Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին... Թոմաս Էդիսոն
Արդի պայմաններում կազմակերպության գործունեության արդյունավետության ավանդական գնահատումը` հիմնված միայն հաշվապահական հաշվառման արդյունքում ստացված ֆինանսական ցուցանիշների վրա, բավական "ծերացել է” և թույլ չի տալիս կատարել կազմակերպության զարգացման հստակ կանխատեսում: Այս առումով առաջ եկավ կազմակերպության ողջ գործունեության արդյունավետության գլոբալ գնահատման նոր, առավել կատարյալ ու արդյունավետ միջոցների անհրաժեշտություն: Ռազմավարական կառավարման արդիական մոտեցումները ստիպում են ուշադրություն դարձնել ոչ ֆինանսական այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են անձնակազմը, բիզնես գործընթացները, ինովացիան, սպառողների հետ հարաբերությունները և այլն: Հետևապես անհրաժեշտ է ստեղծել կառավարման այնպիսի մոդել, որից կշահեն թե հաճախորդները, թե կազմակերպությունը` իրականացնելով աշխատակիցների որակավորման բարձրացում, մարդկանց ու կազմակերպությունների միջև գիտելիքների փոխանակություն, նոր տեխնոլոգիաների մշակում և կիրառում, հաճախորդների ներգրավման քաղաքականություն և այլն: Այսինքն, ռազմավարության մշակման և գնահատման ժամանակ ֆինանսական ու ոչ ֆինանսական ցուցանիշները պետք է դիտարկվեն որպես փոխադարձ լրացնող: Տվյալ մեթոդոլոգիան Balanced Scorecard /BSC/ կամ ցուցանիշների հաշվեկշռված համակարգ /ՑՀՀ/ անվանմամբ ձևակերպվեց 1990 թվականին Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ Դեվիդ Նորտոնի և Ռոբերտ Կապլանի կողմից իրականացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա, որի նպատակը կազմակերպությունների գործունեության արյունավետության բարձրացմանն ուղղված կառավարման նոր մեթոդների հայտնաբերումն է: Մշակումների առաջին հրապարակումն արժանացավ բարձր գնահատականի` համարվելով ամենանշանակալի ներդրումը կառավարման պրակտիկայի մեջ վերջին 75 տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ BSC-ն իրենից ներկայացնում է ընկերության ռազմավարական կառավարման համակարգ, որը ձևավորվում է ընկերության գործունեությունը արտացոլող նախորոք ընտրված ցուցանիշների հավաքածուի արդյունավետության գնահատման միջոցով: Սկզբնապես ներմուծվելով որպես գործունեության արդյունավետության գնահատման գործիք` այսօր այն վերածվել է համապարփակ կառավարման համակարգի: Հիմնական սկզբունքը, որը հանդիսանում է կառավարման այս համակարգի բարձր արդյունավետության պատճառ, հետևյալն է. "Կառավարել կարելի է այն ամենը, ինչ կարելի է չափել": Վերջինս ընկերության ռազմավարության իրագործման հարթակ է ստեղծում` միմյանց հետ կապակցելով ընկերության առջև դրված երկարաժամկետ ռազմավարական նպատակներն ու ընկերության առօրյա ընթացիկ գործունեությունը: Ընդ որում, պետք է նշել, որ ռազմավարության արդյունավետության գնահատման մեջ ոչ ֆինանսական ցուցանիշների կարևորության շեշտադրումը նոր մոտեցում է, ինչը հնարավորություն կտա սեփականատերերին իրականացնել նաև ընկերության արժեքի մեծացման գործընթացների կառավարում: Համաձայն հեղինակների հարցադրման, BSC-ն հնարավորություն կտա իրականացնել կազմակերպության գործունեության արդյունավետության գնահատում չորս կարևոր ուղություններով, որոնք արտացոլում են կազմակերպության ռազմավարության ու դինամիկ զարգացման ընդհանուր պատկերը՝
ֆինանսներ (սեփականատերերի շահերի բավարարման մակարդակի գնահատում),
սպառողներ/շուկա (հաճախորդների պահանջմունքների բավարարման մակարդակի գնահատում),
ներքին բիզնես գործընթացներ (մշակված ռազմավարության շնորհիվ ծրագրավորվող բիզնես գործընթացների արդյունավետության ապահովում),
ուսուցում/աճ (ռազմավարության իրականացման համար արհեստավարժ անձնակազմի ընտրություն, նրանց մոտիվացման արդյունավետության գնահատում):
Աշխարհում լայնորեն տարածված կառավարման այս համակարգը դեռևս նոր է Հայաստանում և հայրենական կազմակերպություններում չի վայելում լայն մասսայականություն: Սակայն պետք է ընդգծել, որ հայրենական կազմակերպություններում կառավարման որակի բարելավման համար հարկ է կիրառել ցուցանիշների հաշվեկշռված համակարգը` չմոռանալով, իհարկե, համակարգի կամ այսպես կոչված տեխնոլոգիայի տեղայնացման մասին: BSC-ի կիրառումը հայրենական ընկերություններին կառավարչական որոշումներ ընդունելիս ներքին արդյունավետության բարձրացման լրացուցիչ հնարավորություններ կընձեռի` օժտելով մրցակցային առավելություններով: