Դեպի երջանկություն
Ծովը հանդարտ ծփում էր, ալիքները քնքշորեն շոյում էին ավազը: Նավը դեռ երկար ճամփա պիտի կտրեր ծովի վրայով: Նավի վրա միայն մեծահարուստներ էին, ամենուր պճնված ու զարդարված կանայք` շրջապատված գեղեցիկ ու ճաշակով հագնված տղամարդկանցով: Ողջ նավը պարուրված էր կանացի զրնգուն ծիծաղով: Այս հաճելի իրարանցումից առանձին նավի ամենագողտրիկ անկյունի նստարանին նստած էր մի աղջիկ: Նրա աչքերը տխուր էին, բայց աչքերին էլ ավելի մեծ հմայք էին հաղորդում նրան: Ձեռքի նամակը թաց էր` նրա տաք արցունքներից: Այնքան գեղեցիկ ու սրտաճմլիկ էր նավի անկյունի այս տեսարանը. նստարանին նստած տխուր աղջիկ, ձեռքին` բաց նամակ, իսկ հեռվում` անվերջ ձգվող ծով: Աղջիկը ձեռքից վայր գցեց նամակը, վեր բարձրացավ ու անխոս նետվեց ծովը: Գեղեցիկ էր այդ համարձակ թռիչքը: Նա կարծես ջրի մի կաթիլ էր, որ նետվեց լրացնելու ծովն իր գեղեցկությամբ: Նրա երկնագույն զգեստը փարվեց ծովին, նրանք գրկեցին իրար, աղջիկը ձուլվեց ջրերին ու անհետացավ: Նավի վրա ոչ ոք չզգաց նրա բացակայությունը: Բոլորն ուրախ աղմկում էին: Մի խումբ երիտասարդներ եկան նստեցին այն նստարանին, տրորեցին բաց նամակը: Գողտրիկ անկյունը ևս ձուլվեց նավի ուրախ ֆոնին:
Ծովն ուրախ ծփում էր, աղջիկը գտել էր իր երջանկությունը:
Հեղինակ: Սիմոնյան Էմիլյա, ՀՊՏՀ ԳՄ, Բ/Կ