Կառավարությունը հաստատել է 2013թ. պետբյուջեի նախագիծը. նախատեսվում է 6% տնտեսական աճ Կառավարությունը սեպտեմբերի 27–ի նիստում հավանության է արժանացրել ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագիծը, որն ուղարկվելու է Ազգային ժողով։ Նախագծով նախատեսվում են 1 տրլն 33 մլրդ դրամի եկամուտներ, 1 տրլն 152 մլրդ դրամի ծախսեր, դեֆիցիտը նախատեսվում է մոտ 120 մլրդ դրամ, որից 65 մլրդ դրամը ֆինանսավորվելու է արտաքին, իսկ 55 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրներից:
Տնտեսական աճը 2013 թ. նախատեսվում է 6%, իսկ այս տարի կանխատեսվում է 7%-ի շրջանակներում:
2013թ պետբյուջեի նախագծի տրիլիոնանոց ցուցանիշների ետևում տխուր մի պատկեր է թաքնված «2013թ պետական բյուջեի նախագծի տրիլիոնանոց ցուցանիշների ետևում թաքնված է չափազանց տխուր մի պատկեր»,– գրում է «Հայկական ժամանակ»–ը:
Նույնիսկ կառավարությունն է արձանագրել, որ Հայաստանում հաջորդ տարի նվազելու է ծնունդների և աշակերտների թիվը:
Կառավարության կանխատեսմամբ, աշակերտների ընդհանուր թիվը հաջորդ տարի լինելու է 365.6 հազար` այս տարվա 372.4 հազարի փոխարեն: Ծնունդների թիվն այս տարվա համեմատ նվազելու է մոտ 1300-ով: Կանխատեսվում է, որ կնվազի նաև զորակոչիկների թիվը:
Նվազումների «շնորհիվ», 2013 թվականի բյուջեի նախագծով մի քանի հարյուր միլիոն դրամի խնայողություններ են նախատեսվում: Չնայած դրան, բյուջետային հատկացումներն առողջապահության և կրթության բնագավառներում ավելացել են: Դա, նախ, պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» օրենքի գործողության մեջ մտնելով, ինչի արդյունքում այդ բնագավառների բյուջետային աշխատողների աշխատավարձերին գումարվելու է նոր հարկը, որը, սակայն, անմիջապես էլ ետ է գանձվելու: Չնչին ավելացումներն էլ նախատեսված են նրանով, որ 2013 թվականին նվազագույն աշխատավարձը 32.5 հազար դրամից դառնալու է 35 հազար դրամ:
http://emedia.am/