Միջազգային պրակտիկայում ձեռնարկության զարգացման պլանը ներկայացվում է բիզնես պլանի տեսքով, որն ըստ էության իրենից ներկայացնում է ձեռնարկության զարգացման նախագծի կառուցվածքային նկարագրությունը: Եթե նախագիծը կապված է ներդրումների նկարագրման հետ, ապա այն անվանում են ներդրումային նախագիծ: Ընդհանուր առմամբ ցանկացած ՆՆ կախված է մի շարք պարամետրերից, որը կարելի է ներկայացնել հետևյալ մոդելի տեսքով`
որտեղ` - ներդրումային նախագիծն է; - ներդրումն է j–րդ տարում, j = 1,2,…,m /առավել հաճախ ընդունվում է, որ m=1/; – դրամական հոսքերն են k–րդ տարում, k=1,2,…,n; n – նախագծի տարիների թիվն է, r – դիսկոնտի դրույքաչափն է:
ՆՆ-երն ընդունված է դասակարգել մարտավարականի և ռազմավարականի: Ռազմավարականի թվում սովորաբար ներառվում են սեփականության ձևի փոփոխություն ենթադրող նախագծերը կամ տնտեսական գործունեության բնույթի արմատական փոփոխությունը` նոր արտադդրանքի արտադրություն, ավտոմատացում և այլն: Մարտավարական նախագծերը սովորաբար կապված են թողարկվող արտադրանքի ծավալների փոփոխության, ապրանքների որակի բարձրացման, սարքավորումների արդիականացման հետ:
Նախագծային վերլուծության պրակտիկան թույլ է տալիս ընդհանրացնել նախագծերի մշակման փորձը և թվարկել տիպային նախագծերը: Համաշխարհային պրակտիկայում հանդիպող ներդրումային նախագծերի տիպերը հանգում են հետևյալ խմբերի`
հնացած կամ մաշված սարքավորման փոխարինումը որպես գոյություն ունեցող բիզնեսի անփոփոխ մասշտաբներում շարունակման բնականոն գործընթաց: Սովորաբար նմանատիպ նախագծերը հիմնավորման և որոշման կայացման երկարատև և բարդ ընթացակարգեր չեն պահանջում,
սարքավորման փոխարինումը ընթացիկ արտադրական ծախսերի նվազեցման նպատակով: Նմանօրինակ նախագծերի նպատակը աշխատող, սակայն պակաս արդյունավետ սարքավորման փոխարեն առավել կատարյալի օգտագործումն է: Նախագծերի այս տեսակը ենթադրում է յուրաքանչյուր առանձին տարբերակի շահավետության մանրամասն վերլուծություն, քանի որ տեխնիկապես կատարյալ սարքավորումը կարող է ֆինանսական տեսանկյունից շահավետ չլինել,
ապրանքների թողարկման ավելացումը և/կամ ծառայությունների շուկայի ընդլայնումը: Նախագծերի այս տիպը պահանջում է շատ պատասխանատու որոշում: Առավել հանգամանորեն անհրաժեշտ է վերլուծել նախագծի առևտրային իրագործելիությունը, ինչպես նաև նախագծի ֆինանսական արդյունավետությունը` պարզելով` արդյոք իրացման ծավալի աճը կբերի շահույթի համապատասխան ավելացման,
ծառայության ընդլայնում նոր արտադրատեսակների հաշվին: Նախագծերի այս տիպը հանդիսանում է նոր ռազմավարական որոշումների արդյունք և կարող է բերել բիզնեսի էության փոփոխության,
բնապահպանական տեսանկյունից խնդրահարույց նախագծեր: Ներդրումային նախագծման ընթացքում բնության վերլուծությունը անհրաժեշտ տարր է հանդիսանում: Բնապահպանական բաղադրիչ ունեցող նախագծերը իրենց բնույթով միշտ կապված են շրջակա միջավայրի աղտոտման հետ, այդ պատճառով վերլուծության այս մասը միշտ քննադատական է,
նախագծերի այլ տիպեր, որոնց նշանակությունը որոշումների կայացման համար պատասխանատվության տեսանկյունից պակաս կարևոր են:
Նախքան ՆՆ ընտրությունը անհրաժեշտ է իրականացնել շուկայի մանրակրկիտ հետազոտություն, որի արդյունքում խնդիր է դրվում` պարզել ընկերության տվյալ արտադրանքի նկատմամբ առկա պահանջարկը, վճարվող առավելագույն գինը, գնորդների կողմից ապրանքի որակական հատկանիշների նկատմամբ ներկայացվող պահանջները, մրցակցային միջավայրը և այլն: Իրականացվում է SWOT վերլուծություն, որը հնարավորություն է ընձեռում մշակել մարքեթինգային այնպիսի ռազմավարություն, որը կխթանի ընկերության ուժեղ կողմերը, կվերացնի կամ կփոխհատուցի թույլ կողմերի ազդեցությունը, կօգտագործի հնարավությունները և կպաշտպանի սպառնալիքներից: Շուկայի հետազոտությանը հաջորդում է նախագծերի մշակման փուլը, որի ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի ընդհանուր բնութագիը, հնարավոր մրցակիցների ներուժի գնահատումը, հնարավոր հաճախորդների բազայի գնահատումը, ծրագրավորվող ներդրումների ծավալը, ծախսածածկման ժամկետների հաշվարկը և այլն: Արդյունքում իրականացվում է ՆՆ արդյունավետության գնահատման ցուցանիշների հաշվարկ, որոնց վերջնական նպատակը ներդրումների զուտ արդյունքի որոշումն է: Արդյունքը համեմատելով բանկային ավանդների դիմաց վճարվող տոկոսի հետ` ընկերությունները կարող են որոշել դիտարկվող նախագծի վերջնական արդյունավետությունն ու իրականացնել ընտրություն: