ՀՀ-ում արտադրանքի որակի ապահովմանն ուղղված համակարգված մոտեցում առաջին անգամ ցուցաբերվել է տակավին 19-րդ դարի վերջին` 1887 թ., առաջին գիլդայի վաճառական Ներսես Թաիրյանի հիմնադրած և 1899 թ. Ն. Լ. Շուստովին վաճառած Երևանի կոնյակի գործարանում: Բարձր որակի շնորհիվ հայկական կոնյակի համբավն այն ժամանակ դուրս էր եկել Հայաստանի սահմաններից, իսկ "Ն. Լ. Շուստով և որդիներ" ֆիրման արժանացել էր Նորին կայսերական Մեծության /Ռուսաստան/ արքունիքի մատակարարի բարձր պատվին: Հայկական կոնյակը մինչև 1950-ական թվականների վերջը միակ արտադրանքն էր, որ իր որակի շնորհիվ մրցունակ էր ներքին և արտաքին շուկաներում:
ԽՍՀՄ-ում /նաև Հայաստանում/ արտադրանքի որակի կառավարմանը համակարգային մոտեցում փորձել են ցուցաբերել 1950-ական թվականներին` սկսելով պարզ համակարգերից, տեսության ու պրակտիկայի զարգացմանը զուգընթաց, աստիճանաբար անցնելով համեմատաբար բարդ համակարգերի ստեղծմանը: ԽՍՀՄ-ում արտադրանքի որակի ապահովման հիմնախնդրի լուծման ասպարեզում զգալի դեր է խաղացել 1955 թ. Սարատովում մշակված "Արտադրանքի անարատ պատրաստման" /ԱԱՊ/ համակարգը, որն ուղղված էր առանց տեխնիկական փաստաթղթերից շեղումների արտադրանքի պատրաստման պայմանների ապահովմանը: Այս համակարգի դեպքում գնահատվում էր առանձին կատարողների, բրիգադների, տեղամասերի արտադրամասերի, ձեռնարկության աշխատանքի որակը: ԱԱՊ հիմնական սկզբունքներն են.
- կատարված աշխատանքի որակի համար լրիվ պատասխանատվություն է կրում անմիջական կատարողը,
- տեխնիկական, տեխնոլոգիական կամ այլ փաստաթղթերի պահանջներից որևէ կարգի շեղում չի թույլատրվում,
- կատարողն աշխատանքը տեխնիկական վերահսկման բաժին /ՏՎԲ/ է ներկայացնում նախապես այն ամբողջությամբ ստուգելուց և արատների բացակայության մեջ համոզվելուց հետո,
- չվերացվող արատներ ունեցող արտադրանքը պատրաստողը առանձնանում է և առանձին ներկայացնում ՏՎԲ` խոտանի մասին արձանագրություն կազմելու համար,
- ՏՎԲ-ն առաջին իսկ արատի հայտնաբերման դեպքում ամբողջ արտադրանքը վերադարձնում է լրամշակման,
- ՏՎԲ-ին արտադրանքի հետագա ներկայացումը կատարվում է միայն արտադրամասի կամ ձեռնարկության ղեկավարի թույլտվությամբ:
Համակարգի արդյունավետ կիրառման համար մշտապես կատարվում էր կադրերի պատրաստում /ուսուցում/ և դաստիարակում: Արդեն 1960-ական թվ.-ների սկզբից սարատովյան համակարգը լայն տարածում էր գտել արդյունաբերության բոլոր ճյուղերի ձեռնարկություններում և արասահմանում: ԱԱՊ համակարգի թերությունը այն էր, որ, նրա սկզբունքների համաձայն, արտադրանքի յուրաքանչյուր վերադարձ անվերապահորեն բացասաբար էր անրադառնում բանվորի աշխատանքի գնահատականի վրա և իջեցնում էր նրա պարգևի չափը, չնայած, ոչ բոլոր դեպքերում էր արատն առաջանում բանվորի մեղքով:
Որակի կառավարման հաջորդ համակարգը 1958 թ. մշակվել էր Նիժնի Նովգորոդի մարզի ձեռնարկություններում և ուղղված էր արտադրության կոնստրուկտորական և տեխնոլոգիական նախապատրաստման բարձր մակարդակի ապահովման համար պայմանների ստեղծմանն ու սեղմ ժամկետներում արդեն առաջին իսկ արդյունաբերական նմուշներից պահանջվող որակի արտադրանքի ստացման երաշխավորմանը:Համակագի հիմնական խնդիրը արտադրանքի նախագծման փուլում, մինչև թողարկումը սկսելը, խափանումների պատճառների բացահայտումն ու վերացումն էր: Արտադրության փուլում այս համակարգը կիրառում էր ԱԱՊ սկզբունքները:
Հաջորդ համակարգը 1961 թ. Լվովում մշակված "Անարատ աշխատանքի համակարգն" էր, որի հիմնական իմաստը տեխնոլոգիական օպերացիաների ճշգրիտ կատարումն էր, իսկ կառավարման օբյեկտը` առանձին կատարողների և ամբողջ կոլեկտիվի աշխատանքի որակը: Այս համակարգը վերաբերում էր արտադրանքի կենսացիկլի ցանկացած փուլի:
Մյուս համակարգը 1964 թ. Յարոսլավլի շարժիչաշինական գործարանում մշակված համակարգն էր /HOPM/, որի հիմնական իմաստը արտադրանքի տեխնիկական մակարդակի և որակի բարձրացումն էր: Այս համակարգի նորույթն այն էր, որ արտադրանքի տեխնիկական պարամետրը համարվում էր որպես որակի չափանիշ: Հիմնական թերությունը այն էր, որ նրա մշակողները ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում էին միայն մեկ ցուցանիշի վրա` շարժիչի աշխատանքային ռեսուրսի վրա: Այդպիսի մոտեցումը չէր բացառում ընդամենը մեկ ցուցանիշի լավացումը սպառողների համար նույնպես կարևոր նշանակություն ունեցող մյուս ցուցանիշների` հզորության, զանգվածի, եզրաչափերի, շահագործման և նորոգման հարմարության և այլնի հաշվին:
1975թ. ԽՍՀՄ ստանդարտացման գիտահետազոտական ինստիտուտի և Լվովի մարզի ձեռնարկությունների համատեղ գիտաարտադրական փորձի արդյունքում ստեղծվեց "Արտադրանքի որակի համալիր կառավարման համակարգը" /ԱՈՀԿՀ/: Վերջինս նախորդներից տարբերվում էր նրանով, որ որակի կառավարումն իրագործվում էր ձեռնարկության ստանդարտների հիման վրա: ԱՈՀԿՀ կառուցվածքը նախատեսում էր կառավարման բազմամակարդակ կազմակերպում` ձեռնարկության, արտադրամասի, տեղամասի, բրիգադի, առանձին աշխատատեղերի մակարդակներով:
1980թ. Կրասնոդարի երկրամասի ձեռնարկություններում մշակվեց և ներդրվեց ՙԱրտադրության արդյունավետության բարձրացման համալիր համակարգը՚, որի հիմնական առանձնահատկությունը որակի ընդհանրական ցուցանիշը արտադրության արդյունավետության ցուցանիշների շարքը դասելն էր: Համակարգի կիրառման ոլորտն արտադրանքի ամբողջ կենսացիկլն էր` արտադրության փուլի գերակայությամբ:
1983թ. Դնեպրոպետրովսկի ձեռնարկություններում մշակվեց և ներդրվեց "Արտադրանքի որակի և ռեսուրսների օգտագործման արդյունավետության համալիր կառավարման համակարգը", որի կառավարման օբյեկտը ոչ միայն արտադրանքի որակն էր, այլ նաև` հիմնական ռեսուրսների օգտագործման ցուցանիշները: