Սեղանին գցեք ճերմակ, լավ արդուկած սփռոցը, որի միջնածալքը պիտի անցնի սեղանի ճիշտ կենտրոնով: Խորհուրդ ենք տալիս սփռոցի տակ փռել մահուդ կամ ծանր ու փափուկ որևէ այլ կտոր. սփռոցը հարթ կփռվի, և կմեղմանա ափսեների ու դանակ-պատառաքաղի թխկոցը:
Սեղանակիցների թվից ելնելով` բարակ կտրտած սև ու սպիտակ հացով երկու երեք ափսե դրեք սեղանին` յուրաքանչյուրի սպասքին հնարավորին չափ մոտ:
Գինին (շամպայնից բացի) պետք է դնել բերանները բացած շշերով` նախապես խնամքով մաքրելով բերանները: Օղին և թուրմերը ցանկալի է մատուցել գրաֆիններում: Շամպայնը բացում են գավաթները լցնելուց անմիջապես առաջ:
Նախուտեստները դրեք սեղանի տարբեր մասերում: Պղպեղի, քացախի, սոուսների, մանանեխի, աղի ամանների քանակը կախված է ճաշողների թվից:
Խորհուրդ ենք տալիս սեղանին միևնույն ձևի և գույնի սպասք դնել: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի և հյուրի համար դրեք մեկական փոքր սեղանի ափսե, դրա մեջ` նախուտեստային, իսկ կողքին` կարկանդակների համար նախատեսված ափսեն:
Փոքր ափսեի աջ կողքին դրեք գդալ և դանակ (վերջինիս սուր շեղբը` ափսեի կողմը), իսկ ձախից` պատառաքաղը: Գդալներն ու պատառաքաղները պիտի դրվեն ուռուցիկ կողմը դեպի դուրս:
Անձեռոցիկները, ծալելով եռանկյունաձև կամ բրգաձև, դրեք նախուտեստային ափսեի վրա:
Ընտանեկան ճաշի դեպքում սովորաբար գինիների բազմազանություն չի լինում, դրա համար էլ անհրաժեշտություն չկա սեղանին ավելորդ ըմպանակներ ու բաժակներ դնելու: Եթե ձեր սեղանը տոնական է, յուրաքանչյուր սպասքի մոտ դրեք մեկ ըմպանակ օղու, մեկն էլ` գինու համար, մեկական գավաթ կամ բարձր բաժակ էլ` մրգահյութի կամ լոլիկի հյութի համար:
Ճաշասեղանի կողքին, տանտիրուհու աթոռի մոտ, կարելի է դնել սեղանիկ` վրան ապուրամանը, մաքուր ափսեներ ապուրի համար և այլն:
Եթե սեղանի շուրջ նստած են 5–6 հոգի, տանտերը կամ տանտիրուհին կարող են հյուրին փոխանցել տապակածի կամ ձկան ափսեն, իսկ ճաշողների մեծ թվի դեպքում ավելի հարմար է ափսեները բաժանել` շրջանցելով սեղանը: Այդ դեպքում հարկավոր է նկատի ունենալ հետևյալ կանոնը. երբ բաժանում եք արդեն կերակուրով լցված ափսեն, այն հյուրին մատուցեք աջ կողմից, իսկ եթե ուտեստը տրվում է ընդհանուր ամանով, և հյուրն ինքը պիտի վերցնի, ապա նրան մոտեցեք ձախ կողմից:
Ընթիքի սեղան բացելիս, որը հիմնականում կազմված է սառը ճաշատեսակներից, կերակուրները կարելի է անմիջապես դնել սեղանին, եթե, իհարկե, սեղանի չափերն այդ թույլ են տալիս:
Սեղանի կենտրոնում դրեք տապակածի ափսեն, դրանից աջ և ձախ` ձկան և մյուս նախուտեստների ափսեները: Ափսեների միջև դրեք գինու շշերը և լոլիկի ու մրգահյութի սափորները: Սոուսամանները դրեք մի քանի տեղ` կախված սեղանի չափերից և ընթրողների թվից:
Սեղանին դրեք միայն դանակ և պատառաքաղ, քանի որ ընթրիքին սովորաբար ապուր չի մատուցվում: Եթե նախատեսել եք արգանակ, ապա մատուցեք արգանակի գավաթներում, ափսեին դնելով աղանդերային գդալ:
Ձևավորված սեղանը կարելի է զարդարել թարմ ծաղիկներով, դրանք (ոչ բարձր ծաղկամանների մեջ) դնում են սեղանի կենտրոնում կամ երկու - երեք տեղ` սփռոցի միջնածալքի երկարությամբ:
Ճաշի սեղանի ամանեղենի և սպասքի հավաքածու վեց հոգու համար.
6 Խոր ափսեներ
6 Երես ափսեներ
6 Նախուտեստային ափսեներ
6 Կարկանդակի ափսեներ
2 Աղցանի ամաններ
1 Ապուրի թաս
1 Սոուսաման
1 Կլոր սկուտեղ
1 Ձվաձև սկուտեղ
1 Հացաման
6 Արգանակի գավաթներ` տակդիրներով
1 Պղպեղի, մանանեխի և քացախի աման
1 Ջրի գրաֆին
1 Մրգահյութի գրաֆին
1 Օղու գրաֆին
6 Օղու ըմպանակներ
6 Գինու ըմպանկներ
6 Գավաթներ
6 Գավաթներ շամպայնի համար
6-ական Դանակներ, ճաշի և աղանդերային պատառաքաղներ