Շաբաթ, 21 Դեկ 24, 19:49

Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, սկսեք անել այն, ինչը երբեք չեք արել: Կոկո Շանել

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » 100 հետաքրքիր փաստ մարդու մարմնի մասին
100 հետաքրքիր փաստ մարդու մարմնի մասին
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` ArmEco | 05 Սեպ 14 10:51

100 հետաքրքիր փաստ մարդու մարմնի մասին
Մարդու մարմինը մի անհավատալի բարդ համակարգ է, որը մինչ օրս, չնայած բժշկության հազարավոր տարիների պատմության, բժիշկների և հետազոտողների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում: Զարմանալի չի լինի, եթե նշենք, որ մարմնի մասերն ու օրգանիզմի կատարած ֆունկցիաները հաճախ շատ տարօրինակ և անսպասելի հատկություններ են ունենում: Խռռացնելուց մինչև եղունգների աճ. ահա 100 տարօրինակ, զարմանալի և հետաքրքիր փաստեր մարդու օրգանիզմի մասին:

Գլխուղեղ

Գլխուղեղը մարդու մարմնի ամենաբարդ և քիչ հասկացված օրգանն է: Ահա հետազոտողների կողմից բացահայտված մի քանի հետաքրքիր փաստեր:

Դեպի գլխուղեղ եկող և գլխուղեղից դուրս եկող նյարդային ազդակները տեղափոխվում են 76 մ/վ արագությամբ: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի՞ պատճառով է, որ այդքան արագորեն եք հակազդում շրջապատող երևույթներին, կամ ինչու՞ են ձեռքի մատները սկսում անմիջապես ցավել ձեռքը հարվածելուց հետո: Այդ ամենը ձեր մարմնի տարբեր հատվածներից գլխուղեղ գնացող գերարագ նյարդային ազդակների շնորհիվ է:

Գլխուղեղը աշխատում է նույնքան էլեկտրաէներգիայով, որքանով որ աշխատում է 10 վատտանոց լամպը: Գլխի վերևում պատկերված լամպը, որը սովորաբար կարելի է դիտել անիմացիոն նկարներում, այդքան էլ հեռու չէ իրականությունից: Գլխուղեղը, նույնիսկ երբ դուք քնած եք, ծախսում է նույնքան էլեկտրաէներգիա, որքան փոքրիկ լամպը:

Գլխուղեղի բջիջները կարող են պահել 5 անգամ ավելի շատ ինֆորմացիա, քան բրիտանական հանրագիտարանը: Գիտնականները այժմ փորձում են պարզել այդ ինֆորմացիայի ճշգրիտ քանակը: Նրանք կարծում են, որ գլխուղեղի հիշողության ծավալը պետք է լինի 3-ից 1000 տերաբայթի սահմաններում: Համեմատելու համար նշենք, որ օրինակ՝ Բրիտանիայի Ազգային Արխիվը, որտեղ պարունակվում է շուրջ 900 տարվա պատմություն, ընդամենը զբաղեցնում է 70 տերաբայթ ծավալ:

Գլխուղեղը օգտագործում է արյունաշրջանառություն թափանցած թթվածնի 20%-ը: Չնայած որ գլխուղեղը զբաղեցնում է մարմնի զանգվածի ընդամենը 2%-ը, այն օգտագործում է ավելի շատ թթվածին, քան օրգանիզմի մյուս օրգանները: Սրա պատճառով՝ գլխուղեղը դառնում է խիստ խոցելի թթվածնի անբավարարության ժամանակ:

Գլխուղեղն ավելի ակտիվ է գիշերը, քան ցերեկը: Տրամաբանորեն դուք երևի մտածում էիք, որ շնորհիվ բարդ շարժումների, հաշվարկների, խնդիրների և փոխհարաբերությունների, որոնք մենք իրականացնում ենք մեր աշխատանքային ժամերին, գլխուղեղը պետք է ավելի ակտիվ լինի, քան քնած ժամանակ: Գիտնականները դեռ կոնկրետ չգիտեն, թե ինչու, բայց գլխուղեղը ակտիվորեն աշխատում է քնած ժամանակ:

Գիտնականները նշում են, որ որքան մեծ է ձեր I.Q.-ն, այնքան ավելի շատ եք դուք երազներ տեսնում: Սակայն մի մտածեք, թե դուք մտավոր հետամնաց եք, եթե չեք կարողանում հիշել ձեր երազները: Մեզնից շատերը չեն կարողանում հիշել երազների մեծ մասը, այն դեպքում, երբ երազների միջին տևողությունը ընդամենը 2-3 վայրկյան է:

Նեյրոնները շարունակում են աճել մարդու կյանքի ընթացքում: Տարիներ շարունակ գիտնականները և բժիշկները կարծում էին, թե նյարդային բջիջները չեն կարող աճել կամ վերականգնվել: Չնայած որ այս ամենը տեղի չի ունենում ինչպես մարմնի մյուս օրգանների հյուսվածքներում է, նեյրոնները, այնուամենայնիվ, աճում են կյանքի ընթացքում:

Տեղեկատվությունը տարբեր տեսակի նեյրոններով տեղափոխվում է տարբեր արագությամբ: Բոլոր նեյրոնները միմյանց նման չեն: Մեր օրգանիզմում կան տարբեր տեսակի նեյրոններ, որոնցով ազդակը կարող է փոխադրվել 0,5 մ/վ-ից մինչև 120 մ/վ արագությամբ:

Գլխուղեղն ինքը ցավ չի զգում: Չնայած որ գլխուղեղը համարվում է «ցավի կենտրոնը», որի միջոցով դուք զգում եք ցավը երբ օրինակ կտրում եք մատը, կամ այրում մաշկը, գլխուղեղն ինքը ցավային ընկալիչներ չունի և չի կարող ցավ զգալ: Սա չի նշանակում, սակայն, որ ձեր գլուխը չի կարող ցավել: Գլխուղեղը շրջապատված է տարբեր տեսակի հյուսվածքներով, նյարդերով, արյունատար անոթներով, որոնք շատ զգայուն են ցավի նկատմամբ և կարող են ձեզ մի լավ գլխացավ պարգևել:
10. Գլխուղեղի 80%-ը կազմված է ջրից: Գլխուղեղը գորշ, կոշտ զանգված չէ, որը դուք տեսնում եք հեռուստատեսությամբ: Կենդանի գլխուղեղը վարդագույն է, փափուկ՝ շնորհիվ արյունատար անոթների և հյուսվածքում պարունակվող ջրի մեծ քանակության:

Մազեր և եղունգներ

Չնայած որ մազերը և եղունգները մարմնի ոչ կենդանի հատվածներ են, մարդկանց մեծ մասը ծախսում է բավականին ժամանակ դրանց մասին հոգ տանելու համար: Երբ հաջորդ անգամ կտրելուց լինեք մազերը կամ մանիկյուր անելիս լինեք, մտածեք այս փաստերի մասին:

11. Դեմքի մազերը աճում են ամենաարագը: Եթե սափրվելուց 5 ժամ հետո ձեր դեմքին արդեն մազեր են երևում, դուք երևի այս փաստին լավ ծանոթ կլինեք: Ապացուցված է, որ եթե տղամարդը չսափրի իր մորուքը, այն ամբողջ կյանքի ընթացքում կաճի շուրջ 9 մետր, որն ավելի երկար է, քան կետադելֆինը:

12. Ամեն օր մարդը կորցնում է 60-100 մազ: Մազերի կորուստը, կախված սեզոնից, հղիությունից, հիվանդությունից, դիետայից և տարիքից, շատ տարբերվում է:

13. Կանանց մազերի տրամագիծը մոտ երկու անգամ ավելի փոքր է, քան տղամարդկանց մազերի տրամագիծը: Գուցե դա տարօրինակ հնչի, բայց տղամարդկանց մազերն ավելի կոպիտ են, քան կանանց մազերը: Մազի տրամագիծը տատանվում է նաև կախված ռասայից, որի պատճառով որոշ տղամարդկանց մազերը շատ գեղեցիկ են թվում:

14. Մարդու մեկ մազը կարող է պահել մոտ 100 գրամ, որը երկու կոնֆետի քաշ է: Սա Ռապունցելի հեքիաթն ավելի իրական է դարձնում, եթե հաշվի առնենք, որ մարդն ունի հարյուր հազարավոր մազեր:

15. Ամենաարագ աճող եղունգը միջնամատի վրա է: Իսկ ամենից արագն աճում է դոմինանտ ձեռքի միջնամատի եղունգը: Դեռևս անհայտ է, թե ինչու, բայց եղունգի աճը կապված է մատի երկարությունից, ամենաերկար մատի եղունգն ամենաարագն է աճում, իսկ ամենակարճ մատի եղունգը՝ ամենադանդաղը:

16. Մարդու 1 սմ քառակուսի մաշկի վրա նույնքան մազ կա, որքան շինպանզեի մաշկի 1 քառ. սմ.-ի վրա: Մարդիկ զուրկ չեն մազերից, ինչպես առաջին հայացքից թվում է: Մենք ունենք բազմաթիվ մազեր, բայց մեծամասնության վրա այն չի երևում, որովհետև մազերը շատ բարակ են և փոքր:

17. Շիկահերները բոլորից ավելի շատ մազերն ունեն: Ասում են, թե նրանք ավելի շատ են ուրախանում, դրա համար էլ ավելի շատ մազեր ունեն: Մազերի գույնը նաև ցույց է տալիս, թե որքան խիտ է մազածածկույթը մաշկի վրա: Մարդը միջինում ունի 100 000 մազապարկ, որոնցից յուրաքանչյուրը ամբողջ կյանքի ընթացքում ընդունակ է ստեղծել շուրջ 20 մազ: Շիկահերները միջինում ունեն 146 000 մազապարկ, այն դեպքում երբ սևահերները ունեն 110 000-ը: Իսկ նրանք, ովքեր ունեն շագանակագույն մազեր, միջինում ունեն 100 000 մազապարկ, իսկ կարմրահերները՝ 86 000:

18. Ձեռքի մատների եղունգները աճում են մոտ 4 անգամ ավելի արագ, քան ոտքի մատների եղունգները: Նկատած կլինեք, որ ձեռքի մատների եղունգները ավելի հաճախ եք կտրում: Միջինում, ձեռքերի և ոտքերի մատների եղունգները աճում են ամիսը 2-25 սմ:

19. Մարդու մազի կյանքի միջին տևողությունը 3-7 տարի է: Չնայած որ մարդիկ ամեն օր մազեր են կորցնում, մազերի կյանքի տևողությունը բավականին երկար է, իհարկե եթե դրանք վնասված չեն:

20. Դուք պետք է կորցնեք ձեր գլխի մազերի 50%-ից ավելին, որպեսզի դա տեսանելի դառնա ուրիշներին:

21. Մարդու մազերը դժվար են քայքայվում: Բացի մազերի ջերմակայունությունից, դրանք նաև շատ դժվար են քայքայվում: Մազերը չեն կարող քայքայվել ցրտից, եղանակի փոփոխությունից, ջրից կամ այլ բնական ազդակներից և նաև կայուն են շատ թթուների և կոռոզիա առաջացնող քիմիական նյութերի նկատմամբ:

Ներքին օրգաններ

Չնայած որ մենք ներքին օրգաններին այդքան էլ շատ ուշադրություն չենք հատկացնում, բայց նրանք են մեզ թույլ տալիս ուտել, շնչել և քայլել: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մեր ներքին օրգանների աշխատանքի մասին:

22. Ամենամեծ ներքին օրգանը բարակ աղին է: Չնայած որ այն անվանվում է «բարակ», այն մարդու միջին հասակի քառապատիկ երկարությունն ունի: Եթե այն չճկվեր և չոլորվեր, ապա այն չէր տեղավորվի որովայնի խոռոչում:

23. Մարդու սիրտը կարողանում է առաջացնել այնքան ճնշում, որը արյունը կարող է նետել մոտ 10 մետր: Հենց այդ ուժեղ ճնշման պատճառով էլ առաջանում են սրտի զարկերը:

24. Ստամոքսում եղած թթուն բավականաչափ ուժեղ է բարակ մետաղյա թիթեղի կտորը լուծելու համար: Դա չի նշանակում, սակայն, որ դուք կարող եք այն համտեսել, որովհետև քայքայման պրոցեսը շատ երկար և դժվար է տեղի ունենում:

25. Մարդու օրգանիզմում կա 96 000 կմ արյունատար անոթ: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, Երկրի շուրջը մեկ պտույտը ընդամենը 40 000 կմ է, այսինքն՝ անոթները կարելի է երկու անգամ պտտել Երկրի շուրջը:

26. Ստամոքսի ներքին պատը փոխվում է 4 օրը մեկ: Ստամոքսի պատի բջիջները շատ հեշտ քայքայվում են ստամոքսի ուժեղ թթուների ազդեցությամբ: Նրանք, ովքեր ունեն ստամոքսի խոց, կարող են փաստել, թե ինչքան ցավոտ է լինում, երբ այդ թթուները թափանցում են ստամոքսի պատից ներս:

27. Մարդու թոքերի գումարային մակերեսը թենիսի կորտի չափ է, որի շնորհիվ գազափոխանակությունն ավելի արագ է տեղի ունենում: Թոքերում կան հազարավոր բրոնխեոլներ և փոքրիկ, խաղողի հատիկներին նմանվող ալվեոլներ: Վերջիններս պատված են մանրադիտակային չափերի մազանոթներով: Մեծ մակերեսը թույլ է տալիս ավելի արագ իրականացնել գազափոխանակությունը և ապահովել թթվածնի անընդհատ մուտքը արյան մեջ:

28. Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը: Սրա պատճառն այն է, որ կանայք սովորաբար չափերով ավելի փոքր են, քան տղամարդիկ: Կանանց և տղամարդկանց սիրտը աշխատում է տարբեր կերպ, հատկապես երբ վնասվել է, օրինակ ինֆարկտ են ունեցել: Բուժումները, որոնք ազդում են տղամարդկանց վրա, տարբեր կերպ են ազդում կանանց վրա:

29. Գիտնականները հաշվել են լյարդի շուրջ 500 ֆունկցիաներ: Մարդիկ սովորաբար իրենց լյարդի մասին չեն մտածում, բացառությամբ այն դեպքի, երբ գիշերը չափից դուրս շատ են խմում: Լյարդը մարդու օրգանիզմի ամենաշատ աշխատող և ամենամեծ գեղձն է: Լյարդի ֆունկցիաների մեջ են մտնում՝ լեղու արտադրությունը, արյան կարմիր գնդիկների քայքայումը, սպիտակուցների սինթեզը, դետոքսիֆիկացիան և այլն:

30. Աորտայի տրամագիծը համարյա հավասար է սովորական խողովակի տրամագծին: Մարդու սիրտը միջինում ունի երկու բռունցքի մեծություն, աորտայի չափսերը նույնպես տպավորիչ են: Աորտան այդքան մեծ է, քանի որ այն թթվածնով հարուստ արյուն է մատակարարում մարմնի բոլոր բջիջներին:

31. Մարդու ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, քանի որ ձախ հատվածում գտնվում է սիրտը: Մարդկանց մեծ մասին եթե խնդրեք նկարել թոքեր, նրանք երկու թոքը միմյանց շատ նման կնկարեն: Սակայն իրականում ձախ թոքն ավելի փոքր է, որը պայմանավորված է սրտի անհամաչափ տեղադրությամբ:

32. Դուք կարող եք հեռացնել ձեր ներքին օրգանների մի մասը, բայց կենդանի մնալ: Մարդը կարող է կենդանի մնալ ստամոքսի, լեղապարկի, լյարդի 75%-ի, աղիների 80%-ի, մեկ երիկամի, մեկ թոքի հեռացման դեպքում: Չնայած որ այդ դեպքում մարդը իրեն այդքան էլ լավ չի զգա, բայց օրգանների բացակայությունից չի մահանա:

33. Մակերիկամները փոխում են իրենց չափերը կյանքի ընթացքում: Մակերիկամները, որոնք գտնվում են երիկամների վերին հատվածում, պատասխանատու են սթրեսային հորմոնների՝ ադրենալինի և կորտիզոլի արտադրության համար: Պտղի յոթերորդ ամսում մակերիկամները համարյա ունեն երիկամների մեծությունը: Նորածնի մոտ մակերիկամները սկսում են փոքրանալ, որը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Ծերերի մոտ այս գեղձերը այնքան փոքր են, որ հազիվ են նկատելի:

Օրգանիզմի ֆունկցիաներ

Մարդիկ ամեն օր առնչվում են իրենց օրգանիզմի ֆունկցիաների հետ, չնայած որ դրա մասին այդքան էլ չեն սիրում խոսել:

34. Փռշտոցը ունի 45 մ/վ արագություն: Քանի որ օդը դուրս է գալիս օրգանիզմից շուրջ 45 մ/վ արագությամբ, այդ պատճառով հնարավոր չի լինում աչքերը բաց պահել փռշտալիս:

35. Իսկ հազը ունի 25 մ/վ արագություն: Այս արագության պատճառով է, որ հիվանդության տարածման սեզոնին, մանրէները, վիրուսները շատ արագ տարածվում են սենյակով մեկ:

36. Կանայք թարթում են աչքերը մոտ երկու անգամ ավելի շատ: Մարդը 1 րոպեում աչքերը թարթում է միջինում 13 անգամ:

37. Լցված միզապարկը ունի գնդակի չափեր: Միզապարկում միջինում տեղավորվում է 400-800 քառ. սմ հեղուկ, բայց մարդիկ արդեն 250-300 քառ. սմ-ից հետո սկսում են իրենց անհարմար զգալ:

38. Մարդու մեզի 95%-ը ջուր է:

39. Ոտնաթաթի վրա կան ավելի քան 500 000 քրտնագեղձեր, որոնք օրական կարող են արտադրել ավելի քան 500 մլ քրտինք: Այսպիսի քրտնարտադրության դեպքում նշանակություն չունի, թե ինչպիսին են ձեր սպորտային կոշիկները: Սովորաբար տղամարդկանց մոտ քրտնագեղձերն ավելի ակտիվ են, քան կանանց մոտ:

40. Կյանքի ընթացքում մարդը արտադրում է բավարար թուք՝ երկու լողավազան լցնելու համար: Թուքը ունի մեծ նշանակություն բերանի խոռոչում ընթացող մարսողության պրոցեսում, այն նաև պաշտպանում է բերանի խոռոչի պատը:

41. Մարդը օրական միջինում 14 անգամ օրգանիզմից հեռացնում է գազերը: Եթե դուք մտածում եք, թե երբեք այդպիսի բան չեք անում, դուք սխալվում եք, քանի որ համարյա ամեն ոք դա անում է օրական մի քանի անգամ: Մարսողության պրոցեսում առաջանում են գազեր, որոնք վնասակար են օրգանիզմի համար և պետք է ինչ-որ կերպ դուրս գան:

42. Ականջածծումբը օգտակար է լսողության համար: Շատ մարդիկ մտածում են, թե ականջածծումբը զզվելի և անօգտակար զանգված է, բայց իրականում այն կարևոր է լսողական ապարատի համար: Այն պաշտպանում է ներքին ականջը բակտերիաներից, սնկերից, կեղտից և նույնիսկ միջատներից: Այն նաև մաքրում և պաշտպանում է լսողական անցուղին:

Սեքս և վերարտադրում

Սեքսը, չնայած նրան, որ որոշ վայրերում տաբուի է վերածված, կյանքի կարևոր հատվածներից մեկն է, որի միջոցով մարդիկ կարողանում են բազմանալ: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք դուք երևի չեք լսել:

43. Յուրաքանչյուր օր Երկրի վրա մոտավորապես 120 միլիոն անգամ սեքսով են զբաղվում: Մարդիկ շատ արագ տարածվող տեսակներ են, և ամեն օր բնակչության մոտ 4%-ը սեքսով է զբաղվում:

44. Մարդու օրգանիզմի ամենամեծ բջիջը կնոջ ձվաբջիջն է, իսկ ամենափոքրը՝ տղամարդու սպերմատոզոիդը: Այն դեպքում, երբ մաշկի կամ օրինակ մկանների բջիջները անտեսանելի են, ձվաբջիջը բավականին մեծ է, որին հնարավոր է տեսնել նույնիսկ անզեն աչքով: Այն ունի մի քանի միլիմետր տրամագիծ: Սպերմատոզոիդը, մյուս կողմից, շատ փոքր է, և բջջի մեծ մասը ներկայացված է կորիզով:

45. Հղիության առաջին եռամսյակում կանայք երազում ամենաշատը տեսնում են գորտեր, որդեր և սենյակային բույսեր: Հղիության հորմոնները ազդում են տրամադրության վրա՝ առաջացնելով տրամադրության հանկարծակի փոփոխություններ, բայց այս հորմոնները կարող են ազդել նաև երազների վրա:

46. Ատամները սկսում են աճել ծննդից 6 ամիս առաջ: Ատամները սկսում են ձևավորվել, երբ դեռ երեխան գտնվում է արգանդում: 9-12-րդ շաբաթում սաղմի մոտ արդեն ձևավորվում են ատամների սաղմերը, որոնք հետագայում փոխակերպվելու են ատամների:

47. Երեխաները ծնվում են միշտ կապույտ աչքերով: Աչքերի գույնը պայմանավորված է եղջերաթաղանթում և եղջերաթաղանթի տակ գտնվող հատուկ գունանյութերով: Նորածինների մոտ՝ եղջերաթաղանթի հյուսվածքում գտնվող մելանին գունանյութը շատ դեպքերում վերջնականապես զարգացած չի լինում, որի պատճառով՝ անկախ իրենց ժառանգականությունից, երեխաները ծնվում են կապույտ աչքերով: 6-12 ամսականում երեխայի գեների ազդեցությամբ մելանինն ակտիվանում է, որի հետևանքով աչքերը ձեռք են բերում իրենց իրական գույնը:

48. Քաշի համեմատությամբ երեխաներն ավելի ամուր են, քան օրինակ ցուլը: Եթե երեխան ունենար ցուլի չափեր, նա ընդունակ կլիներ քարշ տալ ամբողջությամբ լցված մի վագոն: Փոքրիկների մոտ հատկապես շատ ամուր են ոտքերը:

49. 2000 նորածիններից մեկը ծնվելու պահին ունի ատամներ: Սա կերակրող մայրերի համար պարզապես սարսափելի է: Հաճախ այդ ատամները հենց կաթնատամներ են, իսկ հաճախ էլ դրանք ինչ-որ ավել ատամներ են, որոնք շատ շուտ ընկնում են և փոխարինվում կաթնատամներով:

50. Սաղմի մոտ արդեն 3-րդ ամսից առաջանում են մատնահետքերը: Մատնահետքերը յուրահատուկ են մարդու համար և առաջանում են 6-13 շաբաթվա ընթացքում: 3-րդ ամսում առաջացած մատնահետքերը, ինչքան էլ որ տարօրինակ է, երբեք չեն փոխվում մարդու կյանքի ընթացքում և մահից հետո ամենավերջինն են անհետանում:

51. Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում շուրջ 1 ժամ եղել է 1 բջիջ: Մարդը սկսում է զարգանալ այն պահից, երբ սպերմատոզոիդը և ձվաբջիջը միաձուլվում են: Միաձուլումից շուրջ մեկ ժամ անց սկսում է բջջի արագ տրոհումը, որն էլ հետագայում սկիզբ է տալիս սաղմին:

52. Տղամարդկանց մեծամասնությունը արթուն ժամանակ ժամը մեկ, իսկ քնած ժամանակ կես ժամը մեկ ունենում է էրեկցիա: Մարդու օրգանիզմը քնած ժամանակ շատ ավելի ակտիվ է, քան դուք մտածում եք: Քնած ժամանակ տեստաստերոնի արտադրությունը կարող է առաջացնել էրեկցիա, որը քնի արագ փուլի անբաժան մասն է:

Զգայարաններ

Միակ միջոցը, որով մենք հաղորդակցվում ենք աշխարհի հետ, դա մեր զգայարաններն են: Ահա մեր 5 զգայարանների մասին հետաքրքիր փաստեր:

53. Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է: Եթե դուք համերգ եք տալու մեծ ճաշից հետո, ապա ամենայն հավանականությամբ, դուք անհաջողության կմատնվեք: Եթե ուզում եք լսողությունը համեմատաբար ավելի լավը լինի, շատ մի կերեք:

54. Մարդկանց համարյա թե մեկ երրորդը կրում է ակնոցներ: Ակնոցները և կոնտակնային լինզաները շատ տարածված են այն աշխարհում, որտեղ բնակչության համարյա կեսը ունի տեսողության խնդիրներ: Թույլ տեսողությամբ մարդկանց քանակը ավելի է շատանում տարիքի մեծացման հետ:

55. Եթե ինչ-որ մի բան թուքը չի կարողանում լուծել, դուք դրա համը չեք զգա: Որպեսզի ինչ-որ քիմիական նյութ «համ» ունենա, անհրաժեշտ է, որ այն լուծվի թքի մեջ: Եթե չեք հավատում, փորձեք չորացնել լեզուն և ինչ-որ բան համտեսել:

56. Կանայք ունեն ավելի լավ հոտառություն, քան տղամարդիկ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք ավելի ճշգրիտ են կարողանում ճանաչել ցիտրուսային բույսերը, վանիլը, դարչինը, սուրճը: Գոյություն ունեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես հոտեր չեն զգում, նրանք կազմում են երկրի բնակչության 2%-ը:

57. Մարդը կարող է հիշել 50000 տարբեր հոտեր: Չնայած որ շների հոտառությունը չափից դուրս ավելի լավն է, դա չի նշանակում, որ մարդու հոտառական զգայությունը անօգուտ է: Մարդիկ կարող են ճանաչել բազմաթիվ հոտեր, ինչպես նաև հիշել դրանք:

58. Քիչ աղմուկը առաջացնում է աչքի բբի մեծացում: Հենց սրա պատճառով է, որ վիրաբույժները, ժամագործները և այն մարդիկ, ովքեր կատարում են երկարատև կենտրոնացված աշխատանք, նույնիսկ մի փոքր աղմուկից չեն կարողանում կենտրոնանալ:

59. Ամեն մարդ ունի յուրօրինակ հոտառություն, բացի երկվորյակներից: Նորածինները կարողանում են տարբերել իրենց մոր, ինչպես նաև մի քանի այլ մարդկանց հոտը: Այդ հոտերը մի մասը պայմանավորված է գենետիկորեն, իսկ մի մասը կախված է շրջապատող միջավայրից, սննդից և անձնական հիգիենայի պարագաներից, որոնք ստեղծում են յուրահատուկ հոտ յուրաքանչյուր մարդու համար:

Ծերություն և մահ

Ծերացումը կյանքի անհրաժեշտ և անխուսափելի մի մասն է կազմում: Այս պրոցեսը շատ հետաքրքիր է, ահա մի քանի փաստեր դրա մասին:

60. Մահացած մարդու այրումից հետո մնում է մոտ 4 կգ մոխիր: Մարդու մարմնին հիմնական զանգված տվողը բջիջներում առկա ջուրն է: Դրա համար էլ դիակը այրելիս այդքան քիչ մոխիր է առաջանում:

61. Մահից հետո եղունգները և մազերը չեն շարունակում աճել:

62. Արդեն 60 տարեկանում մարդիկ կորցրած են լինում իրենց համային պտկիկների կեսը: Ծերերը մասամբ կորցնում են իրենց համային զգայությունը, և որոշները գտնում են, որ նրանց ավելի ուժեղ համային զգայություն է պետք՝ ճաշատեսակները իրականում գնահատելու համար:

63. Ծնվելուց հետո աչքերը մնում են նույն մեծության, իսկ ականջները և քիթը երբեք չեն դադարում աճել: Փոքրիկների մեծ աչքերը ամբողջ կյանքի ընթացքում ունենալու են նույն չափերը: Իսկ նրանց քիթն ու ականջները աճելու են ամբողջ կյանքի ընթացքում: Հետազոտողները ցույց են տվել, որ այդ աճը ընթանում է 7 տարի շրջաններով:

64. 60 տարեկանում տղամարդկանց 60 և կանանց 40 տոկոսը խռռացնում է: Եթե դուք երբևէ չեք կարողացել քնել, քանի որ ինչ-որ մեկը խռռացնում էր, դուք կպատկերացնեք, թե որքան է այդ ձայնը բարձր: Միջինում խռռոցը ունենում է 60-80 դեցիբել հզորություն:

65. Երեխաների գլուխը ունի մարմնի երկարության մեկ քառորդը, իսկ 25 տարեկանում գլուխը ունի մարմնի երկարության միայն 1/8-ը: Սրանից կարելի է ենթադրել, որ գլխի մեծությունը կյանքի ընթացքում այդքան արագ չի փոփոխվում, որքան մարմնի մնացած մասերի մեծությունը:

Հիվանդություններ և վնասվածքներ

Մեզնից շատերը իրենց կյանքի որոշակի շրջանում ինչ-որ վնասվածքներ են ունեցել: Ահա հետաքրքրիր փաստեր այն մասին, թե ինչպես է մեր օրգանիզմը արձագանքում արտաքին միջավայրի վտանգների և սթրեսոր գործոնների հանդեպ:

66. Երկուշաբթի օրը ինֆարկտների հավանականությունն ամենամեծն է: Եվս մի պատճառ երկուշաբթիները ատելու համար: Շոտլանդիայում 10 տարի տևած հետազոտությունը ցույց է տալիս, որ երկուշաբթի օրերին 20% ավելի շատ մարդիկ են մահանում ինֆարկտից: Հետազոտողները ենթադրում են, որ դրա պատճառը շաբաթվա վերջում ունեցած չափից դուրս զվարճանքի և աշխատանքի գնալու սթրեսի արդյունքն է:

67. Մարդիկ ավելի երկար կարող են ապրել առանց սննդի, քան առանց քնի: Եթե դուք ձեզ ավելի հարմար կզգաք մեկ գիշեր չքնել, բայց դրա փոխարեն բավարար սնվել, այդ զգացումը շատ կարճ կտևի: Ջրի առկայության դեպքում մարդը մոտ երկու ամիս կարող է ապրել առանց սննդի՝ կախված օրգանիզմում առկա ճարպի և այլ սննդանյութերի առկայությունից: Քունը կորցրած մարդիկ, մյուս կողմից, սկսում են անհատականության և հոգեբանական փոփոխություններ զգալ արդեն մի քանի օր չքնելուց հետո: Ամենաերկար ժամանակահատվածը, որի ընթացքում մարդը մնացել է առանց քնի, դա 11 օրն է: 11 օր չքնելուց հետո փորձարկվողի մոտ առաջացել էին տեսողական պատրանքներ, նա չէր իմանում, թե ինչ է անում և չէր կարողանում խոսել:

68. Սովորական արևայրուքը շատ ուժեղ վնասում է արյունատար անոթները: Հետազոտությունները ցույց են տվել, որ արևայրուքից հետո 4-15 ամիս է պետք ամբողջությամբ վերականգնվելու համար: Դրա համար մի ալարեք պաշտպանական քսուքներով ծածկել մաշկը, երբ հաջորդ անգամ դուրս գաք արևոտ եղանակին:

69. Հիվանդությունների շուրջ 90%-ը պայմանավորված է սթրեսի բարդացումներով: Եթե դուք ունեք սթրեսներ առաջացնող աշխատանք, ապա այն բացի ձեզ ամեն օր հոգնեցնելուց, կնպաստի նաև ձեր մոտ դեպրեսիայի, արյան ճնշման բարձրացման, սրտային անբավարարության և բազմաթիվ այլ հիվանդությունների առաջացմանը:

70. Գլխատվելուց հետո մարդը շուրջ 15-20 վայրկյան պահպանում է իր գիտակցությունը: Կտրված գլխում բավարար արյուն է լինում՝ գիտակցությունը մի քանի վայրկյան պահպանելու համար:

Մկաններ և ոսկրեր

Մկանները և ոսկրերը մեր մարմնին ձև են տալիս և թույլ են տալիս մեզ ցատկել, վազել կամ պարզապես պառկել անկողնու վրա: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մեր ոսկորների և մկանների մասին:

71. Ժպտալուն մասնակցում է 17, իսկ խոժոռվելուն՝ 43 մկան: Փաստորեն ժպտալն ավելի հեշտ է. այն մարդիկ, ովքեր խոժոռվել և տխրել են երկար ժամանակ, գիտեն, թե որքան է դա հոգնեցնում դեմքը:

72. Նորածինն ունի 270 ոսկոր, և երբ նա հասնում է սեռական հասունացման, այդ թիվը կրճատված է լինում մինչև 206-ը: Ոսկորների քանակի կրճատման պատճառն այն է, որ երեխայի մեծանալու հետ ողնաշարի և գանգի որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց հետ:

73. Առավոտյան մենք մոտ 1 սմ ավելի բարձր ենք, քան երեկոյան: Մեր ոսկրերի միջև գտնվող աճառները օրվա ընթացքում կանգնելու, նստելու և այլ գործողությունների հետևանքով սեղմվում են, որի պատճառով օրվա վերջում մենք մի փոքր ավելի կարճ ենք լինում:

74. Օրգանիզմի ամենաուժեղ մկանը լեզուն է: Չնայած որ դուք լեզվով ծանրություն չեք կարող բարձրացնել, բայց իր չափերի համեմատ այն ամենաուժեղ մկանն է: Ամեն անգամ երբ դուք ուտում եք, կուլ տալիս կամ էլ խոսում, դուք օգտագործում եք ձեր լեզուն, դրա համար օրվա ընթացքում այն շատ հոգնում է:

75. Մարդու օրգանիզմի ամենաամուր և ամենադժվար ջարդվող ոսկրը ստորին ծնոտն է:

76. Մեկ քայլ անելուն մասնակցում են 200 մկաններ: Դա շատ մեծ աշխատանք է մեր մկանների համար, եթե հաշվի առնենք, որ օրական մենք անում ենք ավելի քան 10 000 քայլ:

77. Ատամները մարմնի միակ մասերն են, որոնք չեն կարողանում ինքնավերականգնվել: Եթե դուք երբևէ ջարդել եք ձեր ատամը, դուք կիմանաք այս դառը ճշմարտությունը: Ատամը արտաքինից պատված է էմալով, որը կենդանի հյուսվածք չէ: Քանի որ այն կենդանի չէ, այն չի կարող վերականգնվել. այդ գործը անում են ատամնաբույժները:

78. Մարդու մարմնի ամենամեծ և ամենաուժեղ ջիլը աքիլլեսյան ջիլն է:

79. Ոսկորն ավելի ամուր է, քան պողպատի որոշ տեսակներ: Սա չի նշանակում, թե ոսկորը չի կարող կոտրվել, որովհետև ոսկրերում ոսկրանյութը շատ քիչ խտություն ունի: Ոսկրի ճկունությունը 140 միլիոն Պա է, իսկ պողպատինը մի փոքր ավելի մեծ է` 480 միլիոն Պա, պողպատն ունի նաև ավելի մեծ զանգված: Եթե համեմատենք այս երկու նյութերը ըստ կշիռների հարաբերության, ապա ոսկորն ավելի ամուր է:

80. Ոտնաթաթի ոսկրերի քանակը կազմում է ամբողջ մարմնի ոսկրերի քանակի ¼-ը: Իսկ քանի՞սն են այդ ոսկրերը: Ոտնաթաթում կա 52 ոսկր, այն դեպքում, երբ ամբողջ օրգանիզմում ոսկրերի քանակը շուրջ 200 է:

Մանրադիտակային մակարդակ

Մեր օրգանիզմում կատարվող յուրաքանչյուր պրոցես նախևառաջ կատարվում է մանրադիտակային մակարդակով, որը մենք պարզապես չենք կարող անզեն աչքով տեսնել:

81. Մաշկի յուրաքանչյուր 2,5 սմ-ի վրա կա շուրջ 32 միլիոն բակտերիա: Գերմաֆոբները սակայն չպետք է անհանգստանան, այդ բակտերիաների մեծ մասը անվնաս է, իսկ մի մասը նույնիսկ օգտակար է:

82. Մաշկը փոխվում է ամեն 27 օրը մեկ: Մաշկը պաշտպանում է մարդու օրգանները, որից չորանում և վնասվում է: Մաշկի մի մասը պահպանվում է տանը փոշու տեսքով:

83. Ամեն րոպե մարդու օրգանիզմում մահանում է 300 միլիոն բջիջ: Չնայած որ այս թիվը ահռելի է թվում, այն իրականում շատ փոքր է մարդու օրգանիզմում առկա բջիջների համեմատությամբ: Մարդու օրգանիզմում առկա բոլոր բջիջների քանակը որոշ հաշվարկներով տատանվում է 10-50 տրիլիոնի սահմաններում, այնպես որ մի քանի հարյուր միլիոնը կորցնելը այդքան էլ սարսափելի չէ:

84. Մեկ ժամում մարդու մաշկից պոկվում են շուրջ 600 000 մասնիկներ: Շատերին թվում է, թե մաշկը չի փոխվում, երբ այն չի չորանում կամ չի ենթարկվում արևի ճառագայթների ազդեցությանը: Բայց իրականում մաշկը անընդհատ ինքնավերականգնվում է և հեռացնում մահացած բջիջները:

85. Ամեն օր չափահաս մարդու օրգանիզմում առաջանում են 300 միլիարդ բջիջներ: Օրգանիզմում էներգիան անհրաժեշտ է ոչ միայն օրգանների բնականոն աշխատանքի համար, այլ նաև նոր բջիջներ ստեղծելու համար:

86. Յուրաքանչյուր մարդու լեզվի հետքը անկրկնելի է: Ամեն մի լեզու յուրօրինակ է և լեզվի հետքով հնարավոր է ճանաչել մարդու ինքնությունը մատնահետքերի պես:

87. Օրգանիզմում բավականաչափ երկաթ կա 7,5 սմ-ոց երկաթե մեխ ստանալու համար: Եթե երբևէ փորձել եք արյան համը, կհաստատեք, որ այն ունի թույլ մետաղական համ: Սրա պատճառը արյան մեջ երկաթի մեծ քանակությունն է: Եթե հնարավոր լիներ ամբողջ երկաթը դուրս հանել օրգանիզմից, ապա դրանից հնարավոր կլիներ ստանալ մի փոքրիկ մեխ:

88. Աշխարհում ամենատարածված արյան կարգը առաջինն է: Արյան բանկերի համար սա շատ արժեքավոր փաստ է, քանի որ հայտնի է, որ առաջին կարգը կարող է տրվել արյան մյուս բոլոր կարգեր ունեցող մարդկանց: Ամենահազվադեպ հանդիպող արյան կարգը A-H կամ Բոմբեյի արյունն է, որը կրում են ընդամենը մի քանի հարյուր մարդիկ:

89. Մարդու շրթունքներն ունեն վարդագույն գույն, քանի որ հենց մաշկի տակ կան բազմաթիվ մանրադիտակային մազանոթներ: Այս մազանոթներում սովորաբար արյունը մեծ քանակությամբ թթվածին է պարունակում, որի հետևանքով էլ ավելի կարմիր է: Սա թույլ է տալիս հասկանալ, թե ինչու շրթունքները գունատվում են, երբ մարդը շատ արյուն է կորցնում կամ ունի արյան քաղցկեղ: Իսկ ցուրտ եղանակին շրթունքները կապտում են այն պատճառով, որ մազանոթները ցրտին նեղանում են, արյան շրջանառությունը վատ է իրականանում, արյան մեջ թթվածնի քանակությունը ընկնում է, որից էլ շրթունքները կապտում են:

Խառը փաստեր

Ահա մի քանի փաստեր օրգանիզմի տարբեր մասերի մասին:

90. Որքան ցուրտ է այն սենյակը, որում դուք քնում եք, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դուք վատ երազներ կտեսնեք: Գիտնականներին դեռևս մինչև վերջ պարզ չէ, թե ինչու է այսպես, բայց եթե դուք հաճախ եք մղձավանջներ տեսնում, լավ կլինի գիշերը ձեզ ավելի տաք պահեք:

91. Արցունքները և լորձը պարունակում են մի ֆերմենտ (լիզոցիմ), որը քայքայում է բազմաթիվ բակտերիաների բջջապատը: Առաջին հայացքից խանգարող՝ քթի, կոկորդի լորձաթաղանթը և արցունքները իրականում պաշտպանում են մեր օրգանիզմը բազմաթիվ հիվանդությունների պատճառ հանդիսացող բակտերիաներից:

92. Մարդու օրգանիզմը 30 րոպեում այնքան ջերմություն է արտադրում, որը բավական է մոտ 1,5 լիտր ջրի եռման համար:

93. Ականջում արտադրվում է ավելի շատ ականջածծումբ, երբ մարդը վախեցած է: Վախի ժամանակ արտադրված հորմոններն ու այլ քիմիական միացությունները կարող են տարբեր ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դրա օրինակը հենց ականջածծբի արտադրությունն է, որի պատճառները դեռևս պարզ չեն:

94. Դուք չեք կարող ինքներդ ձեզ խուտուտ տալ: Նույնիսկ մեզնից ամենազգայունները չեն կարող իրենք իրենց խուտուտ տալ: Սրա պատճառը այն է, որ այս դեպքում գլխուղեղը արդեն գիտի, թե ինչի պատճառով է խուտուտ գալիս:

95. Ձեռքերի միջև եղած հեռավորությունը գերազանցում է մարմնի հասակը:

96. Մարդիկ միակ տեսակներն են, ովքեր զգացմունքներից կարող են լաց լինել: Կենդանական աշխարհում մարդիկ կարծես «լացող երեխաներ» լինեն, նրանք միակն են, ովքեր կարող են լաց լինել վատ օրվա, սիրելիի կորստի, վատ տրամադրության պատճառով:

97. Աջլիկները ապրում են միջինում 9 տարի ավելի երկար, քան ձախլիկները: Սա չունի գենետիկական պայմանավորվածություն, սրա պատճառը այն է, որ օգտագործվող սարքերի և գործիքների մեծ մասը նախատեսված են աջլիկների համար: Սա որոշ չափով վտանգավոր է դարձնում այդ սարքերի օգտագործումը ձախլիկների կողմից, որի հետևանքով ամեն տարի տեղի են ունենում հազարավոր դժբախտ պատահարներ և մահեր:

98. Կնոջ օրգանիզմում ճարպն ավելի դանդաղ է քայքայվում: Տղամարդկանց մեծամասնությունը ավելի հեշտ է այրում ճարպը: Սրա պատճառն այն է, որ կախված կանանց ունեցած վերարտադրողական դերից՝ նրանք ավելի են հակված ճարպի կուտակմանը:

99. Կոալաները և պրիմատները միակ կենդանիներն են, ովքեր մարդու նման ունեն անկրկնելի մատնահետքեր: Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ նույնիսկ կլոնավորված տեսակները ունեն տարբեր մատնահետքեր:

100. Քթի և շրթունքի միջև եղած տարածությունը ունի իր անունը: Այն անվանվում է ֆիլտրում: Գիտնականներին շատ հետաքրքրում է, թե ինչ ֆունկցիա է կատարում ֆիլտրումը: Հին հույները կարծում էին, որ այդ հատվածը օրգանիզմի ամենաէրոգեն հատվածն է:

Աղբյուր՝ http://zham.am/am/news/6581.html
 
view 9134 | date 5.0/2 | date հետաքրքիր, փաստեր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել