Երեքշաբթի, 26 Սեպ 17, 08:43

Կարճ մտքերը նրանով են լավ, որ լուրջ ընթերցողին ստիպում են ինքնուրույն մտածել: Լ. Ն. Տոլստոյ

Գլխավոր » Հոդվածներ » Ընդհանուր / Այլ  

Ինտեգրված ուսուցման առանձնահատկությունները և միջառարկայական կապերը տարրական դպրոցում
Ընդհանուր / Այլ | Հեղինակ` Սեդա Բավեյան / Seda Baveyan - E - W Sebave | 30 Դեկ 16 22:11


Տարրական դպրոցում լեզվական քերականական գիտելիքների ուսուցումն իրականացվում է գործնական եղանակով: Գիտական սահմանումներ տրվում են այն չափով, որքանով գործնական վարժությունների հիման վրա աշակերտները հասնում են ընդհանրացումների ու եզրակացությունների: Ուսուցիչն օգնում է նրանց` եզրույթների ճանաչման և խոսքի մեջ դրանց կիրառման օրինաչափությունների գործում: Լեզվի գործնական ուսուցումը կատարվում է ընթերցանության համար նախատեսված` բարբառայնությունից զուրկ, գրական բարձր հայերենով բնագրերի հենքով, որոնք իրենց մեջ պարունակում են անհրաժեշտ քերականական նյութի օրինակներ: Ուսուցիչը չպետք է անտեսի այն հանգամանքը, որ մեր օրերում աշակերտ-գեղարվեստական գիրք կապի խզման (կամ նվազագույնի հասնելու) ցավալի երևույթի պատճառով զգալի անջրպետ է գոյացել գրական և խոսակցական լեզվի միջև: Աշակերտները չեն տիրապետում քերականորեն ճիշտ խոսք կառուցելու պահանջներին: Նրանց խոսքի մեջ իշխող է դարձել ժարգոնային, բարբառային, օտարաբան բառերի օգտագործումը:
Այս առումով էլ, սկսած տարրական դասարաններից, իրականացվում է լեզվի գործնական ուսուցումը: Լեզվական տարբեր իրողությունների ուսումնասիրման նյութ է ծառայում գրական բնագիրը: Դրա մեջ դրսևորվում և փոխադարձ կապերի մեջ երևում են լեզվական տարրերն ու մակարդակները, քերականական առանձնահատկություններն ու օրինաչափությունները: Այսինքն` կազմակերպվում է ինտեգրված ուսուցում, որի ընթացքում միջառարկայական կապերի հանգույցում հանդես են գալիս միմյանց հետ սերտորեն կապակցված երկու առարկաներ` հայոց լեզու և գրական ընթերցանություն[1]:
Նկատելի է, որ գործող դասագրքերում երբեմն քերականական նյութը հրամցվում է ոչ տեղին, այսինքն` ընթերցանության համար նախատեսված այնպիսի բնագրի կողքին, որի մեջ չկան համապատասխան օրինակներ: Ուսուցիչն այս դեպքում պետք է ճկուն կերպով մայրենի լեզվի գործնական ուսուցում իրականացնի այն նյութերի հենքով, որոնցում դրա պայմանները կան: Օրինակ, 3-րդ դասարանում «Կոչական» թեման ոչ մի կապ չունի գրական նյութի հետ: Այնինչ, կան բնագրեր, որոնք հարուստ են կոչականներով: Հենց այս նյութերի ուսուցման ընթացքում էլ աշակերտները գործնական աշխատանք են տանում կոչականի վերաբերյալ` ճանաչելով կոչականը խոսքի մեջ, դրա շարադասությունը, կետադրությունը և կազմության ձևերը: Օրինակ, «Բաղդադի խալիֆը և իմաստուն ծերունին» նյութի ուսուցման ընթացքում ընթերցանության ու հայոց լեզվի միջև միջառարկայական կապ կարելի է ստեղծել հենց կոչականի շուրջ:
Հարցաշար կարելի է կազմել հետևյալ բովանդակությամբ.
1. Ովքե՞ր են հանդես գալիս այս պատմվածքում: /պատասխան` Բաղդադի Խալիֆն ու մի ծերունի/
2. Ինչպե՞ս է կառուցված պատմվածքը: (Պատասխանն ընտրվում է տրված տարբերակներից).
ա/ պատմողական ձևով,
բ/ զրույցի, երկխոսության ձևով,
գ/ նկարագրության ձևով:
Ընտրվում է բ/ տարբերակը, որի շուրջ համառոտ ընթացիկ զրույց է կազմակերպվում` «Ինչ է նշանակում զրույց, երկխոսություն» թեմայով: Աշակերտները հանգում են այն եզրակացության, որ զրույցը երկու և ավելի մարդկանց միջև տեղի ունեցող խոսակցություն է: Այդ ընթացքում նրանք միմյանց դիմում են` անունը , կոչումը կամ հարգալից որևէ դիմելաձև /ծերուկ, երիտասարդ, տիկին և այլն/ նշելով: Դա հարգալից վերաբերմունքի դրսևորում է: Մեկի հետ խոսելիս պետք է նրան դիմել, կոչել անունով կամ քաղաքավարական որևէ այլ դիմելաձևով: Անվանել և կոչել հոմանիշային բառերից էլ կոչական բառն է ծագել /կոչ+ական/:
Այնուհետև ուսուցչի կողմնորոշմամբ` աշակերտները ճանաչում են կոչական հասկացությունը, որի դրսևորումներն են ծերուկ և թագավոր առերը: Գիտելիքներն ամրապնդելու նպատակով ուսուցիչը հանձնարարում է աշակերտներին` գտնել կոչականի գործածության այլ դեպքեր: Հաջորդ առաջադրանքի բովանդակությունը տարբերվում է նախորդներից. կարդալ այն երկխոսությունները, որոնց մեջ բացակայում է կոչականը, և ինքնուրույն ավելացնել համապատասխան կոչական բառը ( աշխատանքային այս ձևը կազմակերպվում է զույգերով):
Առաջադրանք 3. Զույգեր կազմեք, հորինեք 1-2 նախադասությունից կազմված զրույց: Դիմեք միմյանց` գործածելով կոչականներ: Երբ աշակերտները հմտանում են կոչականի կիրառության մեջ, ուսուցիչն անցնում է աշխատանքի հաջորդ փուլին` կոչականի կետադրությանը: Աշակերտները նկատում են, որ ծերուկ բառի վերջին վանկի ու ձայնավորի վրա դրված է շեշտ, և եզրակացնում են. կոչականի վրա դրվում է շեշտ: Ուսուցիչն աշակերտների ուշադրությունը բևեռում է բառակապակցությունների վրա: Կազմակերպվում է խմբային աշխատանք` հետևյալ հարցադրումներով.
ա/ Այդ կապակցություններում ո՞ր բառերն են կոչականները:
բ/ Եթե կոչականն իր վրա շեշտ է ընդունում, ինչո՞ւ շեշտված չեն կոչականները:
 գ/ Ո՞ր բառերն են շեշտված, և ի՞նչ կապ ունեն դրանք կոչականների հետ:
Տրվում է չորս րոպե ժամանակ: Պատասխանների արդյունքում վերջնական ձևակերպում է ստանում հետևյալ միտքը. «Եթե կոչականն ունի լրացում, ապա շեշտը դրվում է այդ լրացման վրա»: Հաջորդ ժամերի ընթացքում ամրապնդվում են գիտելիքները, և աշակերտները ձեռք են բերում նոր տեղեկություններ.
ա/ Կոչականը հիմնականում գործածվում է երկխոսությունների դեպքում կամ ուրիշի ուղղակի խոսքի մեջ:
բ/ Կոչականը կարող է դրվել խոսքի սկզբում:
Կրկնողական վարժությունների միջոցով ձեռք բերված տեղեկությունները վերածվում են հմտությունների, և ուսուցիչն արդեն հանձնարարում է նոր աշխատանք` գրել կապակցված տեքստ կոչականների գործածությամբ: Կարելի է տալ առաջին երկու նախադասությունը` պահանջելով շարունակել, կամ վերջին նախադասությունները` պահանջելով գրել սկիզբը: Աշխատանքային այս ձևով հստակ ընդգծվում է մանկավարժական այն ռազմավարությունը, ըստ որի` գիտելիքներից բացի սովորողի մեջ անհրաժեշւտ է զարգացնել դրանք կիրառելու իրական կարողություններ ու հմտություններ, ընդգրկել նրան ճանաչողական գործունեության մեջ և ուղղորդել նրա ներքին ուժերն ու հնարավորությունները:
Ինտեգրված դասի ընթացքում աշակերտների որոնողական և համագործակցային աշխատանքային ձևերն ավելի ակտիվ բնույթ են կրում: Ինտեգրված առարկաների և դրանց փաստացի նյութի շուրջ կատարվող աշխատանքները բխում են բնագրի բովանդակությունից, թեմայից, լեզվից[2]:
Հասկանալի է, որ տարրական դասարանների աշակերտները լիովին ի վիճակի չեն լինի գտնելու հարցաշարերում առաջադրված բոլոր հարցերի պատասխանները: Այս դեպքում համագործակցված աշխատանքը կրելու է աշակերտ ծնող, աշակերտ տեղեկատվական, գիրք, աշակերտ ուսուցիչ, աշակերտ աշակերտ զույգերով կամ խմբային կիրառության ձևը: Միջառարկայական կապերի ինտեգրումը մայրենի լեզվի ուսուցչին հնարավորություն է ընձեռում լրացնել աշակերտների գիտելիքների պակասը` պատմությունից, հայրենի բնությունից, երաժշտությունից ու նկարչությունից: Ուսուցման այս ռազմավարությունը նպաստում է աշակերտեների բազմաբնույթ մտածողության զարգացմանը: Նրանց առջև լայն հնարավություն է ստեղծվում առարկաների միջև առկա կապերի ցուցադրմամբ հաղորդակցվել գիտության ու կյանքի տարբեր բնագավառների զանազան երևույթներին, պատճառահետևանքային կապերին և օրինաչափություններին: Այդ ճանապարհով նրանք աստիճանաբար վարժվում են ինքնուրույն աշխատանքի, որը կարևոր ուղենիշ է դառնալու` նրանց հետագա ամբողջ կյանքի ընթացքում շարունակական կրթության խոչընդոտները հաղթահարելու, ինքնուրույն ուսուցման, կատարելագործման ու բազնակողմանի զարգացման առումով: Քիչ չէ այն ուսուցիչների թիվը, ովքեր գերադասում են աշխատել միայն ավանդական մեթոդներով: Նրանք դժվարությամբ են ընդունում բարեփոխումներով պայմանավորված նորը: Ոչ ոք չի կարող հերքել, որ մեծ են մեր ուսուցչապետերը` Մ. Մաշտոցից մինչև Խ. Աբովյան, Ղ. Աղայան, Լ. Շանթ, Մանդինյան, Հ. Օշական, Ստ. Լիսիցյան, Ա. Տեր Գրիգորյան և ուրիշներ, և նրանց ավանդած մեթոդները, հիրավի, ընդունելի են: Սակայն այդքան հզոր թիկունք ունենալը չի նշանակում առաջ չնայել: Դարձյալ վկայակոչենք Պ. Սևակին. «Ժամանակն է, որ մենք հասկանանք և մեկընդմիշտ հիշենք, որ Թումանյանն ու Իսահակյանը մեր թիկունքն են, մեր մեջքը, մեր հետևապահ զորագունդը»:
 
[1] Կառուցողական կրթության հիմունքները և մեթոդները (ձեռնարկ ուսուցիչների համար), Ե.- 2004., էջ 42
[2] Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ (ԵՊՄՀ գիտական հոդվածների ժողովածու), Ե.-2007., էջ 95


Աղբյուր: http://diplom.am
view 3025 | date 0.0/0 | date Ինտեգրված, դպրոցում, տարրական, առանձնահատկությունները, ուսուցման, կապերը, միջառարկայական

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել