Շաբաթ, 21 Դեկ 24, 15:34

Կառավարումը վեր է ամենից, քանի որ այն իրենից ներկայացնում է պրակտիկ մի գործընթաց, որտեղ արվեստը, գիտությունը և ստեղծագործությունը հանդիպում են միմյաց: Հենրի Մինթցբերգ

Գլխավոր » Հոդվածներ » Բիզնես և տնտեսություն  

Օֆշորները որպես "հարկային ապաստարաններ"
Բիզնես և տնտեսություն | Հեղինակ` Lilit Harutyunyan - E 770d92 | 09 Հնվ 13 20:24

"Օֆշոր" ասելով սովորաբար հասկացվում է փոքր կղզի, փոքր երկիր, որտեղ հնարավոր է թաքնվել հարկերից: Օֆշորը երբեմն նույնացվում է ազատ տնտեսական գոտիների հետ, որտեղ նույնպես հարկային արտոնություններ են սահմանված, մինչդեռ, դրանք տարբեր հասկացություններ են: Այս իմաստով, կարծում ենք, շատերին կհետաքրքրի պարզաբանել օֆշորների բուն էությունը, դրանց տեսակները, այն արտոնությունները, որոնք սահմանվում են օֆշորային գոտիներում, և այն հետևանքները, որոնք առաջանում են օֆշորային ընկերությունների գործունեությունից:
"Օֆշոր" հասկացությունը, եզրույթը առաջացել է անգլերեն offshore բառից, որը նշանակում է "ափից հեռու գտնվող" կամ "ափից դուրս": Օֆշորային գոտին պետություն է կամ նրա մի մասը, որտեղ ոչ ռեզիդենտ ընկերությունների համար սահմանվում է գրանցման և գործունեության հատուկ ռեժիմ, մասնավորապես` հարկային արտոնություններ: Այս իմաստով, երբեմն կիրառվում են "հարկային ապաստան", "հարկային դրախտ" հասկացությունները: Առավել ընդհանուր բնութագրմամբ` օֆշորային են համարվում այն ընկերությունները, որոնք գրանցված են այլ պետության մեջ, որտեղ օրենսդրորեն բիզնեսը սովորաբար ազատվում է հարկերից` այդ երկրի սահմաններում առևտրային գործունեությունից հրաժարվելու պայմանով:

Գոյություն ունեն օֆշորային գոտիների երեք տիպեր, որոնք ընդհանրություններով հանդերձ, ունեն նաև որոշակի առանձնահատկություններ:
  1. Առաջինը դասական օֆշորային գոտիներն են, որտեղ բացակայում են հարկերը, չեն պահանջվում հաշվետվություններ, իշխանությունները գրեթե չեն վերահսկում նրանց գործունեությունը: Այդ գոտիները բնորոշվում են օֆշորային ընկերությունների գործունեության գաղտնիության բարձր մակարդակով, իսկ վերջիններիս գրանցման համար բավարար է միայն տարեկան վճար կատարել, որը կարող է երկարաձգվել` ըստ ընկերության ցանկության: Այդպիսին են Վիրջինյան, Կայմանյան, Սեյշելյան կղզիները, Պանաման: 
  2. Երկրորդ շարքին կարելի է դասել բարձր հարմարավետությամբ կամ ցածր հարկագանձմամբ օֆշորային գոտիները, որտեղ օֆշորային ընկերություններից պահանջվում են ֆինանսական հաշվետվություններ և տրամադրվում են էական հարկային արտոնություններ: Այդպիսի երկրներից են Իռլանդիան, Ջիբրալթարը, Մեն կղզին: 
  3. Երրորդը ոչ ստանդարտ օֆշորային գոտիներն են, որտեղ գրանցված և այդ երկրներից եկամուտներ չունեցող ընկերություններին ինչպես հարկային արտոնություններ, այնպես էլ բիզնես վարելու այլ առավելություններ են տրվում, մասնավորապես` թույլատրվում է գործունեություն ծավալել նաև երկրի ներսում (միջկառավարական համաձայնագրերի շնորհիվ` դրանց ազատելով կրկնակի հարկումից): Այդպիսի երկրներից են Կիպրոսը (ներկայում օֆշորային չի համարվում), Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, ՀոնկԿոնգը և այլն: 
Պետք է նշել, որ օֆշորային գոտիներ կան նաև Ռուսաստանում (Կալմիկիա, Ինգուշեթիա, Ալ թայ), որտեղ թույլատրվում է, որ օֆշորային ընկերությունները գործունեություն իրականացնեն այդ տարածքներում: Տարօրինակ է, սակայն օֆշորային են համարվում նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի 11 նահանգները: Մեծ Բրիտանիայում օրենսդրությամբ թույլատրվում է "բաց բիզնես" վարել, սակայն ֆինանսական հաշվետվությամբ և հարկերի վճարմամբ: Օֆշորների նշված առավելություններով դեռևս չի սահմանափակվում նրանց գրավչությունը օտար երկրյա ընկերությունների համար: Օֆշորային ընկերություններն իրավունք ունեն ազատորեն տեղաշարժել իրենց ֆինանսական միջոցները, գործունեություն ծավալել ցանկացած երկրում, ունենալ մասնաճյուղեր, դուստր ձեռնարկություններ, ներկայացուցչություններ, գործարքներ իրականացնել բորսաներում: Այնուհանդերձ, գլխավոր առավելությունն այն է, որ օֆշորային ընկերությունը նվազագույն հարկ է վճարում կամ ընդհանրապես ազատված է հարկերից և ֆինանսական հաշվետվություններից: Ահա այս գրավչություններն են, որոնց պատճառով կապիտալի ՙփախուստ՚ է տեղի ունենում դեպի օֆշորային գոտիներ: Ներկայում զարգացող երկրներում ֆիզիկական և իրավաբանական անձինք շուրջ 6,2 տրլն դոլար ունեն օֆշորային հաշիվներում, որի հետևանքով զարգացող երկրները տարեկան շուրջ 124 մլրդ դոլար են կորցնում պետբյուջե չվճարված հարկերի տեսքով: Օֆշորային ընկերություններին բազմաթիվ արտոնություններ տրամադրելով հանդերձ, օֆշորային պետություններում նույնպես ազգային բիզնեսի պաշտպանության ու հովանավորման ծրագրեր են իրականացվում, մասնավորապես, օֆշորային ընկերություններին արգելվում է երկրի ներսում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ առանձին դեպքերում մեղմ հարկային քաղաքականություն է իրականացվում նաև ազգային ֆիրմաների նկատմամբ: Տրամաբանորեն կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ են օֆշորային երկրները "գրկաբաց" ընդունում օտարերկրյա ընկերություններին, ինչպիսի՞ օգուտներ և ակնկալիքներ ունեն նրանցից: Օֆշորային գոտիների հիմնական եկամուտը ձևավորվում է օֆշորային ընկերության գրանցման և վերագրանցման համար վճարներից, հարկային մուտքերից (թեկուզ` նվազագույն), օֆշորային գոտում ընկերության մշտական ներկայացուցչության պահպանման ծախսերից (տարածքների վարձակալում, կապ, էլեկտրամատա կարարում, բնակության և սննդի ծախսեր, տրանսպորտի, առողջապահության ծախսեր և այլն): Պակաս կարևոր չէ նաև այն, որ շատ օֆշորներում պահանջվում է նաև տեղացի բնակիչների պարտադիր աշխատանքի ընդունում, որի միջոցով որոշակիորեն լուծվում են նաև զբաղվածության խնդիրները: Հարկ է նշել, որ հայկական ընկերությունների համար առավել նախընտրելի օֆշորային գոտիներ են Լիխտենշտեյնը, Վիրջինյան, Բահամյան, Կայմանյան կղզիները, Պանաման, որտեղ, ինչպես նշել ենք, գործունեության գրեթե բացարձակ ազատություն գոյություն ունի: Օֆշորային գոտիների ցանկը հաստատում է ՀՀ Կառավարությունը: 2008 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշման համաձայն` օֆշորային են ճանաչվել 67 պետություններ կամ տարածքներ: Այս ամենի հետնապատկերին այժմ անդրադառնանք այն խնդրին, թե Հայաստանը որքանով է մասնակից օֆշորային գործառնություններին: Հայաստանի տնտեսության իրական հատվածում 2011 թ. օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 816,3 մլն դոլար, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 631,4 մլն դոլար: Պետք է նշել, որ Հայաստանում ամենասիրված օֆշորը Կիպրոսն է: Դեռևս 1991 թվականից ի վեր` այդտեղից կա տարվել են 119 մլն դոլարի ներդրումներ: Օֆշորային Լյուքսեմբուրգից կատարվել են 59 մլն դոլարի, Վիրջինյան կղզիներից` 20 մլն դոլարի, Լիխտենշտեյնից` 6 մլն դոլարի, իսկ Կայմանյան կղզիներից`4,6 մլն դոլարի ներդրումներ:
view 10433 | date 4.3/7 | date տնտեսություն, օֆշորային տարածքներ, օֆշորներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել