Կորպորատիվ կառավարումը մեխանիզմների համալիր է, որը "դրսի" փայատերերին հնարավորություն է տալիս պաշտպանվելու ինսայդերների քսպրոպրիացիայից: Շլեյֆեր և Վիշնի
Վերջին տարիներին ԻՍՕ 9000 շարքի ստանդարտների զանգվածային ներդրմանը զուգընթաց աշխարհում մեծ տարածում են գտել որակի տարբեր մրցանակները և պարգևները, որոնք հիմնված են որոշակի համակարգային չափանիշների համապատասխանելիության գնահատման և որակի համընդհանուր ղեկավարման սկզբունքների վրա: Մրցանակները լինում են կորպորատիվ, տարածաշրջանային և ազգային:
Կորպորատիվ մրցանակները սահմանում են խոշոր ընկերությունները, մրցույթին կարող են մասնակցել ընկերության կազմակերպությունները և ստորաբաժանումները:
Տարածաշրջանային մրցանակները սահմանում են տարածաշրջանային կառավարման մարմինները:
Ազգային մրցանակները սահմանվում են պետության կողմից կամ պետության հովանավորությամբ` ազգային հասարակական միավորումների կողմից:
1998 թ. փետրվարի 26-ին №116 որոշմամբ ՀՀ կառավարությունը արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում լավագույն արդյունքների հասնելու, ինչպես նաև որակի ղեկավարման արդյունավետ եղանակներ կիրառող ընկերությունների համար սամանեց կառավարության ամենամյա մրցանակներ: ՀՀ կառավարության մրցանակները շնորհվում են ամեն տարի` մրցույթային կարգով: Մրցանակների բաշխման չափանիշները սահմանում է ՀՀ կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովը: Տարեկան շնորհվում է մինչև 10 մրցանակ, որոնք հաղթողներին են հանձնվում որակի համաշխարհային օրը /նոյեմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը/: Կազմակերպության գործունեությունը հիմնականում գնահատվում է ԻՍՕ 9000 շարքի ստանդարտների դրույթների համաձայն, սակայն մրցանակների մոդելները նախատեսում են նաև այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են` աշխատակազմի ներգրավումը այդ աշխատանքներում և ռեսուրսների օգտագործումը: Ի տարբերություն ԻՍՕ 9000 շարքի ստանդարտների դրույթների, մրցանակի մոդելները ցույց են տալիս գործունեության և որակի բարելավման հնարավոր ուղղությունները:
Շատ ընկերություններ մրցանակների մոդելների չափանիշների գնահատման գործընթացն օգտագործում են ոչ թե մրցանակներ ստանալու, այլ սերիական արտադրության գործունեությունը գնահատելու համար, քանի որ նման ախտորոշիչ ինքնագնահատումը դառնում է կազմակերպության ինքնակատարելագործման առավել արդյունավետ միջոց: Ինքնագնահատումը կատարվում է կամավոր հիմունքներով և ունի պարզ մեխանիզմ: Այն թույլ է տալիս համեմատել կազմակերպության վաստակած միավորները առաջատար ընկերությունների արդյունքների հետ և որոշել սեփական վարկի աստիճանը: Անհրաժեշտության դեպքում կատարելագործման կարիք ունեցող ուղղություններում իրականացվում են ուղղիչ միջոցառումներ: Մասնակցելով ինքնագնահատման գործընթացին` կազմակերպությունների մեծաթիվ աշխատակիցներ ստանում են լրացուցիչ գիտելիքներ, սովորում են օգտագործել չիրացված հնարավորությունները և գործնականում ներգրավվում են կազմակերպության գործունեության անընդհատ կատարելագործման գործընթացի մեջ: Ինքնագնահատման մեխանիզմը ՀՀ կառավարման որակի մրցանակ սահմանելու անհրաժեշտության փաստարկներից մեկն է: