Բերտիլ Ուլին (Շվեդիա)
1977թ. - Միջազգային առևտրի և կապիտալի միջազգային շարժման տեսության մեջ կատարած ներդրման համար:
Բերտիլ Ուլին (1899-1979). ավարտել է Լունդի համալսարանը ուսանելով վիճակագրություն և մաթեմատիկա: 1924-ին ստացել է դոկտորի աստիճան: Առաջին հիմնավոր աշխատանքը եղել է 1931-ին Ազգերի Լիգայում կարդացած զեկուցումը՝ "Համաշխարհային տնտեսական դեպրեսիայի ընթացքը և փուլերը": Ուլինը օգտագործել է Է. Խեկշերի ուսումնասիրությունները եկամուտների բաշխման վրա առևտրի ունեցած ազդեցության վերաբերյալ: Արդյունքում ձևավորվել է "Խեկշեր Ուլինի մոդելը", ըստ որի ազատ առևտրի պայմաններում տարբեր երկրներում ձևավորվում է արտադրության գործոնների գների հավասարակշռութուն, որը բերում է համաշխարհային տնտեսական հավասարակշռվածության: Ռիկարդոյի համեմատական առավելությունների տեսությունը տրանսֆորմացվում է արտադրության գործոններից որևէ մեկի հարաբերական առատության սկզբունքին: Այն երկրները, որոնք ունեն կապիտալով ապահովվածության հարաբերական առավելություններ, արտահանում են կապիտալատար արտադրանք, իսկ աշխատանքային ռեսուրսների առավելություններ ունեցող երկրները՝աշխատատար արտադրանք: Ուլինը, օգտագործելով "ծախքեր-թողարկում" մոդելը միջազգային առևտրի տեսությանը թարմ շունչ է հաղորդում: Դասախոսել է Կոպենհագենի համալսարանում, Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցում, 1944, 1945 թվականներին զբաղեցրել է Շվեդիայի առևտրի նախարարի պաշտոնը:
Աշխատությունները. "Միջռեգիոնալ և միջազգային առևտուրը" (1933), "Զբաղվածության կայունացման հիմնահարցը" (1949):