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեվորումը շարունակվում է սկսած 2003թ–ի մարտից, երբ միջին ամսական փոխարժեքը կազմում էր 590.4 դրամ: Ենթադրենք ներկայում միջին ամսական փոխարժեքը 318 դրամ է։ Կստացվի՝ 2003թ–ի մարտ ամսվա համեմատ դրամը արժեվորվել է շուրջ 46%-ով։ Նկատենք, սակայն, որ նշյալ ցուցանիշը չի արտահայտում դրամի իրական գնողունակության փոփոխությունը։ Այսպես, եթե նշյալ ժամանակահատվածում ներմուծվող բոլոր ապրանքների գները աճեին 46%-ով, իսկ հայրենական արտադրության ապրանքների գները մնային անփոփոխ, ապա հայկական դրամի գնողունակությունը բացարձակապես չէր փոխվի։ Այդ իսկ պատճառով դրամի իրական փոխարժեքի փոփոխության հաշվարկում անհրաժեշտ է հաշվի առնել նաև ներքին ու արտաքին գների փոփոխությունը։ Այսպես, եթե ուղղակի գնորոշմամբ անվանական փոխարժեքը նշանակենք Sn, իրական փոխարժեքը՝ Sr, ներքին գները P, արտաքին գները P*, ապա իրական և անվանական փոխարժեքների միջև կապը կարտահայտվի հետևյալ կերպ.

Հետևաբար, եթե ցանկանում ենք հաշվարկել դրամի իրական փոխարժեքի փոփոխությունը դոլարի նկատմամբ, ապա պետք է հաշվի առնենք դրամ/դոլար անվանական փոխարժեքի փոփոխությունը և նաև Հայաստանում ու ԱՄՆ–ում գների փոփոխությունը։
Սակայն, Հայաստանը առևտուր է իրականացնում ոչ միայն ԱՄՆ–ի, այլև Եվրոմիության, Ռուսաստանի, Իրանի և բազմաթիվ այլ երկրների հետ, որոնց մի մասի արժույթների նկատմամբ դրամը կարող է արժեվորվել, իսկ մյուսների նկատմամբ՝ արժեզրկվել։ Ավելին, տարբեր արժույթների նկատմամբ դրամը կարող է տարբեր չափով արժեվորվել և տարբեր չափով արժեզրկվել։ Վերն արդեն նշվեց, որ վերջին չորս տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամը անվանական արտահայտությամբ արժեվորվել է 46%-ով, սակայն, ինչպե՞ս է այն փոխվել Հայաստանի առևտրային գործընկեր բոլոր երկրների արժույթների նկատմամբ։ Դա պարզելու համար հաշվարկենք դրամի փաստացի փոխարժեքը, որը դրամի միջին կշռված փոխարժեքն է առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ։ Ընդ որում փաստացի փոխարժեքը կարելի է հաշվարկել ինչպես անվանական, այնպես էլ իրական փոխարժեքների նկատմամբ։
Դրամի անվանական փաստացի փոխարժեքը հաշվարկում ենք հետևյալ եղանակով՝ Sne=∑Sni Wi, որտեղ Sne–ն դրամի անվանական փաստացի փոխարժեքն է, Sni–ն i-րդ երկրի արժույթի նկատմամբ դրամի անվանական փոխարժեքը, իսկ Wi–ն i-րդ երկրի կշիռը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունում։ Համապատասխանորեն՝ Sre=∑Sri Wi, որտեղ Sre–ն դրամի իրական փաստացի փոխարժեքն է, իսկ Sri–ն i-րդ երկրի արժույթի նկատմամբ դրամի իրական փոխարժեքը։
Գործնական հաշվարկներում, սակայն, առավել կիրառական նշանակություն ունի ոչ թե փաստացի փոխարժեքների, այլ դրանց փոփոխության հաշվարկը։ Այդ դեպքում Sni–ն և Sri–ն i-րդ երկրի արժույթի նկատմամբ դրամի համապատասխանաբար անվական և իրական փոխարժեքների փոփոխությունն է։
Դիտարկենք դրամի իրական փոխարժեքի փոփոխությունը դոլարի և եվրոյի նկատմամբ 2005-6թթ–ին։ Իբրև գների փոփոխության ցուցանիշ ընդունենք սպառողական գների ինդեքսը։

Աղյուսակ 1. Անվանական փոխարժեքները և գների ինդեքսները

 

դրամ/դոլար

դրամ/եվրո

Սպառողական գների ինդեքսը (2005 դեկ.=100%)

Հայաստան

ԱՄՆ

ԵՄ

2005, դեկ.

449.36

532.71

 

 

 

2006, դեկ.

364.64

481.75

105.2

102.5

101.9

Փոփոխությունը

0.81

0.90

 

 

 


Օգտվելով Աղյուսակ 1-ի տվյալներից՝ դրամի իրական փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմում է 0.81(102.5⁄105.2)=0.79, այսինքն՝ տվյալ ժամանակահատվածում դրամը իրական արտահայտությամբ դոլարի նկատմամբ արժեվորվել է 21 տոկոսով։ Համանմանորեն՝ դրամի իրական փոխարժեքը եվրոյի նկատմամբ կազմում է 0.90(101.9⁄105.2)=0.87:

Այժմ հաշվարկենք դրամի անվանական փաստացի փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ 2005-6թթ–ին`հաշվի առնելով միայն ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետ առևտուրը։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետ 2006թ–ին կազմել է 1,264մլն. դոլար, որից ԱՄՆ–ի՝ կշիռը 14%, ԵՄ–ի կշիռը՝ 86%: Հետևաբար՝ դրամի անվանական փաստացի փոխարժեքը հավասար է 0.14(0.81)+0.86(0.90)=0.89: Համանմանորեն կարող ենք հաշվարկել դրամի իրական փաստացի փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ՝ 0.14(0.79)+0.86(0.87)=0.86:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկների 2007թ–ի օգոստոսին 1997թ–ի համեմատ դրամի իրական փաստացի փոխարժեքը ՀՀ 9-ը հիմնական գործընկեր երկրների նկատմամբ կազմում էր 117.2, իսկ անվանական փաստացի փոխարժեքը՝ 219.8: Այսինքն՝ թեպետ անվանական արտահայտությամբ դրամը ավելի քան կրկնակի արժեվորվել է, սակայն իրական արտահայտությամբ արժեվորումը ընդամենը 17.2% է։

view 10675 | date 4.8/9 | date տնտեսագիտություն, արժույթ, փոխարժեք, արտարժույթ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել