Լոս Անջելեսում 98 տարեկանում մահացել է Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, տնտեսագետ Արմեն Ալչյանը, ով հայտնի է գործատու-աշխատող հարաբերություններում իր նորարարական հետազոտություններով: «Ես այնքան շատ էի սիրում աշխատել տնտեսության խնդիրների վրա, որ դա նման չէր աշխատանքի»,-ասել էր նա 2009թ-ին:
Կալիֆոռնիայի համալսարանի պաշտոնական կայքում նշվում է, որ Ալչյանը իր ոլորտում հայտնի գործիչ էր ավելի քան կես դար եւ նպաստել է, որպեսզի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը դառնա ԱՄՆ-ում ամենահեղինակավորներից:
Արմեն Ալչյանը, որին գործընկերներն անվանում են «հայկական Ադամ Սմիթ», Կալիֆոռնիայի համալսարան է մտել 1946 թ-ին եւ թոշակի է գնացել 1984թ-ին, սակայն նրա գրասենյակը գործել է մինչեւ 2007 թ-ը: Ուսանողների մի ամբողջ սերունդ սովորել է «Համալսարանական տնտեսագիտություն» դասագրքով, որի համահեղինակը Ալչյանն էր:
Նա ծնվել է 1914 թ. Ֆրեզնոյում, սովորել է Սթենֆորդի համալսարանում: 1996թ-ին Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիայի կողմից նա ընտրվել է որպես պատվավոր գործիչ եւ նրա անունով է կոչվել Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիության տեսության ամբիոնը: Նա համարվում էր համալսարանի լեգենդար դասախոս: «Տնտեսագիտության պրոֆեսոր Արմեն Ալչյանն ինձ համար օրինակ է եղել»,-գրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Շարպը: