ՀԱՄՈԶՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՈՒՄ
Ընթերցողին թարգմանաբար ներկայացվող թեստը* օգտակար կլինի սեփական համոզունակությունը գնահատելու համար:
Ստորև թվարկվող գործողությունները որքա՞ն հաճախ եք կատարում, երբ ձեզ հույժ անհրաժեշտ է լինում որևէ մեկին ինչ-որ բանում համոզել, մինչդեռ նա, կարծեք, ընդդիմանում է (ներառեք ձեր վարքագիծը թե՜ աշխատավայրում, թե՜ անձնական կյանքում): Գործածեք հետևյալ սանդղակը՝ ՙերբեք՚ – 0, ՙերբեմն՚ – 1, ՙհաճախ՚ կամ ՙմշտապես՚ – 2.
1. Կրկնում եք ասելիքը:
2. Բարձրացնում եք ձայնը:
3. Անցնում եք ավելի ազդեցիկ լեզվի:
4. Ավելի երկար եք սկսում բացատրել:
5. Սկսում եք կոպտել:
6. Ձեր փաստարկների տրամաբանությունը հատ-հատ եք շարադրում:
7. Ընդհատում եք դիմացինի առարկություններն ու մեկնաբանությունները:
8. Անհապաղ վիճարկում եք առարկությունը:
9. Մեղադրում եք դիմացինին սխալ դիրքորոշման և համառության համար:
10. Հռետորական հարցերի տարափ եք տեղում (ՙՉե՞ք մտածում, որ….՚, ՙԻնչո՞ւ պետք է ինչ-որ մեկը...՚ և այլն):
11. Խռովում եք, նեղացած կամ սրտնեղած ձևանում և այլն:
12. Մեջտեղ եք բերում անցյալի միջադեպերն ու անհամաձայնությունները՝ իրավիճակին առնչվող կամ գրեթե չառնչվող:
13. Դրսևորում եք համակրանք կամ ապրումակցում (ՙԵս հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք՚, ՙԵս էլ ձեր վիճակում նույնը կզգայի՚ և այլն):
14. Մինչև վերջ ունկնդրում եք ամեն մի առարկություն և տեսակետ:
15. Խոսում եք եռանդուն, բայց առանց դիմացինին ՙվրա տալու՚ կամ հարցախեղդ անելու:
16. Հետևում եք ձեր շարժուձևին՝ խուսափելով հարձակողականության նշաններ ցույց տալուց:
17. Հակիրճ եք շարադրում ձեր տեսակետը և հաճախ եք դադար տալիս` համաձայնություն որոնելու համար:
18. Հետևում եք դիմացինի շարժուձևին՝ արձանագրելու համար հարձակողականության նշանները:
19. Ի մի բերող հարցեր եք տալիս, որպեսզի՝
- երևան գան բոլոր խոչընդոտներն ու առարկությունները, ներառյալ նրանք, որ դիմացինը
թաքցնում է տարբեր նկատառումներով,
- գտնվեն այն պայմանները, որոնց դեպքում փոխհամաձայնությունը հնարավոր դառնա:
Եթե Ձեր 1 և 2 նիշերը դրված են առավելապես 1-ից 12 հարցերի տիրույթում, ապա Ձեզ հույժ հարկավոր է աշխատել սեփական դիրքորոշումը և համոզունակությունը կատարելագործելու ուղղությամբ: Եթե Ձեր 1 և 2 նիշերը առավելապես 13-ից 19 հարցերի տիրույթում են, ապա Դուք միանգամայն համոզունակ եք, ինչն էլ Ձեզ լավ հնարավորություն է ընձեռում մարդկանց հանգեցնելու Ձեր տեսակետին:
"Տնտեսագետ" ամսագիր; asue.am