Վասիլի Լեոնտև (1906-1999, ԱՄՆ)
1973թ. - "ՙԾախքեր-թողարկում" մեթոդի զարգացման և այն կոնկրետ տնտեսական հիմնահարցերի նկատմամբ կիրառելու համար:
1921-ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանը ուսումնասիրելով փիլիսոփայություն,սոցիոլոգիա,տնտեսագիտություն: Ավարտելուց հետո կրթությունը շարունակում է Բեռլինի համալսարանում: 1928-ին 22 տարեկանում՝ "Էկոնոմիկան որպես շրջապտույտ" ուսումնասիրության համար (նվիրված տնտեսական հոսքերի ցիկլայնությանը) ստանում է դոկտորի աստիճան: 1931-ին տնտեսագիտական հետազոտությունների Ազգային բյուրոյի հրավերով տեղափոխվում է աշխատանքի ԱՄՆ: Կարճ ժամանակ անց նա արդեն Հարվարդի համալսարանում էր, աշխատելով ավերի քան չորս տասնամյակներ: Նրա "Ամերիկյան տնտեսության կառուցվածքի հետազոտությունը" նվիրված է, "ծախքեր-թողարկում" խաչաձև կախվածություններին, որտեղ տնտեսության ճյուղերի, ոլորտների փոխկախվածություններն արտահայտվում են հավասարումների համակարգի միջոցով: Այն ներկայացվում է աղյուսակների կամ հաշվեկշռի (միջճյուղային հաշվեկշռի) ձևով, որպես առաջին աստիճան: Մոդելի երկրորդ աստիճանը շուրջ 200-ի հասնող "տեխնիկական գործակիցներն" են, որոնք բխում են առաջին աստիճանից և ներկայացնում են այդ փոխկախվածությունների քանակական և որակական չափումները: Այն նմանեցվում է գնացքների չվացուցակի, որտեղ նշվում է, թե որտեղից և ուր են գնում գնացքները, ժամանումը և հանդիպական կայարանները: Երրորդ կարգավորող աստիճանը հավասարումների համակարգն է, որը հայտնի է "Լեոնտևի ինվերսիա" անվանումով: Այն թույլ է տալիս պատասխանելու այն հարցին, թե յուրաքանչյուր ոլորտին որքան ծախքեր են անհրաժեշտ համախառն արդյունքը մեկ դոլարով աճելու համար, այսինքն թե ինչ և ինչքան պետք է ծախսի յուրաքանչյուր ոլորտը այս կամ այն կոնկրետ արդյունքի թողարկումը ավելացնելու համար: Ծախքերը հաշվարկվում են ինչպես նյութական, այնպես էլ դրամական արտահայտությամբ: Նրա "ծախքեր-թողարկում" մոդելի հիման վրա մշակումներ են իրականացվել աշխարհի տասնյակ երկրներում:
Աշխատությունները. "Ամերիկյան տնտեսության կառուցվածքը 1919-1929թթ. հավասարակշռության վերլուծության էմպիրիկ հետազոտություն" (1941), "Ամերիկյան տնտեսության կառուցվածքի հետազոտություն" (կոլեկտիվ-1953), "Ծախքեր-թողարկում տնտեսությունը" (1966), "Նոր հայացք տնտեսության վերաբերյալ" (1967), "Տնտեսական համակարգը բեկումնային ժամանակաշրջանում" (1976), "Տնտեսագիտական էսսեներ, տնտեսություն, հետազոտություններ, փաստեր, քաղաքականություն" (1977), "Համաշխարհային տնտեսության ապագան" (համահեղինակությամբ-1979):