Երեքշաբթի, 21 Հնվ 25, 07:07

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Հոդվածներ » Հարկային համակարգ  

Եկամտահարկի և սոցիալական վճարի միասնականացում
Հարկային համակարգ | Հեղինակ` Արտակ Առստամյան - E artak7 | 02 Հուլ 13 15:39

ԼՂՀ-ում ընթացող կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում փոփոխություններ են նախատեսված նաև հարկային համակարգում:

Ներդրվում է միասնական եկամտային հարկ, որը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում կատարվող փոփոխություն է և միտված է գործատուների կողմից հաշվետվությունների ներկայացման գործընթացը հնարավորինս պարզեցնելուն. այն որևէ կերպ չի ազդելու վարձու աշխատողի փաստացի տնօրինվող եկամտի վրա, իսկ գործատուն այս բարեփոխման արդյունքում միայն շահելու է` հաշվի առնելով հաշվետվությունների քանակի կրճատումն ու ժամանակի խնայողությունը:

Այդ փոփոխություններն ունեն երկու հիմնական ուղղություն, որոնք սերտորեն փոխկապակցված են.
1. առաջինը վերաբերում է միասնական եկամտային հարկի ներդրմանը` գործող պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն,
2. իսկ երկրորդն առնչվում է գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ներկայացման կարգին:

Լուծվում են հետևյալ խնդիրները.
ա) նախկին երկու հաշվետվության փոխարեն` մեկ անձնավորված հաշվարկ, որտեղ պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց վճարված եկամուտն ու դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը,
բ) անձնավորված հաշվարկը գործատուն հարկային մարմին է ներկայացնում բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչը էապես կկրճատի հաշվետվությունների քանակը, դրանք ներկայացնելու հետ կապված գործընթացները և, իհարկե, կխնայի ժամանակը:

Միասնական եկամտային հարկի ներդրումը հիմնված է երեք առանցքային սկզբունքների վրա`
1) քաղաքացու եկամուտները չեն նվազում,
2) պետական բյուջե մուտք արվող միջոցները չեն նվազում,
3) գործատուների համար լրացուցիչ բեռ չի առաջանում:

Սա նշանակում է, որ եկամտային հարկի ներդրումը որևէ բացասական ազդեցություն չի ունենալու վարձու աշխատողի վրա: Դա ապահովելու համար մշակված է հետևյալ սխեման: Գործող համակարգում աշխատողը ստանում է որևէ X անվանական աշխատավարձ, որից նա պետական բյուջե է վճարում պարտադիր սոցիալական ապահովության վճար (3%) և եկամտահարկ (վերջինների դրույքաչափերի մասին կխոսվի ստորև), ինչի արդյունքում նրա զուտ աշխատավարձը որոշ չափով փոքր է լինում անվանականից: Իր հերթին, գործատուն իր միջոցներից տվյալ աշխատողի համար պետական բյուջե է վճարում պարտադիր սոցիալական ապահովության վճար: Նոր կարգի համաձայն` գործատուի կողմից վճարվող այս վերջին սոցվճարը կգումարվի աշխատողի X անվանական աշխատավարձին, և եկամտային հարկը կհաշվարկվի հենց այս գումարից. աշխատողի համախառն եկամտի այս տարբերակով ավելացումը թույլ կտա, որ նրա փաստացի տնօրինվող եկամուտը չնվազի, մնա նույնը` նախորդ ամիսների համեմատ: Այսինքն` խոսվում է ընդամենը գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցվճարը աշխատողի անվանական աշխատավարձին միացնելու մասին, և հարկումից հետո աշխատողը որևէ տարբերություն չպետք է զգա 2013 և 2014 թվականների ընթացքում ստացած փաստացի տնօրինվող եկամուտների միջև: 

Գործատուների կողմից անբարեխղճություն ցուցաբերելու և նշված ավելացումը չկատարելու դեպքում խնդիրը կարգավորվում է օրենքով. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` նշված կարգը խախտող գործատուները կրում են լրացուցիչ պարտավորություն:
Եթե գործատուի կողմից վճարվող սոցվճարը աշխատողի համախառն եկամտին ավելացնելուց հետո նրա զուտ եկամուտը այնուամենայնիվ պակաս կլինի նախկինում ստացածից, ապա գործատուն պարտավորվում է իր միջոցներից լրացնել այս պակասը, որը, համաձայն մասնագետների հաշվարկների, տարբեր աշխատավարձերի դեպքում կարող է կազմել 750-ից մինչև 2700 դրամ յուրաքանչյուր աշխատողի համար: Այս իմաստով, եթե խոսենք գործատուների հարկային բեռի ավելացման հավանականության մասին, սա կարող է դիտարկվել որպես այդպիսին միայն առաջին հայացքից, սակայն ցանկանում ենք վստահություն հայտնել, որ հաշվետվությունները ներկայացնելու այս պարզեցված մեխանիզմը արդեն իսկ առավելություններ է պարունակում իր մեջ, և ենթադրվում է, որ դժգոհությամբ չի ընդունվի գործատուների կողմից:
view 9050 | comments 1 | date 5.0/1 | date սոցիալական վճար, հարկ, աշխատավարձ, հարկեր, հարկային համակարգ, տնտեսություն, բիզնես, սոցհարկ, աշխատավարձի հաշվարկ, եկամտահարկ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 1
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 1| demetra | 20 Սեպ 13 13:18[Նյութ]
Շնորհակալ եմ մանրամասն ներկայացնելու համար։ Արցախի բնակչության համար դա շատ կարևոր է angel

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը